Խոցված ուղղաթիռն ու պատերազմի վերսկսման հնարավորությունը


Ադրբեջանի հերթական ու աննախադեպ սադրանքի`` Ղարաբաղում զորավարժությունների ընթացքում Հայկական զինուժի ուղղաթիռը խոցելը նոր իրավիճակ առաջացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Միջազգային համապատասխան կառույցների, հզոր տերությունների հայտարարություններում դիվանագիտական ձևակերպումների տողամեջերում սովոր աչքը կնկատեր, որ դրանք հեղինակած երկրներից յուրաքանչյուրը փորձում էր այդ հերթական արյունոտ միջադեպն իր շահին ծառայեցնել: Իսկ հայ հանրությանն անհանգստացնում էր ամենակարևոր հարցը` անխուսափելի՞ է դառնում պատերազմի վերսկսումը:

Հարցադրումը ամենևին խուճապի ազդեցություն չէ. ռազմական գրեթե բոլոր մասնագետները` անկախ ազգային պատկանելությունից, պնդում են, որ ռազմական ուղղաթիռի խոցումը հսկայական պատասխանատվություն է առաջացնում: Վիճակը առավել սրվում էր այն հանգամանքով, որ ուղղաթիռը զինված չի եղել, ինչը ապացույց է, որ այն մտադրված չի եղել հարձակվել: Տպավորություն էր ստացվում, թե Ադրբեջանը այսպիսով ցանկանում է որևէ մեկին ապացուցել, որ ազատագրված Ղարաբաղում դրության տերն ինքն է, որ Ղարաբաղն ամենևին էլ ազատագրված չէ, ու ցանկացած պահի ինքը կարող է վերականգնել Ղարաբաղի նկատմամբ իր իրավունքները, որ…

Մի խոսքով` Ադրբեջանի նախագահն, ինչպես ասում են, իրեն իր երազած տղայի տեղն էր դրել: Մնում էր` մենք էլ հավատայինք: Բայց կարծես ի պատասխան Ալիևի, Սերժ Սարգսյանը հաջորդ օրն ժամանեց Արցախ` ռազմական ուղղաթիռով: Իսկ Ադրբեջանը Ղարաբաղը հայտարարել էր ոչ թռիչքային գոտի և զգուշացրել, որ կկործանի այդ տարածքով անցնող բոլոր օդանավերն ու ուղղաթիռները: Հետաքրքիր է` Ալիևը Սերժ Սարգսյանի` ուղղաթիռով Արցախում վայրէջք կատարելուց հետո իրեն ում կամ ինչի տեղում զգաց…

Այս ամենից զատ, զայրացուցիչ է, որ ուղղաթիռը խոցողին պարգևատրել են: Ստացվում է` Ադրբեջանում սովորույթ, թե բնավորություն է անմեղ մարդուն հանկարծակիի բերելով սպանելը: Այդպես` որպես սովից կատաղած բորենի, քնած մարդուն կացնահարած ադրբեջանցին Բաքվում հերոսի կոչում ստացավ, հիմա էլ ուղղաթիռն հետևից խոցածին են մեդալ տվել: Ո՞րն է տարբերությունը: Պատերազմի վերսկսման համար անհանգստացողին խուճապային տրամադրություն առաջացնելու մեջ մեղադրելը դժվար է: Նման բան հրահանգողը պետք է կամ վստահ լինի իր երկրի անպարտելիության մեջ, կամ` խելապակաս: Իսկ եթե ավելի լուրջ` թերևս պատերազմի վերսկսմանը նպաստող և դրա զսպման գործոնների հարաբերակցությունը հաշվարկելու կարիք կա:

Ակներև է, որ Իլհամ հեյդարօղլին ցանկանում է հոր նման իշխել ողջ կյանքում, ինչի համար հարկ է, որ երկիրը խաղաղ լինի: Իսկ պատերազմը կարող է վտանգել իշխանությանը, քանի որ դրա ելքը ներկայիս ռազմատեխնիկական հագեցվածության պայմաններում հայտնի լինել չի կարող:

Իսկ հաղթանակի համար անհրաժեշտ կլինի չափազանց մեծ գերակշռություն ունենալ` թե´ մարդկային ուժի, թե´ տեխնիկայի թվի և որակական տեսակետից: Ընդ որում, Ադրբեջանը քանակական առումով մի անգամ գերակշռություն արդեն զգացել և պատերազմ սկսել է: Այն ժամանակ հայերը կարգին ինքնաձիգ անգամ չունեին, բայց Ադրբեջանը հետո ստիպված էր զինադադար մուրալ: Այնպես որ…

Միջադեպի հաջորդ օրը Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ պատգամավորական խմբակցության քարտուղար Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆՆ անդրադարձավ սադրանքին` նաև պատասխանելով դրան առնչվող հարցերին:

- Մեր հարևանի քաղաքականությունը դարերի ընթացքում չի փոխվել. անընդհատ լարվածություն է ստեղծել, անընդհատ խոսել ուժի դիրքերից, անընդհատ փորձել միջազգային հանրությանը ապացուցել, որ ինքը դրության տերն է, և Ղարաբաղը իր տարածքն է: Հակազդեցությունը այս անգամ գոնե պետք է տարբերվի: Ես շատ չեմ հավատում միջազգային համապատասխան կառույցների համարժեք արձագանքին, որովհետև տարիների ընթացքում նաև սա ենք տեսել` դարձյալ կողմերին կոչ են անում լարվածությունը չսրել: Ես կարծում եմ` առաջին հերթին հսկայական անելիք ունի մեր արտգործնախարարությունը` առնվազն իր պարտականությունները կատարած չլինելու առումով: Բնականաբար, ամենագլխավոր խնդիրը Ղարաբաղի պաշտպանության բանակի անելիքն է: Մենք գաղտնիք չունենք. սա համահայկական խնդիր է, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է կարողանան միասնական արձագանք ունենալ: Մինչև հակառակորդը չզգա, որ մեկի դեմ տասնապատիկ պատժվում է, այս սադրանքները շարունակվելու են: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է: Տարիներ շարունակ մենք դիվանագիտական ճանապարհով փորձում ենք ապահովել խաղաղ ինքնաթիռների թռիչքը, Ղարաբաղի օդակայանի գործարկումը... Հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով: Ցանկացած թուլության նշան, ցանկացած զիջումի պատրաստակամություն կհանգեցնի նրանց կողմից իրավիճակը բազմապատիկ սրելու և հոխորտալու քաղաքականության: Մենք մի տեղ պետք է իսկապես հասկանանք, որ որքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ուղղված է խաղաղ կարգավորմանը, ուղղված է միջազգային հանրության հետ աշխատելուն, բայց դա չի կարող հավերժ լինել: Պետք է հակառակորդին համարժեք պատասխան տալ:

- Ամռան փորձը ցույց տվեց, որ մեկին` տասը պատասխանի դեպքում էլ Ադրբեջանը չի հասկանում:

- Ես կարծում եմ, որ մեկին` տասը ձևակերպմանը համապատասխան պատասխան մինչև այժմ մենք չենք տվել: Այո, ամռան սադրանքների ժամանակ նրանք բավական տուժեցին, տասնյակ զոհեր ունեցան, բայց զսպման մեր քաղաքականությունը դեռևս արդյունավետ չէ: Ակնհայտ է, որ փուլերով սրացում-հանդարտեցումը մեզ որևէ տեղ չի տանելու: Ես կարծում եմ, որ մենք մի կետում պետք է դնենք մի սահման, իսկապես արդյունավետության մասին պետք է խոսենք: Մենք չենք կարողացել միջազգային հանրության հետ այնպես աշխատել, որ Ղարաբաղում ապրող մարդկանց տարրական իրավունքների պաշտապանության խնդիրները պարտադրենք նաև իրենց` միջազգային հանրությանը: Այստեղ է մեր արտգործնախարարության հիմնական թերությունը:

- Այս միջադեպը կարո՞ղ է արդյոք հիմք ծառայել` ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի առաջարկության թեմայով ՀՀ ԱԺ-ում քննարկում սկսելու համար:

- Այստեղ խնդիր մենք ունենք: Փաստորեն այս ամբողջ ընթացքում բոլոր բանակցությունների, փոխզիջումների սահմանները քննարկվել են մարդկանց շատ սահմանափակ շրջանակում: Ինչ-որ առումով սա բնական է: Բայց քսան տարիների ընթացքում որևէ լուրջ զարգացում այս առումով չունենք: Հանրությունը, առնվազն քաղաքական ուժերը գոնե մոտավոր ընդհանուր պատկերացում պետք է ունենան լուծման վերաբերյալ: Կարծում եմ` այդպիսի քննարկման անհրաժեշտություն կա: Ի վերջո, ձևավորելու մեր պատկերացումը Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ: Իսկ դուրս բերել ողջ բանակցային գործընթացը ստվերից` համաձայն չեմ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ