Ջրօրհնյաց խաչը սահմանում


Սուրբ ծննդյան օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողության խաչի այս տարվա կնքահայրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Եվ ինչպես ուխտել էր Պաշտպանության նախարարը, բացի իր փոքրիկ օջախից, խաչը պետք է գտնվեր նաև իր «մեծ տանը»` ազգային բանակում: Կիրակի օրը «Խաչի ճանապարհ» խորագրով միջոցառումը մեկնարկել է Պաշտպանության նախարարությունից: ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը Ջրօրհնյաց խաչը հասցրել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Մարտական հենակետում Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար խաչի զորությամբ աղոթք է հղվել առ Աստված: Բանակի հոգևոր առաջնորդի հավաստմամբ` խաչը կլինի նաև սահմանամերձ այլ զորամասերում, ինչից հետո կտեղափոխվի Մայր աթոռ: Հենակետում, որտեղ պետական սահմանի տվյալ հատվածի անվտանգությունն են ապահովել պայմանագրային զինծառայողները, Սեյրան Օհանյանը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել է մարտական հերթապահության կազմակերպմամբ, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, ինչպես նաև ծանոթացել է մատուցվող սննդի որակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Մարտական հենակետում պաշտպանության նախարարը հանձնել է նաև խրախուսական նվերներ: