«Հատուկ ստորաբաժանում»


Լիբիացի ապստամբների այդ գումարտակում ռազմական հմտություններ են ձեռք բերում 7 տարեկան տղաները: Ահա նաև այս կերպ են համալրում իրենց բանակը: Եվ զենքի հետ բարեկամացած մանչուկները քայլում են ժպիտը դեմքերին, ինքնաձիգներն առաջ պարզած` անկեղծորեն կարծելով, թե պատերազմը զվարճալի խաղ է: Այդուհանդերձ, նրանց մեծ մասն արդեն իսկապես յուրացրել է ռազմական գործի այբուբենը և դարձել են իսկական զինվորներ: Իհարկե, նրանք դեռ չեն մասնակցում մարտերին, սակայն փորձառու զինվորականներից կրակել ու նռնակներ պայթեցնել են սովորում: Փետրվար ամսից շարունակվող մարտերում ապստամբների բանակը մեծաքանակ կորուստներ է ունեցել, և նրան անհապաղ համալրում է անհրաժեշտ: Մանավանդ` նրանք հայտարարել են, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ` քանի դեռ միապետ Քադաֆին չի հեռացել երկրի ղեկավարի պաշտոնից: Հիշեցնենք, որ հունիսի վերջին Միջազգային քրեական դատարանը որոշել է ձերբակալել Մուամար Քադաֆիին, նրա որդի Սաիֆ ալ¬Իսլամին և հետախուզության ղեկավար Աբդուլլա աս-Սենուսիին: Ինչպես լինում է նման դեպքերում` նրանց 3¬ին էլ կասկածում են մի շարք հանցավորությունների, այդ թվում` մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: