ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արամայիս ՍԱՀԱԿՅԱՆ. գրող, երգիծաբան, «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր «Մարդը մի տիեզերք է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ամեն ինչն է դժվար: Ոչ մի բան հենց այնպես չի տրված, որովհետև Աստված ասել է. «Մարդ, դու քո ճակատի քրտինքով պետք է հացդ վաստակես: Ուղղակի` եթե աշխատում ես, գործը կարվի, թե չէ, որ սպասեցիր` երկնքից մանանա չի ընկնելու: Դրա համար էլ, քանի որ 2009 թ. ցուլի տարի է, ես ժողովրդին ասում եմ. Մի եղեք ծույլ Այլ եղեք ցուլ: Կամ էլ. Թող որ լինի ցուլի տարի Ոչ թե քաղցած ուլի տարի, Ժողովրդի ձայնի հանդեպ` Թող չլինի խուլի տարի: Այսինքն` ժողովրդի ձայնը լսելի լինի: Դա էլ դժվար է. մարդ պետք է կարողանա լսել: Բոլորն ուզում են խոսել, ոչ ոք չի ուզում լսել: Ասողիկ քահանան ասում է. «Ասողիկ շատ կա, լսողիկ չկա»: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեք լինել: - Նախ` արդեն նախընտրել եմ հայ լինել, երկրորդ` ժողովուրդը մեծ է ոչ թե իր քանակով, այլ` որակով: Մենք չկարողացանք աշխարհին ցույց տալ, թե ինչ մեծ մշակույթի տեր ժողովուրդ ենք: Եվ այսօր, այսպես ասած, համաշխարհային արենայում չունենք այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Դանթեն, Շեքսպիրը, Բալզակը, Դոստոևսկին, Տոլստոյը կամ Պուշկինը: Օրինակ` Նարեկացին իր էությամբ, երևի, մեծերի մեծն է, բայց չկարողացանք ինչպես հարկն է թարգմանել: Բացի այդ, Նարեկացիով մեզանում սկսեցին զբաղվել վերջին 50 տարիներին: Մինչ այդ, նույնիսկ վախենում էին` համարելով կրոնական գրականության նմուշ: Թեև «հայի չափը չափազանցն է», ինչպես ասել է Դերենիկ Դեմիրճյանը, բայց ես հայ եմ ծնվել: Նույնիսկ մի բանաստեղծություն եմ գրել, որը երգի վերածվելով` մրցանակ է շահել. «Ես քո զավակն եմ Հայաստան, Դրա համար եմ հայ այսքան»: Ինձ համար համակրելի են իսպանացիները` իրենց տաքարյունությամբ, ֆրանսիացիները` բարեկրթությամբ ու նրբազգացությամբ: Կարող են ժպտալ իրենց ցավի մեջ անգամ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, որ այժմ կբարձրաձայնեիք: - Ճիշտն ասած, գրողը չպետք է գաղտնիք ունենա, որովհետև նա, ի տարբերություն դիվանագետների` իր սրտի եղածն ասում է: Թերևս տուժում էլ ենք իհարկե, ինձ երբեմն ասում են. «Ա°յ մարդ, այդ ինչ համարձակն ես, ինչ մտածում, ասում ես»: Այդուհանդերձ, ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել. ոչ թե զգուշանալով, այլ նրբանկատությունից ելնելով: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Առեղծվածային է մարդը, որովհետև, եթե ուշադիր նայես` կտեսնես, որ նրա մեջ բոլոր կենդանիները կան: Կա մարդ, որ առյուծ է` և ոչ միայն առյուծ: Պատահում է կյանքում, որ առյուծ ես լինում, բայց ստացվում է` դառնում ես աղվես, կամ քեզ արծիվ զգալով` հանկարծ դառնում ես վախկոտ նապաստակ: Կան չէ՞ օձ, կարիճ, բորենի, գայլ մարդիկ, բայց կենդանիների մեջ մարդ չես գտնի: Մարդը կենդանական աշխարհի հավաքական գլուխգործոցն է: Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մի անգամ ասաց. «Գիտե՞ս, որ Դարվինը ճիշտ էր. մարդը կապիկից է առաջացել»: Ասում եմ. «Իսո ջան, արդեն ապացուցվել է, որ մարդը կապիկից չի առաջացել»: Համառում է. «Չէ, Դարվինը տեսավ, թե իր շրջապատում և աշխարհում մարդիկ ինչքան կապիկություններ են անում և ենթադրեց, որ մարդը կապիկից է առաջացել»: Այնպես որ մարդը մի տիեզերք է: Իհարկե, տիեզերքի առեղծվածներն էլ ինձ հետաքրքրում են: Միայն մի բան. անսահման տիեզերք` դա արդեն խելագարվելու պես մի բան է: Եվ ինչո՞ւ պետք է անսահման տիեզերքում միայն այս աննշան մոլորակում կյանք լինի: Կյանքի այնքա¯ն տեսակներ կան` տեսանելի, բայց մեզ համար անհասանելի: Տիեզերական անսահմանությունն էլ առեղծված չէ՞: Օրինակ` քանի տարեկան է Հիսուս Քրիստոսը. գրեթե 33 տարեկան 2 օրական, որովհետև, այնտեղ, որտեղ որ նա հիմա գտնվում է, մեր կյանքի հազար տարին մեկ օր է հաշվարկվում: Առեղծվածները շատ են, բայց տիեզերքից էլ ավելի առեղծվածային է մարդ արարածը: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Իմ կյանքում տեղի են ունեցել երևի 10.000-ից ավելի զավեշտալի դեպքեր, որոնց մասին ես 12 տարի` «Ծիծաղի տուն» հեռուստահաղորդման 1300 թողարկումների ընթացքում խոսում եմ: Ուրեմն` Ծաղկաձորից գալիս էինք` Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանի հետ: Ավտոտեսուչը կանգնեցրեց, վարորդը դուրս եկավ, թե. «Ամո°թ է, ամո°թ, Կոտայքի թեմի առաջնորդն է»: Ոստիկանն էլ պատասխանեց. «Կոտայքը ինչ թիմ է, որ առաջնորդ էլ լինի, փողը տվեք, պրծեք»: Ստիպված դուրս եկա, ճանաչեց և փոխանակ ասի` «Պարոն Սահակյան, մենք շատ ենք հարգում Ձեր աշխատանքը», ասաց. «Պարոն Սահակյան, ամբողջ ոստիկանությունը շատ է հարգում Ձեր հիշատակը»: Վերջերս բավական մարմնեղ մի կին էր եկել խմբագրություն: Կատակով ասացի. «Ուզում եմ քեզ գրկել»: Ասաց. «Պարոն Սահակյան, խնդրում եմ հարգեք իմ տարածքային ամբողջականությունը»: Պատասխանեցի. «Ես հարգում եմ քո տարածքային ամբողջականությունը, բայց դու էլ հարգիր իմ ինքնորոշման իրավունքը»: Նույնիսկ մեկ այլ կին էլ երեկոյան զանգահարել էր մեր տուն. «Ծեր կին եմ` 90 տարեկան: Նախագահի բջջայինի համարը չես տա` հետը մեկ-մեկ զրույց անեմ»: Համենայն դեպս, ես շատ եմ սիրում ժողովրդական սրտաբաց կատակները: Ժողովուրդն էլ, ճիշտ է, դիվանագիտություն ունի, բայց սիրում է հումորը: Օրինակ` 10 օր առաջ գնացել էինք Նորաշեն գյուղ. մի մարդ տանիքին կանգնած ալեհավաքն էր ուղղում: Մեկ էլ հարևանն ասեց. «Մեր տան կողմը մի ուղղիր անտենադ. կինս հաճախ է լողանում, կերևա»: Կամ էլ` Արարատի մարզի ճանապարհին մի մարդ գնում էր ավանակի հետ և մեր ընկերներից մեկը դիտավորյալ հարցրեց. «Պապիկ ջան, էշդ իգակա՞ն սեռի ներկայացուցիչ է», նա էլ թե. «Հա տղա ջան, դեռ էգ է, եթե ուզում ես ամուսնանալ` փեսա ջան, հարց չկա»: Այսինքն` ժողովուրդը տեղն ու տեղը գտնում է համապատասխան հումորը: - Մանկության այն հուշը, որը մինչ հիմա ուղեկցում է Ձեզ: - Առաջին դասարանում առաջին օրը դպրոցում խելոք նստեցի մեկ դարակ ունեցող նստարանին: Հաջորդ օրը` երկու դարակ ունեցող նստարանին և դասի ժամանակ ասացի. «Վա¯յ, երկու տունիկ»: Ուսուցչուհին մի հատ այնպիսի ապտակ հասցրեց, որ թողեցի ու այդ տարի այլևս դասի չգնացի: Մյուս տարի էլ այբբենարանը դպրոցում մի օրինակ էր: Իմը տվել էի հարևանի տղային, նա էլ պատռել էր: Ու ես` ինչ մի լաց էի դրել, ողբերգություն էի դարձրել, որ Աստված երևի մտածեց. այդքան որ լաց ես լինում, թող վերջում ծիծաղես ու ծիծաղեցնես:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ