ՉՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ


Եթե հարցնենք, թե որքան գումար է անհրաժեշտ գոյության նվազագույն միջոցներ ապահովելու համար, մեր հասարակության անդամները տարբեր թվեր կնշեն: Պատկերացումներն են տարբեր: Իսկ պաշտոնական տվյալները, որոնք սովորաբար իրականությունից այնքան էլ հեռու չեն լինում, 170 դոլար կամ 62-63 հազար դրամ են հաշվարկել: Ոմանց համար, իհարկե, դա էլ քիչ է, սակայն խնդիրն այն է, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված այդ գումարն էլ չի ունենում ամեն ամիս: Հայաստանում միջին կենսաթոշակը 27-28 հազար դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը` 32.500: Նշված գումարը փոքրիշատե մոտ է միայն 35,4 հազար դրամ հաշվվող պարենային զամբյուղին: Զուտ թվերի համեմատությունը կարող է տպավորություն ստեղծել, թե աղքատությունը մոտ է հաղթահարվելուն, բայց իրականում ներկայացվող թվերի անհամամասնությունը նույնպես մտահոգիչ է: