ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ


 

պատմվածք

Ֆարիդ Գուրգենի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանասեր, զինվորական, թարգմանիչ, բառարանագիր, գրող, սցենարիստ, աստվածաբան

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

25 տարի ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: Ներկայումս ռազմագիտություն է դասավանդում Երևանի Ա. Շավարշյանի անվան N 40 դպրոցում:

Հեղինակ է բազմաթիվ գրքերի` բառարաններ, հանրագիտարաններ...

Ֆ. Գրիգորյանը հեղինակ է նաև հոգևոր թեմաներով գրքերի, որոնց մի մասն անտիպ են` «Աստվածաշնչի հանրագիտարան» (12 հատոր), «Աստվածաշունչը և հայ իրականությունը», «Հիսուս. կյանքը և գործունեությունը 4 ավետարանների հենքի վրա», «Եկեղեցական խորհուրդներ»:

Տպագրության է պատրաստ «Դիակը ցուցմունք է տալիս» վիպակի հիման վրա 85 սերիանոց ֆիլմի սցենարը: Արժեքավոր թարգմանություններ է կատարել լեհերենից (Բ. Պրուս «Անիծված երջանկություն) և ռուսերենից («Սառցահատը»):

Գարուն էր: Ապրիլի սկզբները: Այստեղ-այնտեղ ծաղկած ծիրանիներն ու բալենիներն աչք էին շոյում: Մարդիկ նայում էին բնության հնարքներին ու հիանում:

Երեկո էր: Բարձրահարկ շենքի միակ մուտքը երիտասարդ մի զույգ մտավ: Վերելակով բարձրացան վերջին հարկ: Սեղմեցին նախ աջ, ապա ձախ կողմի բնակարանների դռան զանգերը: Բացող չեղավ: Եվ այսպես, հարկ առ հարկ ոտքով իջնելով, նրանք զանգեցին ու բախեցին բոլոր դռները: Մի տեղ բացեցին, ներս հրավիրեցին, մեկ այլ տեղ կոպիտ պատասխան տվեցին ու ճանապարհեցին, մի երրորդ տեղում նայեցին անցքից ու դուռը չբացեցին, մի չորրորդում…

Այսպես նրանք իջան մինչև երկրորդ հարկ: Նախ ձախակողմյան դուռը ծեծեցին:

- Ո՞վ է,- լսվեց ներսից կանացի մի ձայն:

- Մենք ընտրական տեղամասից ենք: Ընտրողների հաշվառում ենք անցկացնում: Կարելի՞ է:

Դուռը կիսաբացվեց: Համոզվելով, որ այս զույգից բացի ուրիշ մարդիկ չկան, կինը ներս հրավիրեց:

Երիտասարդը ներկայացավ, ապա հարցրեց.

- Ձեր բնակարանում քանի՞ ընտրող կա:

- Երեք. ես, ամուսինս ու աղջիկս: Տղաս բանակում է:

- Շատ լավ,- ասաց երիտասարդը,- ձերոնց անձնագրերը կարո՞ղ եք բերել:

Ու ինչ-որ ցուցակներ շարեց սուրճի սեղանիկի վրա:

Կինը գրապահարանի մի դարակից հանեց անձնագրերն ու տվեց: Աղջիկը մեկ առ մեկ բացեց, համեմատեց իրենց ունեցած ցուցակների հետ, ինչ-որ նշումներ արեց, վերադարձրեց.

- Շնորհակալություն: Մի հարց էլ ունենք. ո՞ւմ պիտի ընտրեք:

Կինը վարանեց:

- Դեռ չեմ կողմնորոշվել: Թեկնածուներն այնքան շատ են և այնքան լավ խոստումներ են տալիս, որ եթե հնարավորություն ունենայի` բոլորին էլ կընտրեի:

Երիտասարդը ծիծաղեց:

- Շատ դիպուկ ասացիք: Մենք առաջարկում ենք ընտրել մեր թեկնածուին, որն ընտրացուցակում հինգերորդը կլինի: Եվ դրա համար մենք ձեզ կտանք տասը հազարական ռուբլի` յուրաքանչյուր ընտրողի համար: Ձեզ մոտ երեք անձ կա, ուրեմն` երեսուն հազար: Այսօրվա պայմաններում սա էլ ընտանիքը պահելու միջոց է:

- Հիմա եք տալո՞ւ,- հարցրեց կինը:

- Ո´չ: Մենք նշեցինք ձեր տվյալները: Ընտրությունից տասն օր առաջ մենք նորից կհանդիպենք ու գումարը կտանք: Համաձա՞յն եք:

- Այո:

- Այդ դեպքում ստորագրեք ձեր և ձեր ընտանիքի անդամների փոխարեն:

Կինը ստորագրեց:

- Իսկ չե՞ք ասի, ձեր դիմացի հարևանը տա՞նն է:

- Գայանե՞ն: Տանն է: Գնանք, ես ձեզ հետ կգամ:

Դուրս եկան աստիճանահարթակ: Կինը սեղմեց դռան զանգի կոճակը:

- Ո՞ւմ եք ուզում,- հարցրեցին ներսից:

- Ես եմ, Գայ ջան, Սրբուհին: Բաց արա:

Երկաթյա դուռը ճռնչալով բացվեց: Լայն միջանցքում ձեռքերը կողքերին կանթած կանգնած էր մոտ քառասունհինգ տարեկան Գայանեն ու հարցական նայում էր հարևանուհուն:

- Քեզ հյուրեր եմ բերել: Մեր ընտրական տեղամասից են:

- Ներս մտեք:

Սրբուհու հետևից բնակարան մտավ նաև զույգը: Աղջիկը ոտքը նոր էր ներս դրել, երբ սայթաքեց ու հազիվ կարողացավ իրեն պահել, որ չընկնի: Երիտասարդը հասցրեց բռնել նրան:

- Կներեք,- ասաց Գայանեն,- սպասուհին այնքան է փայլեցրել, որ չենք կարողանում կարգին քայլել:

Իսկապես հատակի այն մասը, որ ծածկված չէր գորգով, հայելու նման փայլում էր:

- Խնդրեմ, հանեք ձեր կոշիկները, հողաթափեր հագեք. դրանք չեն սահում:

Զույգը կոշիկները հանեց, հողաթափեր հագավ և իրար ձեռք բռնած առաջացավ: Հյուրասենյակում նստեցին առաջարկված գահավորակներին ու շուրջը նայեցին. իսկապես հարուստ կահավորանք էր, ճոխ պաստառներով ու բազմաթև ոսկեգույն ջահով:

Երիտասարդը սթափվեց. հարկ էր խոսել գործի մասին:

- Մենք ձեր ընտրատարածքից ենք և եկել ենք հաշվառելու բոլոր ընտրողներին:

- Իսկ դրա կարիքը կա՞,- հարցրեց տանտիրուհին:

- Անշուշտ: Մենք վկա ենք եղել այնպիսի արտառոց դեպքերի, երբ մարդը վաղուց մահացել է, իսկ նրա անունը դեռ ընտրացուցակների մեջ է:

- Յա˜... Իսկապես, լավ բան չէ,- ասաց Գայանեն:

Երիտասարդը ոգևորվեց.

- Ներկայացրեք խնդրեմ, ձեր ընտանիքի անդամների անձնագրերը: Մենք կհամեմատենք մեր ցուցակների հետ:

Տանտիրուհին ուղղվեց դեպի վերջին ոճով պատրաստված գրադարակների շարքը, որը բազմաթիվ գզրոցներ ու դռնակներ ուներ և որոնցից յուրաքանչյուրի վրա մի բանալի կար դրված:

Մինչ Գայանեն անձնագրերն էր հանում, Սրբուհին հարցրեց.

- Ինչ նման եք իրար: Քույր և եղբա՞յր եք:

- Ո´չ,- քմծիծաղեց երիտասարդը,- բոլորն էլ նույն բանն են հարցնում: Մենք ամուսիններ ենք:

- Որտե՞ղ է դրել,- ինքն իրեն քրթմնջաց Գայանեն, ապա չորս անձնագրերը տվեց երիտասարդին:

- Գիտե՞ք, ամուսնուս անձնագիրը չգտա,- ասաց,- միգուցե տարել է իր հետ:

- Իսկ պատճենը չունե՞ք:

- Չգտա:

- Լավ, մենք երկու օրից նորից կգանք:

Ու սկսեցին իրենց աշխատանքը:

- Սուրճ կխմե՞ք,- հարցրեց Գայանեն:

- Չենք հրաժարվի,- ասաց աղջիկը:

Տանտիրուհին խոհանոց մտավ: Քիչ անց դուրս եկավ սուրճի չորս բաժակներով, դրեց փոքր խաղասեղանի վրա, կոնֆետի տուփը բացեց ու սպասքապահարանից հանեց կոնյակի շիշը:

- Կոնյակ կխմե՞ք,- հարցրեց երիտասարդին:

- Օ˜, ոչ, շնորհակալություն, մենք աշխատանքի մեջ ենք, մեզ չի կարելի:

- Էհ, մենք աշխատանքի մեջ չենք, մեզ կարելի է,- ասաց Գայանեն ու մի լիքը բաժակ էլ տվեց Սրբուհուն:

Աղջիկը վերջացրեց իր աշխատանքը, անձնագրերը վերադարձրեց տանտիրուհուն` ասելով.

- Մեր այցելության նպատակներից մեկն էլ ընտրողների տրամադրությունների ճշտումն է: Դուք արդեն գիտե՞ք, թե ում եք ընտրելու:

Տանտիրուհին նստեց կարճ օթոցի վրա:

- Ամուսինս նախարարի աշխատակազմի ղեկավարն է, և նախարարն ում մատնացույց անի, նրան էլ կընտրենք:

- Շատ հաճելի է լսելը,- ասաց աղջիկը,- մենք առաջարկում ենք ընտրել այն թեկնածուին, որը ընտրացուցակում հինգերորդը կլինի: Եվ դրա համար առաջարկում ենք տասհազարական դրամ` յուրաքանչյուր ընտրողի համար: Ընտրությունից տասն օր առաջ մենք հիսուն հազարը կհանձնենք ձեզ: Հուսով ենք, որ մեր թեկնածուն կլինի հենց նա, ում մատնացույց կանի ձեր նախարարը:

- Իսկ եթե չհամընկնի՞:

- Աղջի Գայան, արի խոհանոց, բան եմ ասում,- հարևանուհու թևից քաշեց Սրբուհին:

- Լսիր, ի՞նչ նշանակություն ունի, կհամընկնի՞, թե՞ չէ: Քո համաձայնությունը տուր, փողը վերցրու. հիսուն հազարը մի տեղ պետք կգա: Երբ ընտրելու կգնաս, ընտրիր նրան, ում կցանկանաս: Հո չե՞ն գալու ստուգեն` հինգ համարին ընտրեցի՞ր, թե չորրորդ կամ վեցերորդ:

- Ինչի, այդպես կարելի՞ է. բա որ Բարսեղն իմանա: - Եթե դու չասես, Բարսեղը որտեղի՞ց պիտի իմանա:

- Համոզեցիր:

Ներս մտան հյուրասենյակ, և Սրբուհին գլխով արեց. համաձայն է:

- Ստորագրեք, խնդրեմ, այստեղ ու այստեղ: Վաղը չէ մյուս օրը նորից կայցելենք ձեր ամուսնու անձնագրի համար: Լավ կլինի պատճենահանեք: Իսկ ընտրություններից տասն օր առաջ դրամը կբերենք: Շնորհակալություն հյուրասիրության համար: Ցտեսություն:

Երիտասարդ զույգը հանգրվանեց մոտակա սրճարանում:

- Այսօր հիանալի աշխատեցինք, չէ՞,- ասաց երիտասարդը:

- Վատ չէր: Լսիր, Արսեն, ինչո՞ւ ասացիր, թե ամուսիններ ենք: Ես չուզեցի որևէ բան ասել, բայց… ի՞նչ է, ինձ ամուսնության առաջա՞րկ ես անում:

- Ի՞նչ վատ կլինի որ, Գոհար ջան: Վերջիվերջո երկուսով հիանալի ընտանիք կկազմենք: Համաձայն չե՞ս:

- Իհարկե, ամուսնության առաջարկն այդպես չեն անում,- մի փոքր կոտրատվեց Գոհարը,- բայց որ ասում ես…

Ամբողջ օրը ոտքի վրա լինելով, չէին հասցրել որևէ բան ուտել` չհաշված Գայանեի հրամցրած շոկոլադն ու սուրճը: Երբ մի քիչ հագեցան, Արսենն ասաց.- Տեսա՞ր ինչ կահկարասի ունեին: Լավ էր` չընկար, թե չէ ատամդ անպետք ոսկոր էր դառնալու:

- Տեսա: Շատ լավն էր: Ամուսինը նախարարի աշխատակազմի ղեկավարն է: Հիմա, երևի, մի տոննա փող կունենան, չէ՞:

Գոհարը չնկատեց, որ իր հարցով Արսենի գլխում այլ մտքեր ծնվեցին` մեկը մյուսից աներևակայելի, մեկը մյուսից անիրականանալի:

Երկու օր անց Արսենն ու Գոհարը նույն բազմահարկի շքամուտքը մտան, բարձրացան մինչև վերջին հարկը և թակեցին այն բնակարանների դռները, որտեղ երկու օր առաջ ոչ ոք դուռը չէր բացել:

Երկրորդ հարկում էլ Գայանեի բնակարանի զանգը տվեցին: Գայանեն դռան դիտանցքից նայեց, ճանաչեց ու բացեց դուռը:

Երբ ներս մտան, Արսենը կանգնած մնաց դռան մոտ:

- Գոհար ջան, դու ներս մտիր, ես այստեղ կսպասեմ: Մեկ էլ հատակը չկեղտոտեմ:

- Լավ:

Մինչ Գայանեն Գոհարին տվեց ամուսնու անձնագրի պատճենը, Արսենը ուշի-ուշով դռան փականն էր ուսումնասիրում: Հետո դռան բանալին հանեց, սեղմեց մի ձեռքում պահած օճառի վրա. դրոշմը լավ ստացվեց: Հետո բանալին մաքրեց իր թաշկինակով ու կողպեքի անցքի մեջ մտցրեց:

Գոհարն էլ իր գործն ավարտելով, դուրս եկավ:

Ընտրություններից տասն օր առաջ Արսենն ու Գոհարը նորից այցելեցին բազմահարկ շենքը` ընտրակաշառքը բաժանելու: Հինգ համարի տակ ընտրվող թեկնածուի գրպանից բավական մեծ գումար անցավ ընտրողների գրպանը:

Երկրորդ հարկում նույն գործողությունները կրկնվեցին: Միայն այն տարբերությամբ, որ այս անգամ Արսենն իր հետ բերած բանալու կրկնօրինակը փոխարինեց իսկականով: Դրանք այնքան նման էին նաև գույնով, որ իրականում դժվար էր տարբերելը…

(Շարունակելի)