ՇՆԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ
Ավանդական Հնդկաստանում ամուսնական կապերը հաճախ ստեղծվում են ծնողների կամքով, գերազանցապես` ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչների ճաշակով: Տարեցը որոշեց` ամուսնացողն իրավունք չունի ընդդիմանալ: Փորձենք պատկերացնել 18 տարեկան Մանգլի Մունդուրի հոգեվիճակը, երբ իմացել էր, որ իր ամուսինը թափառական շունն է: Շերու մականունով ու խղճուկ տեսքով շանը հարսանյաց հանդեսին բերել են հատուկ ավտոմեքենայով: Հարսանիքին ներկա են գտնվել 70 հրավիրյալներ, և, որ ամենազավեշտալին է` խստորեն պահպանվել է ավանդական ծիսակարգը: «Փեսացուի» ընտրությունը կատարել են հարսնացուի ազգականները և գյուղի տարեցները: Այս հարսանիքը արտառոցության ամենաթարմ փաստերից է. այն տեղի է ունեցել օգոստոսի վերջերին: Եվ տեղաբնակներն անկեղծորեն համոզված են, որ շան հետ ամուսնությունը ամբողջ գյուղը կփրկի ամեն տեսակի չար կախարդանքից:
2007 թ. 18 տարեկան Սելվա Քումարին ամուսնացրել էին 10 տարեկան շան հետ, որպեսզի պատանին բուժվի իր բազմաթիվ հիվանդություններից: Տղայի վերին ու ստորին վերջույթները կաթվածահար էին եղել, խլացել էր մեկ ականջը: Տեղական աստղագետն այդ ամենը բացատրել էր նրանով, որ փոքր հասակում Քումարը դաժանորեն երկու շուն էր սպանել: Եվ անեծքից ազատվելու համար նա ստիպված էր ամուսնանալ շան հետ: Իսկ ամուսնությունից հետո տղան բուժվեց, թե ոչ, որևէ տեղեկատվություն չի եղել:
Ի դեպ, խնդիրը միայն չար ուժերին վանելն է: Այսպիսի հարսանիքներից հետո հարսը կամ փեսան կարող են ամուսնանալ սովորական մարդկանց հետ: Իրենց չորքոտանի «կողակիցների» հանդեպ նրանք միայն մեկ պարտականություն ունեն` հոգ տանել նրանց հանդեպ, խնամել և ոչ մի դեպքում նրանց չնեղացնել:
Սակայն արձանագրվել են նաև ոչ ավանդական ամուսնություններ, իրական սիրուց: Դիցուք, անցյալ տարի ամռանը նշանավոր մոդելագործ Կառլ Լագերֆելդը հայտարարեց, որ ամուսնանում է իր պաշտելի Շուփերթ կատվի հետ: Հատուկ արարողություն չեղավ իհարկե, բայց իր սիրելի կաթնասունի վրա նա տանն անգամ ավելի շատ է ծախսում, քան շատ տղամարդիկ իրենց կանանց վրա: