«Գենդերային տեսանկյունից չեզոք» համազգեստներ` Անգլիայի դպրոցներում

Մատաղ սերնդի դաստիարակությունը ցանկացած երկրի համար ամենակարևորն է: Եվ երկրների հեղինակության ու կերպարի կարևոր տարրերից են կրթական ավանդույթներն ու առաջընթացը:

Անգլիայի դպրոցներում ևս երեխաներին ոչ միայն գիտելիք են հաղորդում, այլև դաստիարակում են որպես ապագա քաղաքացիներ: Իսկ քանի որ այդ երկրում այսպես կոչված ԼԳԲՏ համայնքի իրավունքները սրբություն սրբոց են հռչակված, ապա ամեն դպրոցական պետք է կյանք մտնի` դրան լիովին պատրաստ ու նաև, ըստ երևույթին, սեռական հստակ կողմնորոշմամբ:
 

Համենայնդեպս նման եզրակացություն կարելի է անել Daily Mail-կիրակնօրյա հրապարակումից: Գնալով մեծանում է թիվն այն դպրոցների, որոնցում աղջիկներին արգելում են շրջազգեստ հագնել: Դրանց թիվն արդեն հասել է 40-ի: Կասկած չկա, որ այդ թիվը կսկսի պրոգրեսիայի կանոններով մեծանալ: Ըստ էության` այսօր բրիտանական կերպարի նոր տարր են դառնում այն դպրոցները, որտեղ ներմուծվում են, ինչպես գնահատվում է, գենդարային տեսանկյունից չեզոք համազգեստներ: Նման դեպքերում աղջիկներին արգելում են կրել դպրոցական սովորական համազգեստը` մինչև ծնկները հասնող կապույտ շրջազգեստով, և պարտավորեցնում են շրջել տաբատներով:

Նման «առաջադեմ» որոշումը հիմնավորվում է մի քանի փաստարկներով: Դրանցից մեկը աղջիկների սեռական հրապուրանքն ի ցույց դնելու անթույլատրելիությունն է: (Կարծես տաբատը չի կարող նույն դերը կատարել): Մեկ այլ հիմնավորում է գենդերային հավասարությունը և հարգանքը տրանսգենդերների (հայերեն` փոխսեռական) կամ այն դպրոցականների նկատմամբ, ովքեր իրենց սեռական կողմնորոշումը դեռևս չեն ճշտել: Իբր` երբ բոլորը միատեսակ են հագնվում, ոչ մեկը մտածելու կարիք չի ունենա, թե դպրոցական համազգեստի ո՞ր տարբերակն ընտրել` տղայի՞, թե՞ աղջկա: Չնայած այս դեպքում էլ անհասկանալի է մնում` ինչո՞ւ չեն պարտադիր հռչակում շրջազգեստը: Թե՞ այդ «արտոնությունը» թողնում են Շոտլանդիային…

Մարդու սեռական պատկանելությունը բնությունն է որոշում, և ինչպես ամենայն բնական բան, շեղումներն այստեղ էլ են լինում: Եթե նույնիսկ երկրները որոշել են, իբր մարդասիրությունից ելնելով, շեղումերը բարձրացնել իրավունքի մակարդակի, մի՞թե դա նրանց իրավունք է տալիս պղտորել երեխաների գիտակցությունն ու հոգին և դպրոցական տարիքից նրանց թելադրել, թե շեղումն ավելի լավ է, քան բնականը: Իսկ ո՞վ պետք է պահպանի իրավունքներն այն միլիարդավոր մարդկանց, ովքեր իրենց լիարժեք մարդ են զգում` բնությունից իրենց տրված սեռի սահմաններում և ապրում են առանց շեղումների:  

Եթե այսպես շարունակվի, երևի ապագայի աշխարհում կիշխի ոչ թե մարդը, այլ արհեստական բանականությունը: Անսեռ բանականությունը: Կամ որ միևնույն է` միօրինակությունն ու տաղտուկը: