Ն. Պիծակյանի ինքնատիպ և բազմաոճ արվեստը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ նույն կենտրոնում բացվել է ծնունդով եգիպտահայ արվեստագետ Ներսես ՊԻԾԱԿՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս.թ. նոյեմբերի 17-ը:
 

Հեղինակի տարբեր ժամանակների 150-ից ավելի բազմաժանր աշխատանքներ` քանդակ, գրաֆիկա, կոլաժ, դեկորատիվ և կիրառական արվեստ, մեկտեղվել են Թեքեյան կենտրոնում: Հատկապես ուշագրավ են կոլաժները` կատարված յուրահատուկ տեխնիկայով և ամենաբազմազան բնական նյութերով. օգտագործված են ծաղկի սերմեր ու թերթիկներ, խոտաբույսեր, փշեր, ծառերի կեղևներ, չոր պտուղներ, կորիզներ և այլն:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը Լոնդոնից, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ:

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով հեղինակին, հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կունենա ավելի ընդգրկուն շարունակություն և հասանելի կլինի հանրության ավելի լայն շրջանակներին, քանզի ներկայացված աշխատանքները բացառիկ են ու տպավորիչ: Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախագահ Վ. Ուզունյանին, ով, լինելով մեծ արվեստասեր, մշտապես աջակցում է նման ձեռնարկների իրականացմանը:

Հեղինակ Ներսես Պիծակյանը, իր երախտագիտությունը հայտնելով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամին` ցուցահանդեսի հովանավորին, նման առիթ ընձեռելու համար, մասնավորապես նշեց.

- Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է այսօր: 50 տարիների ընթացքում մեծ համբերությամբ ու սիրով ստեղծված այս բազմաժանր հավաքածուն ներկայացված է հանրությանը: Ստեղծագործել սկսել եմ շատ երիտասարդ տարիքից: Նախ զբաղվել եմ կերամիկայով, ցուցադրվել եմ նկարիչների միությունում, ապա ստեղծել եմ աշխատանքներ բույսերից, սերմերից, ծաղիկներից, որոնք հավաքել եմ Հայաստանի տարբեր լանդշաֆտներից: Իսկ վերջերս անցել եմ գրաֆիկայի, որի վերջին գործերից են՝ «Հիշատակ կնոջս» եւ «Զարմանք», որը նվիրված է Հայաստանի նոր իրողություններին:

Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը բարձր գնահատանքի արժանացրեց Պիծակյանի ինքնատիպ և բազմաոճ արվեստը, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց նրա անցած ուղին.

Ծնվել է 1946թ. Կահիրեում, Եգիպտոս:

1951-1958թթ. սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում:

1958-1962 թթ. սովորել է Իտալիայի Don Bosco Instituto Salesiano կրթական հաստատությունում:

1963թ. տեղափոխվել է Երևան:

1966-1970թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

1971-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1973-2013թթ. աշխատել է Երևանի բուսաբանական այգում` որպես ավագ գիտաշխատող, ինժեներ-դեկորատոր:

1979թ. երիտասարդ նկարիչների միության անդամ է:

1989թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում` «Տարբեր լանդշաֆտների դեկորատիվ բույսերի բնական էլեմենտների կիրառումը ՀՀ-ում» գիտական աշխատանքի համար (Ս.Պետերբուրգ, Ռւսաստան):

2012-2015թթ. դասավանդել է ՀՀ ազգային ճարտարապետական համալսարանում` «Լանդշաֆտային ճարտարապետություն եւ էկոլոգիա»: