Տրագիկոմիկական «ծուղակ»՝ 4u

ՊԱՐՈՆԸ, ՈՒՄ «ՕՐՆԻՖԼ» ԵՆ ԿՈՉՈՒՄ

Երևանի դրամատիկական թատրոնը նորություն ունի. երկրորդ հիսնամյակի առաջին նոր բեմադրությունը: Թատրոնը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքին և բեմ բարձրացնել չբեմադրված պիես: XX դարի ֆրանսիացի իրենց լավ բարեկամի պիեսով են ներկայանում:
 
Այո, այս անգամ ինտելեկտուալ թատրոնի հիմնադիրներից Ժան Անույի «Օրնիֆլ կամ միջանցիկ քամի» երգիծական կատակերգությունն են ընտրել, մեր ժամանակների սրտի բաբախյունով բեմադրել ու սկսել իրենց նոր ուղին: Ինչո՞ւ Անույ: Անույ բեմադրելու համար լուրջ փորձառություն է անհրաժեշտ, ուժերիդ վստահել է պետք, նրա բոլոր ստեղծագործություններին գիտակ լինել է պետք և, վերջապես, մարդուն ճանաչել է պետք: Դրամատիկականը ունի այդ ներուժը: Մեր օրերի հետ խոսող հեղինակ է՝ ինչ խոսք: Աբսուրդային, էքզիստենցիալ կեցության մեջ ենք՝ ամեն պահ կյանք ու մահ, վիշտ ու ծիծաղ միահյուսած՝ մտքի, սիրո ու հավատի ուժին ապավինած:
 
 
Կիսատոների վարպետը կամ պարոնը, ում «Օրնիֆլ» են կոչում
 
Պտտվող փոքր շրջանաձև սև բեմը «Կյանքը հիանալի է» (Ֆյուչըր ֆթ. Դրեյք, “Life Is Good”, Future ft. Drak) երգի ներքո իր հետ բերում է սաթագույն վերարկուով, վանդակավոր տաբատով թագակիր Օրնիֆլին… Մի տեսե՜ք, ինչքան ինքնավստահ է, տիրակա՜ն, թագ է կրում, ամբարտավան ու անբռնազբոս: Կայսերական մուտք է, ի՛նչ խոսք: 
 
Այս ճաշակով և նորաոճ պարոնի կողքին գլխի էկորշե է դրված: Հասկանում ենք, բաց զրույց է խոստանում, ուղն ու ծուծով անկեղծություն է խոստանում: Հավատացի՞ք: Մի՛ շտապեք:
 
Եթե եկել եք հավատալու՝ իզու՛ր, եթե եկել եք ճանաչելու՝ մի՛ փորձեք, իսկ եթե արդեն համակրում եք նրան, օ՜, դուք գերեվարված եք: Ինչևէ: 
Ձեր առջև պարոն Օրնիֆլն է՝ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ Վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հեղինակային ներկայացման հերոսը: Բանաստեղծական, մի տեսակ բոհեմական կյանք ապրող պարոնը: Իրարամերժ գործողություններով, անպատասխանատու, հակասական վարքագծով, մահվան մասին անտարբեր խոսող, կյանքը լիարժեք վատնող հերոսը:
 
Ո՞վ է տեսել, թե բեմում ինչպես է երբեմն ժպտում Հարությունյանի հերոսը. մեֆիստոֆելյան կիսաժպիտով: Այստեղ էլ է ժպտում, ժպտում է գերի վերցնող ժպիտով, ծուղակը նետող ժպիտով, զինաթափող ժպիտով և դուք դեռ զարմանո՞ւմ եք խեղճ Սյուպոյի վրա:
 
Գրիչով, ակնոցով կամ պարզապես՝ մադմուազելը 
 
Ներկայացման առանցքային հերոսներից մյուսը Սյուպոն է: Նարինե Պետրոսյանը հաջողությամբ է կերպավորում իր հերոսուհուն: Առանձնահատուկ ցանկանում ենք անդրադառնալ կերպարի մեկնաբանման գտնված մի արտալեզվական միջոցի, որն է՝ խոսելու ընթացքում աչքի կկոցումը ու վերին շուրթի ձգումը, թեթևակի կակազելը, նյարդային կծկումները: Սյուպոն գրասենյակային գրագրի գորշ գույների ճաշակով  հագ ու կապով է, գնդի տեսքով անփույթ հավաքած մազերով և ակնոցով: Դերասանուհին մեծ հմտությամբ է ներկայացնում կերպարի այնքան հիացումով, իր անփոխադարձ սիրով տարված լինելը, որ պատրաստ է կռիվ տալ ամբողջ աշխարհի հետ: Ի՞նչն է ստիպում Սյուպոյին տասը տարի հավատարիմ տառապել այդ ինքնագոհ «Ժուանի» մոտ՝ Օրնիֆլի տաղա՛նդը, վարպետությու՛նն, այո՛: Թվում է՝ նա գտել է իր վարձատրությունը՝ առաջին ունկնդիրն է, գրառողն է Օրնիֆլի պահաստեղծ բանաստեղծությունների: 
 
Այս Օրնիֆլը երկնչում է Սյուպոյից, կարծես հոգու խորքում շնորհակալ է նրան: Օրնիֆլի զվարճանքներով տարվելու, արտաքին անհոգության, անտարբերության սքողումի տակ թաքնված է պաշտպանություն գտնելու մի երեխայական զգացողություն: Մտածում ենք, ո՞ւմ չէր ցանկանա կորցնել նա․  Սյուպոյին:  
 
Մի երգիծական տեսարան կա, որտեղ դերասանուհին կարողանում է իր ողջ տաղանդով հավաստի ներկայանալ: Դա Օրնիֆլի՝ Սյուպոյի հետույքին ձեռքով դիպչելու տեսարանն է: Սյուպոն ցնցվում է, ճչում, հետո շփոթված նայում հայելու մեջ, արժևորում այն, ապա ամոթից ձեռքերով ծածկում է երեսը, հետո նորից ներքին ուրախության ալիքով համակված մոտենում  հայելուն, ասես, համոզվելու, որ երազում չէ: Դե Դրեյքի համառ խոսքերն էլ վրադիր:
 
Պատկերացնո՞ւմ եք, նա մի պահ հավատում է, որ Օրնիֆլը իր մեջ կին է տեսել: Սյուպոն պարային շարժումներով թավալվում է անկողնում, գալարվում: Ն. Պետրոսյանը վարպետորեն է ներկայացնում հերոսուհու՝ տարիներով զսպված ցանկությունների դուրս հորդումը: Այս տեսարանում մադմուազելը ասես հավատում է, որ անիրական երազանքներն անգամ կարող են երազանք դառնալ: 
 
Սակայն ինչ զավեշտ, եթե այդ պահին չհայտնվեր հայր Սուրբը:
 
Կտակարանով հայր Դյուբատոնը 
 
Բեմադրիչը հումորային hնարամիտ լուծումով է բեմ բերում երկրային մեղքերից հեռու Հայր Դյուբատոնին: Այս սևազգեստ պարոնի մուտքերը ազդարարվում են եկեղեցու զանգերի ղողանջներով: Մթնոլորտ ապահովող վճիռ է: Իր բազմամյա նվիրումով է ՀՀ Վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը այս բեմում: Նրա զուսպ ներկայությունը բեմում, հստակ խոսքը, ձեռքին խաչազարդ կտակարանը, անկախ հանգամանքներից, հավատով են լցնում և քեզ: Եթե Անույի քահանան իրեն «շքեղություններ» է թույլ տալիս և գինու գիտակ է, Կարապետյանինը՝ օրինավոր է, մեղքերից հեռու:   
 
Պիոններով տիկինը
 
Լուիզա Ղամբարյանի հերոսուհին կոմսուհին է՝ Օրնիֆլի տիկինը: Նրա մուտքերը վեհաշուք են, դանդաղ, ճերմակ պիոններով ծաղկամանը ձեռքին: Նրբագեղ կին է, գինեգուն զգեստով, գեղեցիկ հարդարված վարսերով: Կյանքի ճանապարհ է անցել Օրնիֆլի հետ: Նրա կիսաժպիտը շատ բանի մասին է խոսում, օրինակ, որ այլևս չի զարմանում ամուսնու սիրուհիների առատությունից, չի դառնանում, ծիծաղով է լսում լոգարանից իրեն հասնող ձայները: Արիաննան այլևս չի ընդունում ամուսնու «սիրում եմ» հերթապահ խոստովանությունը: Նրա հղած հարցերը դիպուկ են, առանցքային, բայց և թաքնված ակնարկով, որ այդ հարցերի պատասխանը ինքը լավ գիտե: 
 
«Կյանքը հիանալի է»… Սպասե՛ք… Դիմավորւմ ենք լայնեզր գլխարկով և ատրճանակով երիտասարդին
 
Դեր առ դեր նկատելի է, թե ինչպես է հմտանում, բեմական արվեստի նրբությունների գիտակ դառնում ու իր հերոսներին ավելի խորքային ներկայացնում երիտասարդ դերասան Լևոն Հախվերդյանը: Այս ներկայացման մեջ նա Օրնիֆլի որդի Ֆաբրիսն է: Կոկիկ հագնված այս երիտասարդը դեռ չի ավարտել կյանքեր փրկելու դասընթացը, բայց փոխարենը հոր կյանքը խլելու առաքելությամբ է այստեղ: Ի դեպ, նա միակն է, ով տիրական բազմում է հոր գահավորակին՝ նույն կայսերական դիրքով: Որպես ժառանգո՞րդ: Անշուշտ՝ ոչ: Տղայի կյանքում, թվում է, ամեն բան կարգին է, բայց արի ու տես, որ նրանից ոչ բժիշկ, ոչ մարդասպան և ոչ էլ ամուսին դուրս կգա: Դերասանը կարողանում է հետաքրքրել տարբեր զավեշտալի իրավիճակներում:
 
Գեղեցիկ աղջիկը՝ մեծ վարսակալով
 
Կենսախինդ, պայծառ, արևը սրտում, երեխայական կամակորություններով մի աղջիկ է Ֆաբրիսի հարսնացուն՝ Մարգարիտան: Մարիամ Ադամյանը զվարթ գույներով է կերպավորում իր հերոսուհուն: Նա գեղեցիկ կիսաշրջազգեստով մի աղջիկ է ներկայացնում, ով հեռու է կյանքի դժվարություններից, բայց իր մեջ ուժ է գտնում դրանք հաղթահարելու: Մարգարիտային կարելի է տեսնել մեկ նվաղած ու հուսահատ, մեկ շողացող դեմքով, փայլող աչքերով: Բեմադրիչը հետաքրքիր վճիռ է մտածել այն տեսարանի համար, որտեղ Մարգարիտան սկսում է տարվել և ականջալուր լինել Օրնիֆլին: Աղջիկը կախիչից վերցնում և հագնում է սև պիջակը, ցիլինդրը: Ռեժիսորական այս մոտեցումը հաղորդագրություն է «ուղարկում» հանդիսատեսին՝ Օրնիֆլի հերթական հրապուրանքի առարկայի մասին: Ի դեպ, մինչ այդ, Հարությունյան-Օրնիֆլը վարպետորեն և վագրի շարժ ու ձևով էր հետևում Մարգարիտային և նշանառության տակ պահում նրան:
 
Լիքը գրպաններով և թե՛ խորամանկ ժպիտով պարոնը
 
Արա Գևորգյանի հերոսը բանաստեղծական զեղումներից զերծ, վաճառականի հոգեբանությամբ պարոն է, ով զարդարված է թիթեռնիկ փողկապով և տաբատակալներով:  Նրա կլորիկ փորը խոսում է խրախճանքասիրության մասին: Օրնիֆլի ընկերն է, բայց ակնհայտ է, որ  նրանք այդ սուրբ զգացմունքով չեն շղթայված, այլ՝ փոխշահավետ համագործակցությամբ: Կերպարը գրոտեսկային մեկնաբանություն է ստանում, երբ Մաշտյուն բեմ է մուտք գործում՝ նույնիսկ երազում կոճկվելու հնարավորությունը բացառող մոխրագույն ֆրակով:  
 
Դերասանը գտել է իր կերպարը գունեղացնելու միջոցները: Օրինակ, այն տեսարանում, որտեղ ինքը իր բանաստեղծական պատվերի ետևից է եկել և վիճաբանության մեջ մտել Սյուպոյի հետ, տեսնել է պետք թե ինչպես է նա քահ-քահ ծիծաղով հակադարձում վերջինիս՝ Օրնիֆլին մեծ բանաստեղծ կոչելուն: Նա ծիծաղից ուշագնաց լինելով մասնատում է իրեն համակած «հա-հան», մաս-մաս ու թատերային հնչեցնում դրանք: 
 
Օրնիֆլից հղի սիրուհու հանդեպ տածած սիրո բացատրման տեսարանում տեսնել է պետք, թե ինչ աղեկտուր է Մաշտյուն աղաղակում, որ սիրում է, ինչպես է ողբում: Պետք է նշենք, որ Ա. Գևորգյանը ներկայացման  համար երգիծական կարևոր խնդիրներ է ստանձնել և դրանք պատվով արդարացնում է: 
 
Թեթև սահքը բեմում, բարձր տրամադրությունը, ակնոցի վարպետ կիրառումը խոսում են այն մասին, որ դերասանը համակրում է իր կերպարին: Նկատելի է, որ նա հոգ է տանում, փորձում անթերի ներկայացնել Մաշտյույին:
Կոնաձև գլխարկներ և արիա 
 
Ո՞վ կմտածեր, որ Անույի ու Մոլիերի այս պորտաբույծ հերոսները՝ բժիշկները, մեր օրերում այդքան իրավացի կլինեն թոքերի հարցում: Տեսնել է պետք, թե որքան զավեշտալի է պրոֆեսոր Գալոպենի (ՀՀ Վաստակավոր արտիստ Էդուարդ Գասպարյան) և Սուբիտեսի (Նարեկ Մարտիրոսյան) ներկայությունը: Նրանք միմյանց լրացնում են, միմյանցից բխում:  Անույի թելադրանքով պարահանդեսային հագուստով են, սրածայր կոնաձև գլխարկներով: Դերասանները վարպետորեն են առարկում հիվանդին, ապացուցում իրենց իրավացիությունը: Ձայների մեջ հանդիմանանք կա, սաստող երանգներ: Գունեղ դերակատարումներ են, ինչը նաև բեմադրիչի ձեռքբերումն է, քանզի նա կարողացել է ճիշտ ռեժիսորական խնդիրներ տալ և բացել դերասանների ողջ պրոֆեսիոնալ հնարավորությունները:
 
Ներկայացման մեջ զավեշտը մոլեգնում է, երբ բժիշկները սկսում են կատարել Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»-ից ՛՛La donna è mobile՛՛արիան: Անզուսպ ծիծաղ է, ուրախություն: Նրանք թեթևաքայլ ցատկոտում են, թևածում, երգում, զվարճանում, իսկ մահճակալին սրտի ծակոցից նվաղած, նեղսրտած Օրնիֆլն է, որի դեմքի մկանն անգամ չի շարժվում այդ տեսարանում: Հրաշալի՛ վճիռ է: Ստացվա՛ծ հակադրություններ են:  
 
Գոգնոցով տիկինը
 
Լիզա Ենգիբարյանը հետաքրքիր դերասանուհի է, յուրահատուկ ձայնով, խոսուն աչքերով: Նա զուսպ, խնամքով ընտրված արտահայտչամիջոցներով է ներկայացնում Նենետտային: Հերոսուհին ճաշակով է, ասես կտավից հենց նոր դուրս եկած լինի: Բեմում Նենետտայի ներկայության տեսարանները հաճույքով են դիտվում, նրա անցած բուռն տարիներին Օրնիֆլի հետ ունեցած անմոռաց և մեղսավոր պահերի  հիշողությունների վերապրումը չափի մեջ է:  
 
Հռչակի «վարպետները»
 
Տոն ու ցնծություն են իրենց հետ բեմ բերում լրագրող-լուսանկարիչ խումբը (Էմմա Մանուկյան, Լիդիյա Գրիգորյան, Էմմա Մկրտչյան, Ռոբերտ Զախարյան, Վլադիմիր Մսրյան (կրտսեր), Էվելինա Շահիրյան (կրտսեր), Քրիստինե Ամիրգուլյան)։ Նրանց Նարեկ Քթոյան-պարագլուխը «արիաբար» բեմից դահլիճ է նետվում և ոգևորությամբ հանդիսատեսին բառերով ներկայացնում սնդուսափայլ «Ֆիգարոյին»: Հաջորդող տեսարանում նա ֆոտոխցիկին հմտորեն տիրապետողի շարժ ու ձևով լուսանկարում է: Ազատ հագուստով, այս գործում բանիմաց երևացող երիտասարդը իր խմբի հետ ասես փառքի խորհրդանիշն է դառնում՝ որքան արագ գալիս է, նույնքան արագությամբ էլ անհետանում:      
 
Շանթ ու որոտ՝ միջանցիկ քամու փոխարեն   
 
Ներկայացման ընթացքում Օրնիֆլը երկու անգամ մոտենում է մահճակալի մոտ կիսաբաց լուսամուտին: Գիտե՞ք, այդ պատուհանները ճերմակ են, ճերմակ վարագույրներով վարագուրված: Այնտեղից թույլ քամի է ներս խուժում, ու դրանք ծուլորեն ծածանվում են, ապա հոգնում, հանդարտվում, նիրհում ու նորից դժկամ թևածում: Գեղագիտական մեծ հաճույք պատճառող տեսարան է: 
Ո՞ւր է նայում այդ պատուհանից Օրնիֆլը, ինչո՞ւ է նայում: Գուցե՞ թարմ օդի հոսքի կարիք ունի, գուցե՞ խեղդուկի մեջ է… Ո՛չ, նայելով նա առերեսվում է երկնային զայրույթին: Երկինքը նրան զգուշացնում է, Տերը դիմում է նրան դժգույն եղանակային տրամադրությամբ:
 
Բեմադրիչը կերպավորում է որոտները որպես վերին ուժի խորհրդանիշ, որոնք ահեղ բեկվում են հատակին՝ հայր-որդի հանդիպման տեսարանում: Որոտները արձանագրում են Օրնիֆլի մեղքերը, իսկ Օրնիֆլը հանգիստ է…
Նա պատուհանից դուրս է նայում… ինչո՞ւ է նայում… նայում է, որ առերեսվի ինքն իր հետ: 
 
 
Հայերենի «վարպետները»   
 
Պիեսի թարգմանությունը, ինչպես տեղեկանում ենք, թիմային է եղել: Հիմնական տեքստը թարգմանել է ստեղծագործական աշխատանքների գծով փոխտնօրեն Արտաշես Մխիթարյանը: Բեմադրիչը խմբագրումներ է արել, իսկ երգեցիկ ու բանաստեղծական հատվածների թարգմանությունն իրականացրել է հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Թարգմանությունը ևս հաջողված է: Ա. Մխիթարյանը կարողացել է պահպանել գլխավոր հերոսի սրամիտ լեզուն, այդ ցինիկի խայթող խոսքերի հայերեն համարժեք հյութեղությունը: Ժ. Անույի «Օրնիֆլը», մեր կարծիքով, թարգմանության առումով այն նույն դժվարությունն ունի, ինչը և Է. Ռոստանի «Սիրանո Դը Բերժերակը»:
 
Պետք է խոստովանել, որ ֆրանսիացի այս պարոնի հերոսները շատ են խոսում, ուստի ռեժիսորը բեմական տարբերակը որոշ կրճատումների է ենթարկել, մոնտաժել երկխոսությունները, դուրս թողել շատ տեսարաններ, որովհետև դրանք չեն խթանում գործողությունների զարգացմանը, կերպարների բացահայտմանը և թուլացնում են տեմպը: Եվ իրավացի է վարվել, քանզի մեր օրերի հանդիսատեսը հեշտությամբ է տաղտուկի գիրկը նետվում:
 
Կարծում ենք՝ Օրնիֆլը այն դերերից է, որ ամեն դերասան չի, որ կարող է հաղթահարել: Եթե ռուս թատրոնում Ալեքսանդր Շիրվինդտի դեպքում մենք միանշանակ համաձայնում ենք, որ դերասանն ու դերը գտել են իրար, ապա Սերգեյ Յուրսկու դեպքում նույնը ասել չենք կարող: Թատրոնի պատմության մեջ էլի համեմատություններ կարելի է անել: Դերեր կան, որ գայթակղիչ ջրհորի նման են, դեպ իրենց են կանչում, բայց խեղդվելու պահին է դերասանը հասկանում, որ անհատակ ջրհոր է ընկել: Այլ բան է Հարությունյանի Օրնիֆլը: Որքան որ բազմաշերտ է կերպարը, այնքան և խորն է դերասանը: Նա ունի այն անհունը, այն աուրան, որով ներկայացնում է իր հերոսին: Դերասանն ու դերը հանդիպել են իրար միանշանա՛կ, և եթե Օրնիֆլը դառնացած հանձնվում է իր «աշխարհը ցավոք այնպիսին է, ինչպիսին որ կա» սահմանմանը, Հարությունյանը՝ ոչ: Նրա բեմելների յուրաքանչյուր երեկո մի քայլ է աշխարհը փոխելու՝ ինչ չափով էլ որ լինի, ինչ ուժով էլ որ լինի:
 
Հ. Հարությունյանի հերոսը ավելի մեղմ գունավորումով է, չկա սանձարձակի սուր ընդգծումները՝ ինչպես Անույի մոտ: Բեմադրության մեջ Օրնիֆլը զուսպ է, որդուն և նրա հարսնացուին արգելում է համբուրվել իր ներկայությամբ, ավելի շատ է տարված մահվան մտքերով և եթե չենք սխալվում՝ կանգ առնելու մտադրությամբ է: Այդ ամենը զգացվում է նրա ներքին խմորումներից և Սյուպոյի հետ բախվելու տեսարանում, անթույլատրելի սահմանը անցնելու մասին մեղադրանքները չի հաստատում, այլ հնարավոր է համարում:      
 
Ներկայացման առաջին տեսարաններից մեկում Օրնիֆլը հերթական անգամ ասմունքում է, իսկ Սյուպոն հարցականը ձայնի մեջ առած ու վախվորած հարցնում է, թե արդյոք Օրնի՞ֆլն է հեղինակը: Օրնիֆլը պատասխանում է՝ «ի՛մն է, ի՛մն է»: Վերջին անգամը՝ ցածր ձայնով և ինքն էլ ուրախացած այդ փաստից, որ քարտուղարուհուն հուսախաբ չի անի: Նման տեսարաններում է, որ բացահայտվում է իրական պոետ Օրնիֆլը:
 
Մի տեսարան կա, որտեղ նա ծաղրածուի կիսադիմակով է, անկողնում սավանով ծածկված: Թվում է՝ միայն այստեղ է նա պաշտպանված, աշխարհից թաքնված ու անդիմակ:   
 
Մտքեր կան, որ ծավալային են դառնում, կշիռ ստանում: Օրինակ, հոգևորականի հետ խոսակցությունը ալեգորիկ է դառնում, երբ վերջինս մի տեսակ ծոր տալով ու ասես բամբ ձայնով արտաբերում է «Մի՛ ուղեկցիր, ես ճանապարհը լա՛վ գիտեմ» նախադասությունը: Խոսակցությունը վեր է բարձրանում կենցաղայինից, ստանում այլաբանական նշանակություն և ի ցույց դնում կյանքի այն տարբեր ճանապարհները, որով որ գնում են նրանք: Բեմադրիչը կարողացել է կերպարը բացել՝ այս տեսարանում իր հեռուն հառած պաղ հայացքով: 
 
Օրնիֆլի բնակարանի (բեմ. ձևավորումը՝ Հ. Հարությունյանի, Ա. Միրիջանյանի) ամեն անկյունում դատարկ ու լի խմիչքի առատ տեսականի ներկայացնող շշեր են, ծխախոտ: Կենտրոնական հատվածում մահճակալն է, որը հերթով ոտքի տակ են առնում բոլոր հերոսները, մի խոսքով՝ զվարճատեղի: Նա կանանց տարբերակում է միայն կազմվածքի տեսանկյունից, վայելում մինչ ձանձրանալը, ապա մեկից-մյուսին անցնում թիթեռի թեթևությամբ: Օրնիֆլը գիտի, որ գալու է հատուցման ժամը, ընդունում է, որ մեղսավոր է և այդ ամենը հիացմունք պատճառող գործնական անտարբերությամբ է ներկայացնում, ձեռքը գրպանում: 
 
Ներկայացման մեջ որոշ տեսարաններ բեմադրիչի կինոմտածողության արդյունքն են: Օրինակ բերենք մոնտաժվող տեսարանները, բեմական մթությամբ դադարները, լույսի ու ստվերի հետաքրքիր համադրությամբ բեմառաջքի տեսարանները:
 
Կերպարները, հայտնվելով մթության մեջ, ասես դիմազրկվում են: Բեմադրիչը նրանց լուսավորումը բեմի խորքից է ապահովում՝ նշմարելի թողնում կերպարանքները: Մի պահ նրանք ասես խաղալիք են դառնում, կարծես կախվում օդում: Անույը ճակատագրից կախյալների մասին էլ է գրել և բեմադրիչը լավ գիտե նյութը:
 
Գտնված լուծում է նաև 1-ին և 2-րդ գործողությունները իրար կապող տեսարանի կրկնությունը: 
 
Հրաչյա Հարությունյան ռեժիսորը առաջին գործողությունը ավարտում է հոր և որդու հանդիպման կուլմինացիոն տեսարանում՝ զարգացնելով այն մինչև ատրճանակի կրակոցը: Երկրորդ գործողությունը նա սկսում է նույն հանդիպման կրկնությամբ: Այս անգամ բեմադրիչ Հարությունյանն է խաղում իր հանդիսատեսի հետ՝ հեռակառավարման վահանակը «ձեռքդ է տալիս» ու ասում՝ դիտի՛ր, որ տեսարանից որ ուզում ես:  
 
Ներկայացման մեջ ամեն ինչ իմաստավորված է, իրերը՝ խոսուն. պիոնները, Պիկասոյի «Առլեկինը…», «Միլոսյան Վեներան», Օրնիֆլի զմրուխտագույն կոստյումը, բեմի դասական սև-սպիտակ գույներով հարդարանքը, առաստաղից կախված մեծ ու փոքր մոմակալներով ջահերը և այսպես շարունակ: Այս ամենը կերպարների ներաշխարհների մեկնիչն են դառնում, նրանց զգացողությունների կրողը: 
 
Բեմադրության կերպարներից է նաև երաժշտական բազմաոճ ձևավորումը, որի խոշոր մարգարտահատիկները շոպենյան՝ մեկը մյուսից խելքահան անող նուրբ նոկտյուրններն են: Զուգահեռ թախծոտ, շա՜տ թախծոտ հնչյուններ են բեմում՝ ներսդ քարուքանդ անող ելևէջներով:
 
Որքան որ փառահեղ է Օրնիֆլի մուտքը, այնքան անշուք է հեռանալը: Այն պահին, երբ մոռանում ես նրան՝ նա հայտնվում է: Մինչ Սյուպոն ողբաձայն իր գեղեցկությունն է փաստում, լսվում է չդադարող հեռախոսազանգը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է:  Ճիշտ եք՝ Օրնիֆլն է: Մռայլ ու գործնական, մի փոքր էլ ցավակցող տոնով զանգել է, որ ասի՝ դիակ ունեք, եկե՛ք տարեք: Ի´ր դիակի մասին է խոսքը: Այս անգամ մեր իմացած Համլետը չէ նա, Ծաղրածուն չէ, այլ պարզապես հյուրանոցատերն է:  
 
Սա Օրնիֆլի վերջին և ներկայացումը ավարտող «մուտքն» է՝ նորից մոլորեցնող, կիսաժպիտով ու  առեղծվածային: Եվ եթե տեսազանգ լիներ, դեմքին կկարդացվեր՝ կամ թե չկամ, մե՞կ չէ ձեզ համար: 
 
… Կլոր ջահերը պտտվում են՝ մեծ ու փոքր, փոքր ու մեծ: Նրանց պտույտները կյանքի ունայնության ակնարկ են, շարունակվող կյանքի ակնա՛րկ… ակնարկ՝ արցունքոտ հոգով ժպտալ կարողացող մի մարդու մասին:
 
 
Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
թատերագետ