Պարոնա՛յք, անպայման դիտեք այս ներկայացումը

ԱՅՆ ՀԵՆՑ ՁԵ´Զ ՀԱՄԱՐ Է

Որքան գեղեցիկ է կինը, որքան գայթակղիչ, որքան որ խորհրդավոր՝ նույնքան և վտանգավոր է: Վտանգավոր է, հատկապես, երբ հայտնվում է բարում, երբ անխոս է ու դեղատուփի մեջ մահաբեր հաբեր ունի, երբ ձեռքին դանակ է, երբ հարսանեկան զգեստով է: Եվ այս կանայք Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմահարթակում են՝ մեծանուն թատերական մանկավարժ, գործիչ, բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահում: 
 
Ապրելու իմաստը կորցրած, սահմանային հոգեվիճակում հայտնված, վիրավորված, ցասումնալից կանանց հետ գործ ունի բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը, ներեցե´ք, ավելի ճիշտ՝ բարմենը (Տիգրան Նահապետյան): Համեստ, հումորով, իր գործի նրբությունների գիտակ, բաժակի և տեկիլայի կամ վիսկու շշերի վարպետ խաղարկումով և ամենագլխավորը՝ միակ տղամարդը այս բեմում:
 
Հարյուրավոր բեմադրությունների հեղինակ Հակոբ Ղազանչյանը հայտնի է նաև մեր բեմերում դեռևս չբեմադրված ժամանակակից արտասահմանյան հեղինակների պիեսների բեմադրությունների իր նախասիրությամբ: Ժամանակի ամենասուր հարցերից չվախեցող ու կապանք չճանաչող այս բեմադրիչը, որը հաճախ մեկ քայլ առաջ է ներկայից, իր բեմադրացանկում  համամարդկային թեմաներով ներկայացումների կողքին է դասել ֆրանսիացի մեր օրերի հեղինակ, թատերական գործիչ Սերժ Սանդորի պիեսի հիման վրա իր՝ կնոջ գնահատման, արժևորման խորհրդով, մեր հասարակության կողմից կնոջ դերի կարևորման մասին նոր բեմադրությունը:  
 
Բեմը կամերային միջավայրում մինիմալիստական վճիռներով հանդիսատեսին տրամադրում է մտերմիկ զրույցի: Բեմադրիչը դասական գույներով է կազմակերպել բեմական տարածությունը: Առատորեն օգտվել է խորհրդանշական կարմիրի ընձեռած հնարավորություններից ու հերոսների կրքոտ ու բախումնալից ապրումների մեկնողը դարձրել այն: Սև գույնը համեստորեն զիջում է, բայց ևս գործող ընդգրկուն գույն է: 
 
Բեմում բարն է՝ իր ողջ անհրաժեշտ կահավորումով: Պատերը զարդարված են երաժշտական սկավառակներով, այցելուների սեղանիկն է՝ անհրաժեշտ քանակով աթոռներով: Չմոռանա´նք աղբամանի մասին: Որքան որ հումորով է բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը կյանքում, նույնքա´ն և հումորով է բեմում: Ի՞նչ եք կարծում, կտուժե՞ր բեմադրությունը, եթե չլիներ աղբամանը: Անշուշտ՝ ո´չ, բայց արի ու տես, որ բեմի կենտրոնում հանդիսավոր, տիրոջ իրավունքով տեղակայված է այն, ավելին՝ գունավորված, սև՞, ո́չ, կարմի́ր: Հայտնի ճշմարտություն է՝ բեմում աննպատակ ու չպատճառաբանված ոչինչ չի լինում: Ի՞նչ եք կարծում, իրավունք ունե՞ր աղբամանը բեմում լինելու և իրեն օտար ի՞նչ կամ ո՞ւմ պիտի պարունակեր այն: 
 
Ներկայացումը ավելի շատ դերասանակենտրոն է: Բեմադրիչը հիմնականում առաջ է մղում դերասաններին: Հ.Ղազանչյանը հերոսների փոխհարաբերությունները հիմնականում զուսպ ու նուրբ «վրձնահարվածներով» է զարգացրել: 
 
Բեմում շիկացած մթնոլորտը թրատվում է բեմական դադարով, պարային համարով:  
Բեմադրիչը ճիշտ ռեժիսորական խնդիրներով է զբաղեցրել նրանց, որոնց շնորհիվ դերասանուհիները կարողանում են հավաստի ներկայանալ՝ իրենց հերոսուհիների անհավասարակշիռ ու հոգեբանական բարդ իրավիճակներում: 
 
Բեմադրիչին հաջողվել է ի դերև հանել տարիքով, զբաղմունքով իրարից տարբեր կանանց հոգում կաթիլ առ կաթիլ կուտակված զգացմունքները, որոնք դուրս են ժայթքում ներկայացման կուլմինացիոն տեսարանում՝ թեթևություն ու խաղաղություն բերելով նրանց: 
 
Առաջին կնոջը բեմադրիչը բեմ է բերում անաղմուկ: Առաջին հայացքից անսովոր ոչինչ չմատնող կեցվածքով կինը (Լարիսա Ղևոնդյան), այնուհանդերձ, մատնում է իր հոգում տեղի ունեցող փոթորկի զսպել ջանալը: Դողացող շուրթերը, ինքնամփոփ, մտազբաղ, մի կողմ թեքված դիրքով նստած  վիճակը, տեկիլա պահանջող մատի թխկոցը, բարմենի շատախոսությունը կանխող սուր հայացքը հուշում են, որ նա հարաբերությունների խզման ու վերջակետ դնելու ի´ր լուծումն ունի՝ ո´չ միայն մտքում, այլև՝ պայուսակում: Դերասանուհին վարպետորեն է կերպավորել իր հերոսուհուն: Հեռախոսազանգերին հաջորդող նրա անհավասարակշիռ վարքագիծն անգամ արդարացված է․ հայացքը անհուն ցավ է ընդգրկում, շարժումները մատնում են անտարբեր թվալու ջանքերը: Ի տարբերություն մյուս երկու կանանց՝ Լ. Ղևոնդյանի հերոսուհին ավելի զուսպ է, ավելի հավասարակշռված, շատ բան տեսած ու ապրած մարդու հանդարտությամբ ու հեգնանքով: 
 
«Կանացի կերպարանքների» երկրորդ հերոսուհուն բեմադրիչը բեմ է բերում պայթյունի պես: Խելագարի կեցվածքով բեմ նետված Հասմիկ Մխիթարյանի հերոսուհին զինված է դանակով, խոստանում է մահ չսփռել: Դերասանուհին հաջողությամբ է կերպավորում ամուսնուն դանակի հարված հասցրած կնոջ իր հերոսուհուն: Նա հետաքրքիր հայացք ու ձայն ունի: Հրացայտ աչքերը ավելի սպառնալից են, քան դանակը, որը ձեռքից վայր չի դնում: 
 
Բեմում հաջորդ պայթյունը երրորդ կնոջ մուտքն է՝ հարսնացուն  (Նելլի Ճաղարյան), որը, գեղեցիկ ճերմակ հանդերձով զարդարված՝ դաժանաբար «Ոչ» է ասել փեսացուին: Հետաքրքիր է, չէ՞: Պատկերացրեք մի պահ հարսանեկան արարողակարգի յուրաքանչյուր ձանձրալի քայլը կռահող ներկաների աչքին որքան զարմանալի է թվացել դասական սցենարից շեղումը: Այդ նոր, անսպասելի, համարձակ «Ոչ»-ը  ո´չ միայն ցնցող նշանակություն է ունեցել, այլև ավարտ ու սկիզբ է հանդիսացել: Երիտասարդ դերասանուհին քնքուշ գույներով է ներկայացնում վճռական այս հարսնացուին: Անորոշ, մտամոլոր հայացքում ցավի ու կործանված ապագայի գիտակցումն է:  
 
Որքան էլ որ ողբերգական են դասավորվել այս հերոսուհիների ճակատագրերը, այնուհանդերձ, բեմադրիչը իրեն հատուկ հումորով է կոտրում այդ հնչեղությունը՝ մի փոքրիկ դետալով, կամ վճռով, կամ՝ նախադասությամբ: Լարիսա Ղևոնդյանի հերոսուհին իր ապրած կյանքի ողջ դառնությունը խտացրած արտաբերում է «of course»: Մկնդեղից հետո արթնացած բարմենը կտորե գլխակապով և ակնոցով է, հարսնացուն զարմանում է, որ իրեն այդտեղ չէին սպասում և այդպես շարունակ:
 
Երիտասարդ դերասան Տիգրան Նահապետյանին հաջողվում է համակրելի դարձնել իր հերոսին: Նա մեկ դողահար տեղաշարժվում է բեմում՝ հայացքը դանակից չկտրելով, մեկ կակազում է, մեկ արտիստիկ շարժ ու ձևով բարմենի իր հմտություններն է ի ցույց դնում, մեկ էլ իր ճակատագիրն անիծող հայացքով հետևում է կանացի այս կերպարանքներին: Դերասանը գունեղացրել է իր կերպարը՝ արդարացված վարքագծով:
 
Հ. Ղազանչյանի բեմական ընդհանուր մտածողությունը կազմված է կոմպոզիցիոն վճիռներից: Յուրաքանչյուր կոմպոզիցիա ներկայանում է հոգեբանական խոր ընդգծումներով, ընդմիջվում է բեմական դադարով, պարային արտիստիկ միջանցիկ համարով: Բեմադրիչը գործողությունները զարգացնում է երկու հարթությամբ: Վերևի հարթությունը տղամարդու հագ ու կապով դրվագից-դրվագ անցում ապահովող առկա տիրույթն է, ներքևինը՝ բարմենի ու երեք կանանց: 
 
Բեմադրության մեջ ամենաազդեցիկ տեսարանները հոգեբանական ողջ պրկվածությունը արտահայտող պարային հատվածներն են՝ (պարերը՝ Արտյոմ Գևորգյանի) Պատրիսիա Կաասի հոգեթով երգերի ներքո: Հերոսուհիները մի դեպքում աթոռներով, մի դեպքում՝ առանց, պարում են, և որ ամենախորհրդանշականն է՝ վերջում գալիս ու գրկախառնվում են՝ կարծես փրկօղակ կազմում: Թվում է՝ այս միախմբվածությունն ամոքում է նրանց, ասես ցավը վերանում է, ասես փրկությունը ոչ թե մահն է (կապ չունի՝ թե ում), այլ ապրելը՝ ողջ ուժո´վ, հավատո´վ:  
 
Տղամարդու և կնոջ փոխհարաբերությունները շարունակ քննվում են, պարզաբանվում, հին ու նոր ամսագրերը, համացանցը «դեղատոմսեր» են առաջարկում, բրիտանացի գիտնականները իրենց անօգուտ փորձարկումներն են անում, իսկ այդ հարաբերություններն այդպես էլ մնում են առեղծվածային: 
 
Պատմությունն իշխող կանանց, վրիժառու կանանց, ճակատագրական կանանց, հանցավոր կամ անձնազոհ կանանց շատ անուններ ունի իր էջերում, համաշխարհային գրականության մարգարիտներից շատերը կնոջ փառաբանումն են և այդպես շարունակ: Այս կանանց հատկանիշներն իր մեջ կրում է յուրաքանչյուր կին: Եվ որքան էլ վիճելի հնչի, որքան որ անհավանական, այնուհանդերձ, հարգելի´ տղամարդիկ, այդ դու´ք եք ձեր վերաբերմունքով որոշում, թե կնոջ ո՞ր տեսակին եք արժանի: 
 
Պարոնա´յք, դիտե´ք այս ներկայացումը, քանի որ այն հենց ձե´զ համար է: 
 
 
Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
թատերագետ