Դասընթաց-սեմինար՝ «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները»

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ

Ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, տեղի Ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի գործիչների միության օժանդակությամբ տեղի ունեցավ «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթաց-սեմինար։ 
 
Դասընթացին մասնակցում էին միավորման անդամ ութ դատապարտյալներ․ այն վարում էր մտահղացման հեղինակ, Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ, ՔԿՀ ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։
 
Դասընթացին հաջորդեց «հաշվետու» թատերականացված միջոցառումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ըստ էության միջոցառումը յուրօրինակ մի ներկայացում էր, որտեղ գործող անձերի մեծամասնությունը թատրոնի հետ ինչ-որ չափով կապ ունեցող պատմական կերպարներ էին։ Հենց այս կերպարների` հույն պատմիչ Պլուտարքոսի, հայոց արքա Արտավազդ Երկրորդի, Խորեն եպիսկոպոս Ստեփանեի, Պետրոս Ադամյանի, Կոնստանտին Ստանիսլավսկու, Անտոն Չեխովի, Ռուբեն Զարյանի, շեքսպիրյան հերոս Համլետի, «Կատակերգության» և «Ողբերգության» շուրթերով հանդիսականին ներկայացրին հայոց 2000 ամյա թատրոնի անցած ողջ ուղին։ 
Տեղի ունեցած միջոցառումների մասին փորձեցինք հետաքրքրվել կազմակերպչից, մասնակիցներից և հանդիսատեսից։ 
 
- Պարո՛ն Մխիթարյան, Ձեր ժամանակը բավական հագեցած է` որպես ստեղծագործող և հասարակական մշակութային գործիչ։ Դուք Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ եք և ղեկավարում եք Միության միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովը, հանդիսանում եք Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարը, համակարգում եք Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի մրցութային կազմկոմիտեի աշխատանքները և սա միայն սկիզբն է Ձեր ներկա հագեցած օրակարգի ցանկի։ Ինչպե՞ս ժամանակ գտաք և ի՞նչը մղեց՝ իրականացնել «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» դասընթացը, ապա՝ «Թատրոնը և ժամանակը» թատերականացված միջոցառումը։
 
- Մեծ հաշվով, յուրաքանչյուր բան, ինչ մենք անում ենք կյանքում` գալիս է անհրաժեշտությունից։ Ձեր նշած օրակարգս ևս անհրաժեշտաբար է եկել իմ կյանք, այս դասընթացն էլ, հաջորդող միջոցառումն էլ։ Ես, փառք Աստծո, պատիվ ու բախտ եմ ունեցել լինել իմ ժամանակի մեծագույն արտիստների՝ Գևորգ Չեփչյանի, Սոս Սարգսյանի, Ռաֆայել Ջրբաշյանի, Երվանդ Մանարյանի և հիշարժան այլ անձանց կրտսեր բարեկամը։ Ութսունի, երբեմն՝ իննսունի շեմը հատած արտիսների հետ շփվելով, տեսնելով նրանց աչքերի փայլը՝ թատրոնին առնչվող թեմաներ շոշափելիս, ակամա հիշում էի մեծն Սևակի խոսքերը` «Անձիս, տարիքիս վայել չէ, գիտեմ, ինձ պետք է հիմա հոնքերը կիտել, ինձ պետք է հիմա կարգին լրջանալ...»։ Ու հենց այդ պահին էլ հասկանում էի, որ այս մարդիկ ամենալուրջն են ու ամենալուրջ գործն են անում, նրանք պահպանում են ազգային մշակույթը։ Այդ մշակույթը նրանց ավանդվել է քսաներորդ դարի առաջին կեսին, ու նրանք այն բերել են մեզ, մենք պարտավոր ենք վերցնել այն ու առաջ տանել՝ հետագայում վերահաս սերունդներին փոխանցելու պատրաստակամությամբ ու պատվախնդրությամբ։ Ու երբեք չպետք է մոռանանք այն անունները, որոնք ոսկե տառերով են գրված ազգային թատրոնի պատմության էջերում։ Հայը պետք է իմանա իր ազգի պատմությունը, պետք է ծանոթ լինի իր ազգի անձնագրին։ Ահա այս անհրաժեշտությունից բխեց դասընթացը։ 
 
Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա դա ևս անհրաժեշտություն էր։ Հաշվետվողականությունը լավ բան է։ Հայաստանի մշակույթի գործիչների միության մեր գործընկերները վստահել էին ինձ այդ պատասխանատու գործը, որի ավարտին պետք է մասնակցության հավաստագրեր շնորհեին մասնակից տղաներին։ Մեզ վստահել էր քրեակատարողական ծառայությունը, քրեակատարողական հիմնարկը... և ո'չ միայն վստահել էր, այլև արել հնարավորը՝ նախատեսվածն իրականություն դարձնելու։ Մենք պարտավորված էինք ցույց տալ այն աշխատանքը, որը տարվել էր։ Բացի այդ, տղաները աննախադեպ մոտեցում ցուցաբերեցին դասընթացին, մասնակցեցին մեծ պատասխանատվությամբ և նախաձեռնողականություն ցուցաբերեցին շատ հարցերում։ Հետագայում նրանց կողմից լրացված թեստերի արդյունքները և ապա դերախաղը՝ խոսքերիս մեծագույն վկայությունն են։ Խնդիր էի դրել իմ առաջ՝ ցույց տալ նրանց նվիրումը։ Նման աշխատանքը չպետք է աննկատ անցներ։
 
- Օժանդակողներ շա՞տ եղան, ի՞նչ խնդիրների բախվեցիք։
 
- Խնդիրներ, իհարկե, կային։ Փակ տարածություն, ռեժիմային գոտի, խիստ օրակարգ, սահմանափակ ժամանակ և ռեսուրսներ` ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆիզիկական` հագուստից մինչև անհրաժեշտ այլ պարագաներ։ Ես փորձեցի անել «հայավարի», առաջին հերթին դիմելով ծանոթ-բարեկամ գործիչներին։ Ի պատիվ նրանց՝  շատերը պատրաստակամ եղան։ Չեմ կարող չնշել նաև այն հանգամանքը, որ աչքի ընկնող թատրոններից մեկն ասել էր, թե՝ քրեակատարողական հիմնարկ հագուստ չեն ուղարկի։ Եթե կկարդան Ձեր նյութը, թող իմանան, որ ամոթի մի մեծ ուղեբեռ ունեն շալակած` անկախ նրանից` զգում են ծանրությունը, թե ոչ։ Մեծապես օժանդակեցին «Միհր» թատրոնը` ի դեմս գեղարվեստական ղեկավար և իմ վաղեմի ընկեր Ցոլակ Մլքե- Գալստյանի, «Էլ-Մար» արվեստի ինստիտուտը՝  ի դեմս տնօրեն, դերասան Արմեն Դալլաքյանի։ Որոշ հագուստներ պատրաստեցինք մեր ձեռքերով, որոնք ներկվեցին ու բեմական տեսքի եկան «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութերով։ Առհասարակ, թեկուզ բարոյապես` մեծ էր աջակցությունը և հավատը, որ դատապարտյալները կկարողանան ինքնուրույն, առանց կողմնակի ազդեցության արդյունքի հասնել։ Այս առումով էլ մեր կողքին եղան «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն ՝ ի դեմս նախագահ Սեյրան Չիլինգարյանի, «ԱրԼուր» լրատվական կայքը՝ ի դեմս ղեկավար, լրագրող Լուսին Ղազարյանի։ Սակայն, այնուամենայնիվ ամենամեծ հավատը ՀՄԳՄ նախագահ Նարինե Մակրտումյանինն էր, մեր լավ բարեկամինն ու տաղանդավոր բանաստեղծուհունը։
 
- Ովքե՞ր էին հյուրերը, ի՞նչ տպավորություններ հայտնեցին։
 
- Հյուրեր կային քրեակատարողական ծառայությունից, պրոբացիայի ծառայությունից, մեծամասամբ հին և, իհարկե, նոր բարեկամներ։ Նոր բարեկամների շարքում կուզեմ առանձնացնել «Մաչանենց» թատրոնի, «Նուռ» հեռուստաընկերության ղեկավար կազմին, Էջմիածնի «Մհեր Աբեղյան» թանգարանի տնօրեն Մանուշակ Հովհաննիսյանին որոնց հետ, վստահ եմ, դեռ համագործակցելու առիթներ կունենանք, մանավանդ, որ Ինքնագործ միավորումը մեծ ծրագրեր ունի 2024 թվականի համար` պոեզիայի երեկոներից մինչև պրոֆեսիոնալ ներկայացում, 2024 թվականը հոբելյանական է անմահ պոետներ` Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի համար և, ինչպես նշեցի` մենք պարտավոր ենք հիշել մեր հեռավոր ու ոչ հեռավոր նախնիներին։
 
Ինքնաբացահայտումներ
 
Միջոցառման մասին խոսեցինք նաև մասնակիցներից մի քանիսի` Ռուբեն Զարյանին մարմնավորած` Մարատ Սարգսյանի, Համլետի դերակատար Կարեն Դալլաքյանի և ազգությամբ հույն դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի հետ, ով մարմնավորում էր հույն պատմիչ Պլուտարքոսին.
 
- Նախ՝ հաճելի ժամանց ու հիշարժան օրեր էին դասընթացների և փորձերի այն կարճ շրջանը, որ եղավ։ Հետո՝ գիտելիքներ ստացանք, որը ստիպեց ավելի խորը տիրապետել մեր մշակույթի պատմությանը, ճանաչել գործիչներին, իմանալ նրանց կյանքն ու գործը։ Սա էլ իր հերթին ստիպեց ավելի լուրջ վերաբերվել թատրոնին և խորապես ընկալել նրա դերն ու նշանակությունը հանրության մեջ ու նրա համար,- ասաց Մարատ Սարգսյանը։
 
- Մասնակցելով այս նախաձեռնությանը` ես ինձ նորովի բացահայտեցի։ Երբեք, բեմում՝ որպես դերասան ելույթ չէի ունեցել, ու չգիտեի, թե ինչի եմ ունակ։ Չնայած ներքին համոզմունք ունեի, որ կարող եմ: Ես երբեք Համլետի խաղ չեմ տեսել, բայց պատկերացնում էի էնպես, ինչպես որ խաղացի: Ինձ համար շատ տիպիկ ընտրված կերպար էր, կարծում եմ ևս երկու կերպար կար, որոնք կարող էի մարմնավորել` Արտավազդ արքան և Խորեն եպիսկոպոս Ստեփանեն, բայց այդ դեպքում, կարծում եմ՝ Համլետը կտուժեր, իսկ նա ինձ համար ավելի հոգեհարազատ էր։ Ի վերջո դերաբաշխում անողը ռեժիսորն է ու, ես վստահ եմ, որ բոլոր կերպարների ընտրությունը ճիշտ էր, - մեզ հետ զրույցում նշեց Կարեն Դալլաքյանը։
 
- Ես երեք բարձրագույն կրթություն ունեմ, սակայն ուրախությամբ մասնակցեցի «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» դասընթացին, քանի որ այն ինձ նոր գիտելիք ու իմացություններ տվեց, որոնք ես հաստատ չունեի։ Եթե անգամ, կյանքում, որպես մասնագիտական գիտելիք պետք էլ չգա, զրույցներում, բանավեճերում կարող եմ վստահ խոսել՝ գիտենալով, որ իմ առաջ քաշած միտքը հիմնավորապես ճիշտ է` հիմնված պատմական փաստերի վրա։ Ուրախ եմ, որ ինձ վստահվեց հենց Պլուտարքոսի կերպարը, որին կենդանություն տվեցի երկու հազարամյակների հեռուներից,- ասում է Վիտալիոս Խիոնիդիսը։
 
Կարևորը՝ որ դատապարտյալները կարող են
իրենց ունակությունները ցույց տալ
 
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց.
 
- Ինձ համար կարևոր գործոնն այն էր, որ դատապարտյալներն ունեն ինքնադրսևորվելու հնարավորություն, այսինքն` քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ ստեղծվել է այնպիսի՛ հնարավորությունների դաշտ, որ դատապարտյալները կարողանան իրենց ունակությունները ցույց տալ և փոխանցել մյուսներին։ Նշյալ միջոցառման կազմակերպիչը՝ Մուշեղ Մխիթարյանը, մշակութային գործիչ է․ մարդ, ով տիրապետում է բեմարվեստին ու ընդհանրապես՝ արվեստի պատմությանը, և կարևոր է, որ գիտելիքների փոխանցման ինստիտուտ է ձևավորվում` ի դեմս Ինքնագործ միավորման։ Նման նախաձեռնությունները դատապարտյալների համար արդյունավետ զբաղվածություն են ապահովում, նրանք զերծ են մնում բացասական ազդեցություններից, իսկ միտքը զբաղված է լինում արդյունավետ գործունեությամբ։ Սա, իհարկե, դրական է անդրադառնում հետագայում նրանց գործերի վրա՝ պայմանական վաղաժամկետի ժամանակ, նաև անվտանգության գոտիներ կամ գոտների պայմանները փոխելու հարցում, այսինքն` դրական բնութագրի, խրախուսանքի հիմք է։ Այս միջոցառմանը մասնակցում էին համակարգի մի շարք ներկայացուցիչներ` քրեակատարողական ծառայությունից, պրոբացիայի ծառայությունից, իսկ դա դրական է այն առումով, որ դատապարտյալները կարող են աչքի ընկնել և, իհարկե՝ օրինակ ծառայել այլ դատապարտյալների համար։ Առհասարակ, դրական է, որ քրեակատարողական հիմնարկը կապեր է ստեղծում մշակութային կազմակերպությունների ու անհատ գործիչների հետ, սա նպաստում է, որ դատապարտյալները հնարավորինս մոտ լինեն հասարակությանը, իսկ հասարակության կարծրատիպերը քրեակատարողական հիմնարկներր և դրանցում պահվող անձանց մասին` կոտրվեն։
 
Հայաստանի մշակույթի գործիչների միության նախագահ Նարինե Մակրտումյանն իր խոսքում նշեց, որ քրեակատարողական հիմնարկի հետ կապը ստեղծվել է դեռ միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Գուրգեն Բալայանի օրոք, ով հաճախ էր այցելում Ինքնագործ միավորման անդամներին։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ ՀՄԳՄ ջանքերով իրականություն դարձավ ևս մեկ հանրօգուտ նախաձեռնություն, որը հետաքրքրություն առաջացրեց մշակութային ու հասարակական հանրույթի համար։ Շատերը ցանկություն էին հայտնել տեսնելու դատապարտյալների ներկայացումը, որոշ մտավորականներ, որոնցից են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը և Հայ գուսանների միության նախագահ գուսան Հայկազունը, իրենց ողջույններն էին հղել տեսաուղերձի միջոցով։ 
 
- Սիրելի՛ բարեկամներ, հարազատնե՛ր, ցավոք սրտի Հայաստանում չեմ, այլապես մեծ սիրով կմասնակցեի ձեր կազմակերպած միջոցառմանը։ Ուզում եմ շատ մեծ հաջողություններ ցանկանալ։ Դուք ստեղծագործում եք, իսկ ստեղծագործելը հատուկ է ազատ մարդկանց։ Համոզված եմ, որ շատ շուտով մենք կհանդիպենք տարբեր հարթակներում, կուրախանանք միմյանց ստեղծագործ աշխատանքով, միգուցե՝ համատեղ աշխատանքով և լույսը միշտ կլինի մեր առջևում։ Ձեզ հաջողություն և մեծ-մեծ շնորհավորանքներ, -իր տեսաուղերձում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։
 
- Մի քանի անգամ առիթ եմ ունեցել այցելելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպելու Ինքնագործ միավորման անդամ տղաներին, որոնցից շատերը նաև ստեղծագործում են։ Օրեր առաջ Միավորման նախագահ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանից իմացա, որ տեղի է ունեցել «Ազգային թատրոնը և բեմարվեստի հիմունքները» խորագրով դասընթաց-սեմինար և, որ պատրաստվում է թատերականացված միջոցառում սեմինարի մասնակից տղաների մասնակցությամբ։ Ափսոսում եմ, որ ներկա գտնվել չեմ կարող, իրենց համար պատասխանատու այս պահին։ Թատերական արվեստը շատ հին է, գուցե ամենահինը բոլոր արվեստներից։ Առաջին դերասանները հենց գուսաններն են եղել։ Հազարամյակներ շարունակ, մենք՝ գուսաններս և բեմարվեստի գործիչները, միմյանց ենք փոխանցել արվեստի անմար ջահը,և ես վստահ եմ, որ նման նվիրական աշխատանքի շնորհիվ ջահը մնալու է անմար և փոխանցվելու է գալիք սերունդնեին, - իր տեսաուղերձում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՄԳՄ անդամ, անվանի կոմպոզիտոր, գուսան Հայկազունը։
 
«Ո՛չ միայն զարմացած, այլև հիացած եմ»
 
Միջոցառմանը ներկա գտնվողներից գրող, լրագրող, «ԱրԼուր» լրատվական կայքի ղեկավար Լուսին Ղազարյանը, հարցին, թե ի՞նչ տպավորություններ ստացավ միջոցառումից՝ պատասխանեց․
 
- Բազմիցս ներկա եմ եղել և լուսաբանել եմ, հատկապես՝ վերջինը, որ գլուխգործոցն էր մինչ այս իրականացված միջոցառումների։ Ես ո՛չ միայն զարմացած, այլև հիացած եմ, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալները կարող էին կերտել հանճարեղ մարդկանց կերպարներ, դրա համար շնորհակալություն եմ հայտնում Մուշեղ Մխիթարյանին՝ լավ դրամատուրգին և արժեհամակարգ ունեցող մարդուն, ով կարողանում է դատապարտյալների հետ աշխատել այնպես, որ նրանք հայտնվելով ազատության մեջ՝ հեշտությամբ ինտեգրվեն հասարակությանը և բոլոր մեղքերը քաված՝ նոր կյանք սկսեն։ Շնորհակալություն Մխիթարին և ՀՄԳՄ նախագահ Նարինե Մակրտումյանին՝ Նարե Ականցին։ Շնորհակալություն նաև դատապարտյալներին, որ կարողացել էին ուժ գտնել իրենց մեջ։ Ես տեսնում էի նրանց լրջությունը և պատասխանատվությունը ստանձնած առաքելության հանդեպ։ Համոզված եմ, այս ուղին ընտրած և այս ճանապարհով անցնող դատապարտյալների մեծ մասը հայտնվելով ազատության մեջ, այլևս չեն անի որևէ հանցանք ու կդրսևորեն իրավահպատակ վարքագիծ։ Չէ՞ որ հանցագործ չեն ծնվում, հանցագործ դառնում են։ Եվ, ես չեմ բացառում նաև այն հավանականությունը, որ այս մարդկանցից շատերն ազատության մեջ էլ կշարունակեն զբաղվել արվեստով։
 
«Էլ-Մար» ստեղծագործական արվեստի ինստիտուտ կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց․
 
- «Հանուն ազատության» ՀԿ-ի հետ համատեղ, ֆիլմի ցուցադրության նպատակով եղանք Հայաստանի ինը քրեակատարողական հիմնարկներում։ Եղա նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և բավականություն ստացա տեղի ինքնագործ մշակութային միավորումից, որ տարբեր տարիքի, հետաքրքրությունների տեր մարդիկ համախմբվել են մշակույթի շուրջ և ես, որպես «Էլ-Մար» ստեղծագործական արվեստի ինստիտուտ կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, որպես ստեղծագործող, որպես դերասան փորձեցի համագործակցել։ Երբ Միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ ներկայացում է բեմադրում, ես առանց մտածելու ասացի, որ պատրաստ եմ օգնել բեմական հագուստի հարցում։ Իսկ, երբ ներկա եղա միջոցառմանը, հասկացա, որ դատապարտյալները հեռու չեն իրականությունից։ Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, բարդ է խորը մասնագիտական վերլուծություն անել, մանավանդ, երբ դերակատարները պրոֆեսիոնալներ չեն և զրկված են տարական հարմարություններից, որոնք մարդիկ ունեն ազատության մեջ։ Արդեն Մուշեղ Մխիթարյանի հետ պայմանավորվել ենք կազմակերպել թատերարվեստի՝ բեմական խոսքի վերաբերյալ վարպետաց դաս՝ Ինքնագործ միավորման անդամների շրջանակում։ Վստահ եմ, որ լավ կլինի և միասին մեծ ձեռքբերումներ կունենանք։
 
Հայաստանի մշակույթի գործիչների միությունը հավաստագրեր շնորհեց դասընթացի մասնակիցներին, իսկ օժանդակողներին պարգևատրեց շնորհակալագրերով և պատվոգրերով։ Պատվոգրի արժանացավ նաև Մուշեղ Մխիթարյանը։ Հետևում թողնելով պատմության մեջ նմանը չունեցող այս նախաձեռնությունը, Միությունն  իր պատրաստակամությունն է հայտնում նմանօրինակ միջոցառումներին օժանդակելու հարցում։ Ուստի, վստահ ենք, որ առաջիկայում այս առումով դեռ ասելիքներ կունենանք։
 
Նելլի ՂԱՐԻԲՅԱՆ
ՀՄԳՄ վարչության անդամ, 
Միության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար