«Ափսոսում եմ չարածներիս համար»

ԻՎԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԻԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՆԵՖԻՍԸ

 
Երևանի «Նարեկացի արվեստի միության» դահլիճում տեղի ունեցավ Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի՝ ՀՀ վաստակավոր լրագրող, «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր, հինգ գրքի հեղինակ Ֆահրադ Ափուջանյանի կյանքին, անցած ճանապարհին և խմբագրական գործունեության 25-ամյակին  նվիրված ֆիլմի ցուցադրությունը: Ներկա էին հյուրեր ոչ միայն Երևանից, այլև հանրապետության տարբեր մարզերից:  Հյուրերի թվում էին  արտիստներ, երգիչներ, գրողներ, գիտնականներ, զինվորականներ, պետական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, մայրաքաղաքի մտավորականության լայն շերտերը ներկայացնողներ: Իր բացման խոսքում «Նարեկացի արվեստի միության» գործադիր տնօրեն Լևոն Իվանյանն ասաց. 
 
- Սա «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հետ երկրորդ հանդիպումն է «Նարեկացի արվեստի միության» դահլիճում, թերևս կա մեր պատրաստակամությունը՝ այդ շարքից ևս մեկ ֆիլմ ցուցադրելու աշնանը: Այսօր հետաքրքիր է նրանով, որ ֆիլմը նվիրված է Լոռու մարզի մշակութային դաշտի ամենակարևոր անձերից մեկի՝ Ֆահրադ Ափուջանյանի, գործունեությանը, ով մարզի թե՛ մշակութային և թե՛ հասարակական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից է:
 
Հավատարիմ «Նարեկացի արվեստի միությունում» ձևավորված ավանդույթին՝  ստեղծագործական բեղուն գործունեության խորհրդանիշ նուռ-հուշանվեր հանձնվեց օրվա հերոս Ֆահրադ Ափուջանյանին: Նպատակն էր է՛լ ավելի հիշարժան դարձնել մեծարման ցերեկույթը: Միջոցառումը վարեց «Մովսես Խորենացի» մեդալակիր, արտիստ Ջիվան Սարգսյանը, ինչից հետո սկսվեց ֆիլմի ցուցադրությունը, որի  ստեղծագործական կազմի անդամներն են ֆիլմաշարի հեղինակ և ռեժիսոր Իվան Անտոնյանը, օպերատոր Ժորա Վարդանյանը, մոնտաժողներ Վարշամ Գևորգյանը, Էդգար Օհանյանը, լուսանկարիչ-մոնտաժող Հարություն Հովասափյանը, խմբագիր ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը: Ֆիլմում օգտագործվել է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը:
 
Ֆիլմի ցուցադրությունից հետո իրենց տպավորությունները կիսեցին մասնակիցներից մի քանիսը: ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն իր խոսքում նշեց, որ Ֆահրադ Ափուջանյանը Լոռու մարզի և Սպիտակի շրջանի մշակութային կյանքի կազմակերպիչներից և անխոնջ մշակներից մեկն է: Նրա նախաձեռնությամբ և Սպիտակի առա¬ջին քաղաքապետ, երջանկահիշատակ Սուրեն Ավետիսյանի ղեկավարությամբ ներդրվեց «Սպիտակի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու ավանդույթը: Կոչմանն առաջինն արժանացել է երգիչը, որի մասին որոշումը հանձնել է Ֆահրադ Ափուջանյանը 1997թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դահլիճում իր հոբելյանական երեկոյի ժամանակ:
 
- Դժվար է կյանքում Ֆահրադի նման մարդու հանդիպելը: Պարզ, համեստ, միամիտ, ազնիվ, հայրենասեր, ընկերասեր, ընտանիքասեր, երկրասեր: Զարմանալի՛, զարմանալի մարդ է Ֆահրադը,-իրեն բնորոշ անկեղծությամբ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: 
 
Իսկ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը խոսեց Ֆ. Ափուջանյանի պրոֆեսիոնալիզմի, ակտիվ քաղաքացիական կենսադիրքորոշման, բազմանդամ համերաշխ ընտանիքի՝ կնոջ, որդիների, թոռների մասին: 
 
Շնորհակալանքի խոսք ասացին ֆիլմի հեղինակ Իվան Անտոնյանը և օրվա հերոսը՝ ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. 
 
- Այս պահին շատ է հուզմունքը, զգացմունքները, բայցևայնպես՝ շնորհակալանքի խոսք եմ ուզում ասել ֆիլմի ստեղծագործական խմբին «Նարեկացի արվեստի միության» ղեկավարությանը այս հնարավորությունն ընձեռելու համար: Միաժամանակ ես հպարտ եմ իմ անցած ուղու համար, որը վկայում է, այն մասին, որ ես իզուր չեմ ապրել: Այն ինչ արել եմ, չեմ ափսոսում, ափսոսում եմ չարածներիս համար: Ես հպարտ եմ, որ այս դահլիճում են ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյա-նը, գեներալ-մայոր Ռաֆայել Կարապետյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգա-մավոր Վոլոդյա Բադալյա¬նը, ԽՍՀՄ նախկին ժող. պատգամավոր Նորայր Մուրադյանը և դուք՝ բոլորդ: Ֆիլմաշարի ստեղծագործական խումբը որոշել է անդրադառնալ նաև մարզից դուրս ապրող լոռեցիներին և շուտով ֆիլմեր կնկարահանվեն Ռուբեն Մաթևոսյանի, Ռազմիկ Դավոյանի, Մարինե Օթարյանի, Ռոբերտ Մաթոսյանի, Ռուբեն Սահակյանի և շատ ուրիշների մասին:  Կրկին շնորհակալ եմ:
 
 
Արմինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սպիտակ-Երևան