Առասպելական արյունածուծ գիշատիչ՝ Պուերտո-Ռիկոյում

Պուերտո-Ռիկոյի Բարսելոնետա գյուղի համայնքապետարանում վերջին մեկուկես ամսում տարօրինակ թռչող արարածներ սպանել են ավելի քան 50 հավ և ծծել են նրանց ամբողջ արյունը: Ինչպես հաղորդում է Primera Hora-ն, տեղացիները տագնապի մեջ են և ցանկանում են նորալուսնի գիշերը մեծ խմբով հավաքվել, որպեսզի հետևեն, բռնեն և սպանեն այդ գիշատչին:
 
Ականատեսների վկայությամբ՝ այն նման է առասպելական գորգուլ կոչվող դիվային արարածների: Հնում դրանց կերպարով հավելում էին շենքերի ճարտարապետությունը՝ թերևս չար ոգիներին քշելու նպատակով: (Հնարավո՞ր է՝ անվանման արմատը Գորոգոն մեդուզայի հետ է առնչվում):
 
Գյուղի բնակիչները համոզված են, որ այդ խորհրդավոր կենդանին ապրում է մերձակա լեռներում: Նրանք ցանկանում են հասնել այնտեղ և որպես ծուղակ՝ խայծով երեք վանդակ թողնել: 
 
Ամեն ինչ սկսվել է 2018թ. հուլիսի կեսերին Բարսելոնետայի խաղաղ գյուղական թաղամասում, որտեղ առաջներում երբեք նման բան չի եղել: Միանգամից հինգ ընտանիք նկատել է հավանոցներում սատկած հավեր և աքաղաղներ: Նրանց խոսքով՝ հավանոց մուտք գործողը շատ ուժեղ է եղել, քանի որ կոտրել և հեռացրել է վանդակների ճաղերը: Մի քանի հավեր գրոհից հետո դեռևս կենդանի են եղել, սակայն մեկ օր անց սատկել են թուլությունից կամ անհայտ ինչ-որ բանից:
 
Սպանված թռչուններից յուրաքանչյուրի կրծքին կամ վզին փոքրիկ անցք է եղել: Հավերի մարմինների կողքին արյան ոչ մի հետք չի եղել, այնպես որ ակնհայտ է՝ հարձակվողը հենց տեղում ծծել կամ հանել է սարքի օգնությամբ: Հանցանքի վայրում սպանողից ոչ մի հետք չի գտնվել: 
 
Տուժող ընտանիքները հայց են ներկայացրել տեղական ոստիկանություն, սակայն պարզվել է՝ Բարսելոնետայում հավերի վրա հարձակման ավելի շատ դեպքեր են եղել, ուղղակի մնացած ագարակատերերը հայցեր չեն ներկայացրել: Հետո արդեն տեղացի Սանտյագո Ռոդրիգեսը հայտնել է, որ տեսել է մի սարսափելի թռչող արարած, որը նման է առասպելական գորգուլի:
 
- Ես գորգուլին տեսա թռչելիս: Դա հաստատ նա էր: Եվ նա հիպնոսացրեց իմ շանը: Սկզբում ամեն ինչ լուռ էր, իսկ հետո աղմուկ լսեցի և երբ գնացի նայելու, անկյունում շանս տեսա: Շունս նստել էր և այնպես էր դողում, ասես սարսափելի ցուրտ էր: 
 
Սանտյագոն պատմել է, որ թռչող գորգուլին երկու անգամ է տեսել. մեկուկես ամիս առաջ, երբ ամեն ինչ սկսվեց և մեկ ամիս առաջ: 
 
- Դա պատահեց, երբ դեռ լիալուսին չէր: Ես բակի ավազանում լողանում էի, և երկնքով ինչ-որ սև բան թռավ: Ես շատ վախեցա, երբ նայեցի այդ թռչող արարածին: Դա շատ մկանուտ էր և նման էր թևավոր գազանի: Մոտավորապաես 150 սմ երկարություն ուներ:  
 
Ռոդրիգեսը կարողացել է իր տեսած այդ արարածին նկարել: Այն իսկապես նման է գորգուլի, ինչպես նաև մեկ այլ առասպելական դիվային հրեշի՝ չուպակաբրայի: Սա գիտությանն անհայտ մի կենդանի, որն արնաքամ անելով սատկացնում է ընտանի կենդանիներին ...
 
Ի դեպ, հենց Պուերտո-Ռիկոյում են առաջին անգամ սկսել պատմել «այծերի արյունածուծ» չուպակաբրայի մասին, իսկ նրա թևերի առկայությունը ոչ մի բան չի փոխում, քանի որ ականատեսները հաղոդել են նաև դրանց թևավորներ տեսակների մասին: 
 
Ռոդրիգեսի խոսքով՝ գորգուլին տեսնելու հաջորդ օրն իր հարևանը հավանոցում գտել է անշնչացած ու արյունազրկված թռչուններին: Նա նույնպես մտադիր է ըկերակցել գորգուլի համար ծուղակ պատրաստող  որսորդներին: