Եվ մայրաքաղաքը կսկսի շնչել

ԵՐԵՎԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔ-ԱՅԳԻ, ՀԱՆՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը 24 կետից բաղկացած իր պահանջներն է ներկայացրել Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ՝ կոչ անելով ստուգել հատկապես վերջին ամիսներին Երևանում հողահատկացումների, մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի և վարձակալությունների օրինականությունն ու վերանայել դրանք։
 
2010 թվականից ի վեր «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղերում՝ Ուսանողական այգում, Վիշապների պուրակում, Մաշտոցի պուրակում և այլուր մշտապես բարձրացրել է Երևանի հանրային տարածքերի պաշտպանության հարցը և պայքարել կոռումպացված պաշտոնյաների գործողությունների դեմ։ Այդ տարածքների մի մասը փրկվել է քաղաքացիական համառ ջանքերի արդյունքում։
 
- Երկար տարիներ հանրային տարածքի և հանրային շահի հաշվին մասնավոր շահի գերադասման և զանգվածային ապօրինությունների արդյունքում Երևանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ համատարած խախտվել են քաղաքաշինական նորմերը, քաղաքը զգալիորեն «բետոնապատվել» է, ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից, մեծերը' ծառերի ստվերում հանգստանալուց, իսկ երիտասարդները' շարունակաբար հոգնածություն և ուժերի անկում են զգում: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ «երիտասարդացել են» քաղցկեղն ու սրտային հիվանդությունները, ավելի տարածված են դարձել զանազան նյարդային հիվանդություններ:
 
Այգիների մաս առ մաս կառուցապատվում են, գերազանցելով օրենքով թույլատրելի տոկոսը և հաճախ հանգեցնելով այգուց լիակատար ոչնչացմանը: Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերի համար թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթե հաշվի առնենք նաև քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երևանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման և այն գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, առավել կարևորվում է կանաչ տարածքների անհրաժեշտությունը՝ քամիներից պաշպանելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար:
 
Երևանում ստեղծված քաղաքաշինական քաոսը հաղթահարելու համար «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ պահանջում է ձեռնարկել հետևյալ քայլերը. 
 
•  2019թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի, նոր այգիների ստեղծման համար հատկացվելիք գումարը և այն ծախսել ոչ թե կարճաժամկետ գեղեցկացման, այլ տևական էկոլոգիական վերականգնման և ծառաշատ անտառատիպ գոտիների տևական խնամքի վրա։ Կանաչ տարածները պետք է նախատեսված լինեն մարդկանց հանգստի համար և որևէ շեղում այդ ֆունկցիայից չպետք է թույլատրվի։
 
•  Լիարժեք բացահայտել բնապահպանության համար ծախսվող գումարների արդյունավետությունը, հրապարակել «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից իրականացվող առանձին ծախսերի և Երևանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն տեղեկատվությունը և ներկայացնել հաշվետվություն։
 
•  Անհապաղ կրկին ծառապատել Նորքի անտառը, Մոնումենտի լանջը, վերականգնել կորած մյուս ծառածածկ գոտիներն և կենտրոնի կանաչ օղակը, Դալմայի այգիների հատվածը…
 
 
Արդարացի պահանջ է ներկայացվում նաև դադարեցնելու հանրային տարածքներում Երևանի հատակագծի խախտումներով թույլատրված շինությունների կառուցումը հանրային կանաչ գոտիներում և ընդհանուր օգտագործման բակային տարածքներում՝ խիստ հսկողություն սահմանելով Երևանի գլխավոր հատակագծի խախտումներ թույլ չտալու համար: Ավելին՝ 
 
- Վերջ դնել այն արատավոր պրակտիկային, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոս կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կրկին կառուցապատվում է մնացած այգին, ինչի արդյունքում արդեն իսկ ոչնչացվել են Երևանի մեծածավալ հանրային այգիներ և պուրակներ։
 
- Վերականգնել բուսաբանական այգին և վերազինել ժամանակակից սարքերով ու հարմարություններով, ինչը պիտի դառնա Երևան քաղաքի կենսաբազմազանությունն ապահովող և շնչող քաղաքը վերահսկող և ուսումնասիրող գիտահետազոտական կենտրոն-այգի: 
 
- Վերականգնել և ավելացնել Երևանի բաց ջրային ավազանները՝ գետակները, լճերը, որոնք կբարձրացնեն քաղաքում օդի խոնավության մակարդակը, իսկ որոշ դեպքերում դրանց ջուրը կարող է օգտագործվել ոռոգման նպատակով կամ դառնալ կենսաբազմազանության վայր։ Վերականգնել փողոցների մայթեզրերի ծառապատումն ու թփերը, որոնք կարևոր ֆունկցիա են կատարում մեքենաների արտանետումների կլանման գործում։