Եկեղեցու ազգաշահ «միջամտություն»

ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Ավելին, ինչպես տեղեկացրել է JAMnews –ը՝ Վրաստանի կառավարությունն ու եկեղեցին պլանավորում են համատեղ խորհրդատվություն անցկացնել մարիխուանա աճեցնելու վերաբերյալ:
 
Նախ հիշեցնենք. սեպտեմբերի 11-ին Վրաստանի կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որի համաձայն՝ Վրաստանում թույլատրվում է մարիխուանայի մշակումը հետագայում այն բժշկական և կոսմետիկ նպատակներով արտահանելու համար: Նախաձեռնությունը մշակվել է ներքին գործերի նախարարության կողմից: Օրինագծում ընդգծվում է, որ Վրաստանում մարիխուանան աճեցվելու է բժշկական և կոսմետիկ նպատակներով արտահանելու համար:
 
Վրաց ուղղափառ եկեղեցու բողոքը, սակայն, փոխել է երկրի կառավարության պլանները. իշխող թիմը կասեցրել է բժշկական նպատակով մարիխուանայի աճեցում ու արտահանում ենթադրող օրինագծի շուրջ աշխատանքը:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» չի շտապելու օրինագծի ընդունման հարցում և պատրիարքարանի հետ խորհրդատվություն է անցկացնելու:
Խորհրդարանի նախագահի այս հայտարարությանը նախորդել է Սուրբ Երրորդություն մայր տաճարում համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մատուցած կիրակնօրյա պատարագը:
 
Բոլոր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Իլյա Երկրորդը Վրաստանի ամենահեղինակավոր և ազդեցիկ մարդն է: Նա դիմել է կառավարությանը:
 
- Կառավարությունը պետք է իր վրա վերցնի իրավիճակը չվերահսկելու համար պատասխանատվությունը: Նախագիծը չպետք է կապ ունենա մասնավոր հատվածի հետ: Հակառակ դեպքում մենք կկորցնենք իրավիճակի հանդեպ վերահսկողությունը… Մեր ինչի՞ն է այդպիսի տնտեսությունը, եթե մենք կորցնենք երիտասարդ սերունդը,- հայտարարել է պատրիարքը:
 
Հոգևորականները սեպտեմբերի 12-ին պատրիարքարանում այդ հարցի շուրջ հատուկ կոնֆերանս անցկացրին՝ «Նարկոքաղաքականությունը Վրաստանում. մարտահրավերներ և միջազգային փորձ» անվանումով:
 
- Մարիխուանայի աճեցման օրինականացումը, պետության մասնակցությունը դրան, ինչպես նաև արտադրությանը և վաճառքին, անթույլատրելի է, քանի որ այդ գործընթացը մի շարք ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ միջքազգային անվտանգության ռիսկերի տեսանկյունից,- ասված է Վրաստանի իշխանություններին ուղղված ուղերձում, որն ընդունվել է կոնֆերանսի ընթացքում:
 
Եկեղեցական աշխարհում ազդեցիկ միտրոպոլիտ, պատրիարքի տեղապահ Շիո Մուջիրին հայտարարել է, որ մարիխուանայի օգտագործումը հակասում է ուղղափառության սկզբունքներին և ավանդական ընտանեկան արժեքներին, ինչին, ըստ նրա, եկեղեցին երբեք չի համաձայնի:
 
Արժե նաև հիշատակել, որ այն բանից հետո, երբ կառավարությունը մարիխուանայի մշակման մասին օրինագիծ է ներկայացրել, հոգևորականները բողոքի երկու երթ են անցկացրել:
 
Ի՞նչ է պլանավորում կառավարությունը
 
Կառավարությունն ու եկեղեցին մտադիր են մարիխուանայի մշակման հարցի շուրջ համատեղ խորհրդատվություն անցկացնել:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն լրագրողներին հայտարարել է, որ օրինագծի նպատակն այն է, որպեսզի տվյալ ոլորտն առանց կարգավորումների չմնա: Ըստ նրա՝ կառավարությունը մարիխուանա աճեցնելու հարցում «խիստ» վերահսկիչ միջոցներ է նախապատրաստել, և բույսի մշակումը թույլատրված կլինի միայն բժշկական նպատակով:
 
Սեպտեմբերի 15-ին ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտարարել է, որ այդ օրինագիծը կօգնի Վրաստանը ներգրավել աճող միջազգային շուկա: Ըստ նրա՝ կառավարությունը մարիխուանայի արտահանումից մոտակա 2-3 տարում մեկ միլիարդ լարի եկամուտ է ակնկալում (մոտ 408 մլն դոլար):