Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասնհինգերորդ նիստը, որտեղ քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
 
Օրակարգում ընդգրկված հարցերից էր ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի (պետ. ցուցիչ՝ 10.4.10, հանրապետական նշանակության) տարածքի նորոգման էսքիզային նախագիծը. այն որոշակի վերապահումներով արժանացել է հավանության: 
 
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կողբացի փողոցի հ․51 շենքի հ. 2 բնակարան հասցեում մուտքի կազմակերպման, աստիճանավանդակի իրականացման, Կենտրոն վարչական շրջանի Բուզանդ 5 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Արձագանք» արձանի հարակից տարածքում թեյարանի կառուցման էսքիզային նախագծերը վերադարձվել են լրամշակման:
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ նիստում քննարկվել են նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ղորղանյան փողոց թիվ 103 բնակելի տան (պետ. ցուցիչ՝ 7.1. 4.355, տեղական նշանակության), ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով բնակավայրի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.38.1, տեղական նշանակության) վերականգնման և ամրակայման էսքիզային նախագծերը, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնող արտաքին վահանակների տեղադրման առաջարկը, որոնք խորհրդի անդամների դիտողություններով և առաջարկություններով համարվել են ընդունելի: