Մանկապատանեկան փառատոնը՝ «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով

Երևանում անցկացվեց «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 22-24-ը։ «Ընդհանուր լեզու գտնել» նախագիծն իրականացնում գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն էին RBB München Iguanas e.V., Upsala Zirkus, «Ունիսոն» ՀԿ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։
 
Փառատոնի մեկնարկը տրվեց Գյոթե կենտրոնում կազմակերպված հանդիպմամբ: Ցուցադրվեցին տեսանյութեր և ռեպորտաժներ Մյունխենի և Ցայտցի առաջին երկու փառատոններից, ինչպես նաև կայացավ «IN C - Tbilisi» ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց կինոնկարի քննարկումը նախագծի կոորդինատոր Մակի Չկաիձեի մասնակցությամբ։ Ելույթ ունեցավ ներառական «Փարոս» երգչախումբը։ 
 
Այնուհետև երկու օր շարունակ տարատեսակ ինտերակտիվ միջոցառումներ անցկացվեցին Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 17 դպրոցում։ Մասնավորապես, տեղի ունեցավ հայ երգի երեկո, պարեր, տեգախաղ, կրկեսային պարապմունք Upsala Zirkus-ի հետ, սայլակով բասկետբոլ Մյունխենից ժամանած RBB Iguanas թիմի հետ, ժեստերի լեզվի սեմինարներ, առաջին բուժօգնության դասընթաց և այլն։ 
 
Փառատոնի մուտքն ազատ էր, և հարյուրից ավելի երեխաներ մասնակցություն ունեցան միջոցառումներին։ 
 
- Մեզ համար չափազանց կարևոր է, որ չնայած այս դժվարին պահին, մեր փառատոնը կայացավ։ Մեր երեխաները մեր ապագան են, իսկ նրանց բարեկեցությունն ու երջանկությունը մեր պարտականությունն է: Մեր փառատոնը հիշեցնում է, որ, անկախ հանգամանքներից, շատ կարևոր է երեխաներին և դեռահասներին ապրելու մոտիվացիա տալը։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ստեղծագործելու, սովորելու և այլ մշակույթների հասակակիցների հետ հանդիպելու,- ասում են միջոցառման կազմակերպիչները։ 
 
Փառատոնի նպատակն է ցույց տալ տարբեր մշակույթների և երկրների երեխաների և մեծահասակների միջև հաղորդակցության հնարավորությունը՝ առանց միմյանց լեզուների իմացության, այդպիսով գտնելով ընդհանուր լեզու։