Տեղի է ունեցել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի նիստ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի  որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը։
 
Նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: 
 
Աշխատանքային խումբն արձանագրել է, որ   հունիսի 15-ից ի վեր անհնար է դարձել մինչ այդ ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջոցով իրականացված  խիստ սահմանափակ ծավալով հումանիտար բեռների տեղափոխումը: Դրա պատճառով Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, դեղորայքի, բժշկական և հիգիենայի պարագաների, վառելիքի սուր պակաս, որը գումարվելով  էլեկտրականության մատակարարման խափանմանը, առողջապահական համակարգի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարմանը և գյուղատնտեսական աշխատանքների դադարեցմանը՝ հանգեցրել է աղետալի հետևանքների:
 
Արձանագրվել է ստեղծված իրավիճակի հատկապես ծանր ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և խրոնիկ հիվանդների վրա:
 
Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ: