Բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց

ՀԱՏՎԱԾ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Ցավալի է, չափազանց ցավալի, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի,  ԵԽԽՎ-ի և առանձին երկրների խորհրդարանների բանաձևերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:
 
Հայաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդարանը բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղում մոտալուտ էթնիկ զտումների մասին, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին՝ ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որեւէ գործնական արդյունք չունեցան և, ահա, Լեռնային Ղարաբաղը այլևս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը Լեռնային Ղարաբաղից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել: 
 
Եվ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը: 
 
2022 թվականի դեկտեմբերից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են եղել գազի, էլեկտրական էներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի,  հիգիենիկ և առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: 
 
2022 թվականի դեկտեմբերից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին. Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական և հոգեբանական ճնշումը, ապա բացել Լաչինի միջանցքը, և այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ: 
 
Նման սցենարի մասին խոսել ենք 2023 թվականի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, խոսել ենք բարձր և հրապարակային: Եվ չեմ ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը՝ Լեռնային Ղարաբաղի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով: Միևնույն ժամանակ, պետք է շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար: Սա կարևոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար։