«Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսել է միջազգային իրադրությանն անդրադարձով։ 
Մասնավորապես նա ասել է․
 
- Այս քննարկումը նույնպես նախորդ տարիների նման տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում: Մեզ համար սա նոր չէ, և վերջին երեք տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը:
 
Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը: Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում:
 
Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ: Բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար:
Կարևոր եմ համարում ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր, հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը:
 
Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար:
 
Սա, իհարկե, կառավարության և անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է: Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով ու ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: Կրկնեմ, ձեր թույլտվությամբ, ևս մեկ անգամ՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե՝ գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և Հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող, պայմանականորեն ասած՝ լարումը, Հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հարկադիր ուղղությունները, պետության և Հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը: Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի, և այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի Հայրենիքն է ու պետությունն ու նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը՝ հայրենասիրության գերադրական աստիճան: Սա հասունացման ճանապարհ է, և այդ ճանապարհն ենք անցնում բոլորով՝ կառավարություն, խորհրդարան, փորձագիտական հանրություն և ընդհանրապես՝ հանրություն ու ժողովուրդ:
 
Ահա, այդ հասունացման առանցքային շատ խորհրդանշական պահերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր լինելու մասին Ազգային ժողովի ամբիոնից իմ արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցն էր, ինչից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողությունների, ըստ էության, անկյունաքար:
 
Այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ՝ փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը Հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ: Եվ այս նպատակին է ծառայում վերն առաջարկված կարգախոսը՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: