«ԿՈՆՏՐԱԲԱՍԻ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵԼԵՎԷՋՆԵՐԸ

Մուտքն... ազատ է

2003-ի սեպտեմբերին իր իսկ բեմադրած «Կոնտրաբաս» մենախաղի մեկնարկային բեմելով, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն ազդարարեց մենաներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնարկեքը:

Բազմաշնորհ Հովհաննես Բաբախանյանն իր գրոտեսկային անշփոթելի կերպապնակով կենդանացրեց հանրածանոթ «Կոնտրաբասը»` նրբիմաստների թատերային ցայտուն շեշտադրությամբ: Անջնջելի հետագիծ թողնելով հոգևոր թմբիրից սթափվող հանդիսատեսի մտապատկերում` աննկատ գայթակղեց հատկապես ստեղծագործական էներգիայի իրացման ու միջազգային փոխ-շփումների հավելյալ հարթակի կարոտ հայ դերասաններին և բեմադրիչներին: Եվ, ի զարմանս մինչևիսկ բազմափորձ արվեստագետների, արտասովոր ձևաչափով անհեռանկար պիտակված «Արմմոնոն» արվեստամեծար հանրության մշակութային հետաքրքրությունների կիզակետում հայտնվեց:

«Կոնտրաբասը», փաստորեն, թատերական նորաոճ մտածողության մերօրյա կամերտոն դարձավ, հարյուրավոր մենաներկայացումների ստեղծման զորեղ խթան: Փառատոնի գեղարվեստական ղեկավարի կազմակերպչական եռանդով, ընդամենը 3 տարի անց, նախադեպը չունեցող` բացառապես շեքսպիրյան բովանդակությամբ գրավեց նաև միջազգային հեղինակություն ձեռք բերած տասնյակ թատերափառատոնների կազմակերպիչներին և անդամագրվեց Մենաներկայացումների միջազգային փառատոնացանցին:

Ի սկզբանե համակողմանի դրվատված «Մուտքն ազատ է»-ի կենսագործմամբ ընդլայնեց իր հայաստանյան հանդիսասրահը: Համարձակ փորձարարության 4 տարիներն արգասաբեր եղան հայազգի մասնակիցների գեղագիտական անկաշկանդ որոնումների և կատարողական ներուժի սահմանների հստակեցման տեսակետից: Հայտնի շեքսպիրագետներ Անջեյ Ժուրովսկու և Ալեքսանդր Բարտոշևիչի դասախոսություններով, մտերմիկ զրույցի հնարքով անկեղծության տրամադրող հանրային քննարկումնե րով, Գրոտովսկու ինստիտուտի մասնագետներով նախաձեռնված աշխարհահռչակ մեթոդաբանությամբ վարպետության դասերով որոշակի հագեցում գտավ միջազգային փոխ-շփումների պապակը: Այդուհանդերձ, խելամիտ անցում կատարվեց. վերադարձ ազատ ստեղծագործելուն` անհամեմատ նպաստավոր դրամատուրգիական բազմազանությանը: «Դեպի Եվրոպա երանելի պատուհանն աստիճանաբար առավել բարեհաճ բացվեց» հայ թատրոնի ներկա սերնդի առջև: Ու միջազգային փառատոնային հաճախացող բեմելներով մեղմվեց հյուրախաղային երբեմնի աշխույժ առօրյայի կարոտախտը: Մեծահամբավ շատ այլազգի թատերագործիչներ «Արմմոնո»-ով իրենց համար բացահայտեցին մեր հնամենի հայրենիքն ու սեփական ընկալմամբ արժևորեցին պարփակած անկրկնելի գանձերը:

Ստանձնելով շեքսպիրյան ներկայացումների Վահրամ Փափազյանի անվան նոր միջազգային փառատոնի կայացման հարակից գործընթացի ղեկը` Հ. Ղազանչյանն «Արմմոնոյի» հետագա ճակատագրի տնօրինությունը 2009-ից վստահեց ՀԹԳՄ քարտուղար, բազմամյա «սունդուկյանցի» Մարիաննա Մխիթարյանին: Վերջինս ջանաց պահպանել ու ամրապնդել «Արմմոնոյի» կենսունակությունը և միջազգային բարձր համարումը: Արդի հայ թատերաշխարհի ուրույն դիմագիծն առավել մեծ, հաստատուն պահանջարկ ունեցավ արտերկրի հանդիսասրահներում:

«Արմմոնոն» միջազգային փառատոնային քարտեզում ամրագրվեց նաև որպես գայթակղիչ թատերաշուկա: Կյանքի կոչվեցին տասնյակ միջազգային բեմադրամտահ ղացումներ: Պետության կայուն աջակցությամբ իր խաղացանկը ներկայացրեց ՀՀ հեռավոր մարզերում, ազատագրված Արցախում: Տարաշերտ խաղացանկում հյուրեկների կողքին ստվարացավ հատկապես հայ «դեբյուտանտների» շարքը: Լեհական և լիտվական ծրագրերով ամենևին չստվերվեց երիտասարդական խիզախումների խրախուսումը: 13-րդում իրենց շնորհները ներկայացնելու իրավունք ստացան Հրաչյա Ղազարյանի ԵԹԿՊԻ արվեստանոցի 4 ուսանող և Գեորգի Խոջոյանի դպրոցական թատերախմբի 3 սան:

Փառատոնի գործընկեր-բարեկամներ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մենաներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը, միջազգային փառատոնների տնօրեններ Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա) և Վեցլավ Գերասը (Լեհաստան) գորովանքով գնահատեցին նորելուկների հուսատու «գյուտերը»: Պան Գերասն, ընդսմին, մանկան անմիջականությամբ խանդավառվեց ԵԹԿՊԻ ուսանողուհի Ռուզաննա Ռամ Թունիևայի գոգոլյան արտասովոր Պոպրիշչինով և աներկբա հրավիրեց վրոցլավյան իր կեսդարյա «Վրոստյային» մասնակցելու:

13-ամյա ոչ մրցութային «Արմմոնոն» հայ արտիստներից շատերի մենաթատրոնի անկյունաքարը դարձավ: Քանի˜-քանի մրցանակներ շահեցին արտերկրի մենափառատոներում Արամ Հովհաննիսյանն ու Մարիամ Ղազանչյանը, Արմեն Սանթրոսյանն ու Արմինե Մացակյանը, Ռոբերտ Հակոբյանն ու Զարուհի Խաչատրյանը, Գրետա Մեջլումյանն ու Նարինե Գրիգորյանը, Մուրադ Ջանիբեկյանն ու Ագնեսա Շահնազարյանը... Բոլորին չես թվարկի:

Միայն 2014-ին հայաստանյան 17 մենաներկայացում է մասնակցել միջազգային տարբեր փառատոնների: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ «Արմմոնո» փառատոնի ամենամյա պատշաճ կայացմանը Մարիաննա Մխիթարյանի աննահանջ նվիրումը գնահատվեց 22-րդ «Թատերական Լոռի»-ի հատուկ մրցանակով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ