«Պուճուր ախպերը նեղացել ա՞»


Ադրբեջանցիք, ոնց որ թե` իսկապես նեղացել են իրենց մեծ եղբորից: Եվ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլսուի Քիլիջը ԸկԸ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում փորձել է հուսադրել իրենց արյունակից պետությանը. - Նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Հայաստան օգտակար կլինի Ադրբեջանի համար,- ասել է նա այցի նախօրյակին: Դիվանագետը փաստել է, որ երկխոսությունը միշտ էլ արդյունավետ է և, մեկնաբանելով ադրբեջանական տարակարծությունները, «հիշեցրել» է, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Նշելով նաև, որ Թուրքիան պարզ քաղաքականություն է վարում, Քիլիջը հայտարարել է` այդ այցը ոչ թե ընդդեմ Ադրբեջանի է, այլ` նրա օգտին. - Խնդիրներ ստեղծում են նրանք, ովքեր ուզում են խնդիր ստեղծել: Բայց ինչո՞ւ ստեղծել: Հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձինք: Թուրքիայի պաշտոնյաների հանդիպումներում էլ ոչ մի խնդիր չկա: Դա ուղղակի սովորական մրցապայքար է: Դիվանագետը հերքել է պտտվող լուրերը, թե Երևան Գյուլի այցը կավարտվի թուրք-հայկական սահմանների բացմամբ. - Սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող: Այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն ղարաբաղյան մյուս հիմնախնդիրները, դա անհնարին է,- ընդգծել է դեսպանը: