Ս. Օհանյանն ընդունեց Մելանի Մոլթմանին


ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, տիկին Մելանի Մոլթմանին` Հայաստանում Գերմանիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսին ներկայացնելու կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԳԴՀ նախկին ռազմական կցորդ, գնդապետ Պեեր Շվանը: Ս. Օհանյանը նախ շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` հույս հայտնելով, որ երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում առաքելություն իրականացնելու գործում` հույս հայտնելով, որ մոտ ապագայում վերջինիս նստավայրը կտեղակայվի Երևանում: Ապա նորանշանակ ռազմական կցորդը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին բարեմաղթանքների համար և հավաստիացրեց, որ նոր եռանդով կշարունակի իր նախորդի` գնդապետ Պեեր Շվանի աշխատանքը` երկուստեք համագործակցությունը որակապես նոր մակարդակի բերելու նպատակով: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը փաստեց, որ երկուստեք համագործակցությունը բավական արդյունավետ է հատկապես ռազմական բժշկության ոլորտում և այս շրջանակներում ողջունելի է 2009թ.-ին Գերմանիայի Բունդեսվերի բուժծառայության գեներալ-լեյտենանտ Կ.Նակատի սպասվելիք այցը Հայաստան: Կողմերը կարևորեցին նաև համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում` մասնավորապես բարձրագույն սպայական կազմի համար նախատեսված դասընթաց ները, ինչպես նաև այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր 2008ե զորավարժությանը Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը կնպաստի երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը: Կողմերը խոսեցին նաև Հայաստանի` եվրոպական կառույցների հետ համատեղ ծրագրերի միջոցով, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ շրջանակներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ` փաստելով, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումները պետք է իրականացվեն եվրաատլանտյան չափանիշներին համապատասխան: Այս առումով Ս.Օհանյանը կարևորեց ս.թ. հոկտեմբերին ԳԴՀ ՊՆ քաղաքացիական ծառայության հարցերով փորձագետի այցը Հայաստան: