Տպավորություններ` հեռացող Նախագահից


Մինչ Նահանգների նորընտիր առաջնորդը շնորհավորանքներ է ստանում ու տոնում է իր հաղթանակը, վերլուծաբաններն իրենց կարծիքներն են ամփոփում երկու ամսից նախկին դարձող Բուշի մասին: Ըստ ԱՄՆ-ի Նիքսոնի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսի` «Բուշի` բանականությամբ չծանրաբեռնված համառությունը վերածվեց վտանգավոր կամակորության»: - Ակնհայտ է, որ Բուշն այսօր ամենաժողովրդականություն վայելող նախագահը չէ` ամերիկյան պատմության մեջ: Հիմա նա ավելի քիչ աջակցություն ունի, քան նախագահ Նիքսոնը` «Ուօտերգրեյթսյան խայտառակության» ժամանակ և Քարտերը` իրանական ճգնաժամի ընթացքում, երբ ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերը չկարողացան ազատել պատանդ վերցված ամերիկացիներին: Բնականաբար` ժամանակակիցներն ամենաանաչառ դատավորները չեն. հետագայում գնահատականները կարող են փոխվել: Սակայն, դատելով ամեն ինչից` Բուշի պարագայում դա տեղի չի ունենա: Բուշին 3 արժանիքներ են վերագրվում. * Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նրան հաջողվեց կանխել նմանամասշտաբ այլ գործողությունները` ԱՄՆ-ի տարածքում: * Երկրորդ լուրջ հաջողությունը Աֆղանստանում միջազգային կոալիցիայի հաղթանակն է` թեկուզև ոչ վերջնական: Այնուամենայնիվ, այդ տարածշրջանում լրջորեն խաթարվեցին «Ալ-Քաիդա»-ի դիրքերը, և թալիբներն այնտեղ հեռացվեցին իշխանությունից: * Ներքին քաղաքական ասպարեզում Բուշը նվազեցրեց հարկերը և ոչ քիչ հաջողություններ ունեցավ` սեփական նախաձեռնությունները Կոնգրեսի (ի դեպ` դեմոկրատների կողմից հսկվող) միջոցով անցկացնելու գործում: Բուշի քաղաքական վրիպումների ցանկն ավելի ընդգրկուն է: Օրինակ. * Հարկերը նվազեցնելով հանդերձ, նա չկարողացավ բարելավել երկրի քաղաքացիների վիճակը: * Հրաժարվելով սահմանափակել ներքին և արտաքին ծախսերը` նա զարկ տվեց երկրի բյուջեի դեֆիցիտի աղետալի աճին: Իսկ դա էլ նպաստեց ներկայիս միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջացմանը: * Իրաքում տակտիկական հաջողություն ձեռք բերվեց, սակայն դա պահպանելու համար հսկայական պաշարներ են մսխվում, իսկ Մերձավոր Արևելքում ընկնում է ԱՄՆ-ի հեղինակությունը: Այդ պատճառով հնարավորություն չկա` Աֆղանստան նոր զորքեր ուղարկել: * Միջազգային ասպարեզում Բուշի գործողությունները հանգեցրին նրան, որ ամբողջ աշխարհում վատթարացավ ԱՄՆ-ի հանդեպ կարծիքը: Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին փչացան. դրանց մակարդակը հիմա վատթարագույնն է` «սառը պատերազմի» ժամանակներից: Եվ դա Մոսկվայի հիմնախնդիրների հանդեպ Բուշի անուշադրության արդյունքն է. նրա կողմից չըմբռնելը, որ մյուս երկրներն էլ ունեն հետաքրքրություններ, որոնք հարկավոր է հարգել: Որպես անհատ, Ջորջ Բուշ-կրտսերը պաշտոնավարման տարիներին իրեն ավելի շուտ դրսևորեց որպես հաղթանակի համար ուժեղ կամք ունեցող համառ մարդ, այլ ոչ թե որպես բանական առաջնորդ: Իսկ բանակցությունից զուրկ համառությունը վերածվում է վտանգավոր կամակորության: Եվ հանրապետական Մակքեյնի նախընտրական դժվարություններն էլ արդյունք էին այն իրողության, որ նա ստիպված էր ճեղքել իրեն նախորդած կուսակցի ստեղծած թավուտները: