«ԱՎԱՆԳԱՐԴԻ» ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ


 

Այն պաշտոնյաներից է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես ՆԱԶԱՐՅԱՆԸ, ում համար մայրաքաղաքում հասարակական առողջ մթնոլորտ ստեղծելն ու պահպանելը ոչ միայն մասնագիտական, այլև հոգու պահանջ է: Լավագույնս տիրապետելով իրավիճակին, նա համոզված է, որ հանցագոր ծությունները կանխելն ու բացահայտելը շատ ավելի դյուրին կլինեն` եթե հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցի նաև պատասխանատվության ի´ր չափը:

- Ծավալի և խայտաբղետության առումով մայրաքաղաքն ամենամեծն է հանրապետությունում: Դա, անշուշտ, դժվարացնում է հանցագործությունների և´ կանխարգելման, և´ բացահայտման աշխատանքները:

- Երևանում բնակվում է 1 միլիոն 300 հազար մարդ, և բանավոր հաշվարկներով` օրվա ընթացքում տարբեր մարզերից գալիս ու գնում են ևս շուրջ 400-500 հազարը. ուսանողներ, առևտրով զբաղվողներ, հանգստի ու ժամանցի վայրեր այցելողներ... Դա դժվարացնում է օպերատիվ վիճակի վերահսկողությունը: Հանրապետությունում կատարվող հանցագոր ծությունների գրեթե 60-70 %-ը կատարվում է Երևանում: Այս իրողությունն արդեն հուշում է, թե որքան ջանքեր են պահանջվում` մեր կայազորի աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար:

- Վերջերս կարծեք թե կայազորը համալրվեց նոր ծառայություններով:

- Մեր կառույցում ընդգրկված են օպերատիվ ծառայությունը, քրեական հետախուզությունը, տեղամասային տեսուչները, հետաքննիչները: Այո, Նախարարի հրամանով հիմա մեր օպերատիվ ենթակայությամբ են գործում նաև ճանապարհային ոստիկանության և պահակային ծառայությունները: Այս բարդ մեխանիզմը միշտ գործուն պահելը, բնականաբար` ուժերի գերլարում է պահանջում: Բայց պետք է ասեմ, որ, փառք Աստծո, կարողացանք պատվով ամփոփել 2011-ի արդյունքները` արձանագրելով հանցագործությունների բացահայտման դրական ցուցանիշներ: 2012-ը սկսել ենք շատ ակտիվ, և բոլորն են տեղյակ, թե քանի վտանգավոր հանցախմբեր ենք վնասազերծել:

- Ոստիկանների ակտիվությունը, ինչպես ասում են` անզեն աչքով էլ տեսանելի է: Ո՞րն է դրա պատճառը կամ ազդակը:

-Ես չեմ ուզում նախկիններից խոսել. դա ևս քաղաքականացնում են: Կասեմ միայն, որ նոյեմբեր ամսից` ՀՀ նոր ոստիկանապետի նշանակմամբ, մեզ համար կարծես նոր ժամանակահատված է սկսվել. նոր պահանջներ, նոր խնդիրներ ու առաջադրանքներ, աշխատանքների կազմակերպման նոր ոճ և պահանջկոտություն: Նորացել է և աշխատանքային մթնոլորտը: Այդ ամենի սկիզբը կադրային ճիշտ փոփոխություններն էին, որոնք կատարեցինք` չվախենալով ցնցումներից: Այսօր Ոստիկանության ղեկավարությունը դեմքով դեպի ներքևի օղակներն է շրջվել: Մասնավորապես` դեպի օպերլիազորները, տեղամասային տեսուչները, դեպի շարքայինները, ովքեր ծառայություն են կատարում դրսում: Կրճատվեցին գրասենյակային ուռճացված հաստիքները և հատկացվեցին ներքևի օղակներին, որոնք դրա կարիքն ունեին: Իսկ նրանց էլ պարտավորեցրինք առավել ուշադիր ու բարեկիրթ լինել քաղաքացիների հանդեպ: Նրանց հրահանգված է և վերահսկվում է, որպեսզի դիցուք տեղամասային տեսուչներն ամենօրյա աշխատանք տանեն բակերում, շենքերում, հիմնարկ ներում, բնակարաններում: Նրանք պետք է առավելագույնս լավատեղյակ լինեն, որովհետև մեր նպատակը ոչ միայն հանցագործությունները բացահայտելն է, այլև` նախականխելը: Մեծ փոփոխություններ կան անչափահասների դաստիարակության ուղղությամբ աշխատանքներում: Հենց այդ նկատառումով անչափահասների հետ տարվող աշխատանքներով զբաղվող տեսուչներից զատ նաև տեղամասային տեսուչները, վարչության պետն ու տեղակալները հաճախակի են այցելում դպրոցներ, աշխատանքներ ծավալում տնօրենների, աշակերտների ու նրանց ծնողների հետ: Դպրոցականը պետք է գիտակցի, թե ինչ է հանցագործությունը, ինչ է նշանակում հանցանք գործել ու պատիժ կրել: Դպրոցական տարիքից պետք է երեխային բացատրել, որ որոշ ֆիլմերում իրենց հրապուրող հանցագործները անպատիժ մնալ չեն կարող: Ասեմ ավելին. եվրոպական կառույցների հետ համատեղ` մարդաշատ վայրերում ստեղծում ենք հենակետեր, որտեղ քաղաքացիները կարող են ավելի անմիջականորեն շփվել ոստիկանների հետ, իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ, մտահոգությունները հայտնել: Գաղտնիք չէ, որ հայ մարդը խուսափում է ոստիկանատուն գնալ: Փոխադարձ վստահության մթնոլորտ պետք է ձևավորել: Եթե հիշում եք` ԽՍՀՄ տարիներին լավ տեղամասային տեսուչը ընտանիքի բարեկամն էր, ում վստահում էին:

- Իսկապես, մեզանում տարօրինակ վերաբերմունք է ձևավորվել. անհանգստացնող փաստով անգամ ոստիկանություն դիմելը փնովելի արարք է համարվում, իսկ հանցագոր ծությունը չկանխելը կամ չբացահայտելը` ոստիկանության ապաշնորհություն: Բայց դրա պատճառն արդյո՞ք ոստիկանների անտարբերությունը, իր ծառայության տարածքի բնակչությունից մեկուսացվածությունը չէ:

- Ոստիկանության պետի առաջադրած պահանջների հիմքում հենց այդ է. շահել մարդկանց վստահությունը: Դա իհարկե 1-2 օրում չի լինի: Մանավանդ` տեղամասային տեսուչների օղակը վերացվել էր 1990-ականներին, ինչը շատ մեծ սխալ էր: Ես հիշում եմ, որ Ոստիկանության ներկայիս պետն այն ժամանակ փոխնախարար էր և կտրուկ դեմ էր դրան. այսօր շտկում է այդ բացթողումը: Տեղամասային տեսուչների համար աշխատանքային նորմալ պայմաններ են ստեղծվում, ինչը նաև վերահսկելի է դարձնում նրանց գործունեութ յունը:

- Նաև աշխատանքների թափանցիկությունն է շեշտադրվում:

- Այլ կերպ անկարելի է: Ինչո՞ւ թույլ տալ, որ տեղեկատվությունը զարտուղի ճանապարհներով տարածվի: Ավելին, բացահայտումների մասին եթերով պատմում են հենց իրենք` բացահայտող ոստիկանները, այլ ոչ թե` ղեկավարության ներկայացուցիչները: Այդպես ավելի հավատընծա է: Բացի այդ` հանցագործ բռնած կամ հանցագործություն կանխած շարքայինը ստվերում չի մնում. դա ևս խրախուսանք է, աշխատանքի գնահատական: Բայց նրանք նաև այլ խրախուսանքների են արժանանում:

- Փաստորեն` ոստիկանը պետք է դաստիարակ լինի, վստահելի, անաչառ անձնավորություն:

- Նա նախ պետք է ինքը դաստիարակված լինի, կարողանա ճիշտ հարաբերվել մարդկանց հետ: Իհարկե, դժվար է բոլորին կրթված համարել, բոլորից մարդկային բարձր չափանիշներ ակնկալել: Բայց բոլորից պահանջը նույնն է` քաղաքացիների հանդեպ բարեկիրթ վերաբերմունք: Պետք է որ նկատած լինեք` վերջին ամիսներին դրսում ծառայություն իրականացնող ոստիկանների պահվածքը փոխվել է:

- Փոխվել է կտրուկ:

- Նրանց վարքագծից է կախված մարդկանց վերաբերմունքը ամեն ծառայողի և համակարգի նկատմամբ: Բարեկիրթ դիտողությունը շատ ավելի ազդեցիկ է: Հասարակական վայրերում նույնիսկ վտանգավոր հանցագործին վնասազերծելիս` ոստիկանի գռեհիկ պահվածքը շրջապատողների հակակրանքին, երբեմն անգամ հակազդեցությանն է արժանանում: Ինքնանպատակ չէ, որ մեր աշխատակիցներին ուսուցանվում են էթիկայի կանոնները: Ինչ խոսք, ժողովուրդն էլ իր հերթին պետք է սովորի հարգանքով վերաբերվել հասարակական կարգի պահապաններին: Բայց մենք սկսել ենք մեզանից` հուսալով, որ մեր ծառայակիցների ճիշտ պահվածքը փոխադարձ կլինի: Ուրախ կլինենք, որ մեր հայրենակիցները մեզ տեղյակ պահեն` եթե որևէ ոստիկան իրեն անվայելուչ կպահի: Մեկի սխալ արարքի համար պետք չէ ողջ համակարգը քարկոծել: Մենք իսկապես ինքնամաքրման ճանապարհին ենք. սրանք սոսկ խոսքեր չեն: Այսօր լրանում է Ոստիկանության պետի պաշտոնավարման 100-րդ օրը (մեր զրույցը փետրվարի 10-ին էր- խմբ.), և մեր կողքին էր պետք լինել` պատկերացնելու համար, թե որքան դժվարին ու ծանր են եղել այդ օրերը: Բայց նաև` նպատակասլաց ու գործնականությամբ գերհագեցած: Ընթացիկ ծանրաբեռնվածությանը զուգընթաց` նա այցելել է բոլոր բաժիններ, անձամբ հանդիպել աշխատակիցների հետ: Նրա հսկայածավալ աշխատանքներից մի փոքրիկ փաստ նշեմ. եթե նախկինում կոլեգիայի նիստերին, խորհրդակցությունների ժամանակ միայն ղեկավար կազմն էր ներկա լինում` 50-60 սպա, ապա այսօր 400-500 մարդ է մասնակցում և լսում կոլեգիայի անդամների նկատառումները, Ոստիկանության պետի խորհուրդներն ու պահանջները:

- Հենց նրանցից ոմանք էլ, երևի, պատմում են այդ ընթացքում «թույլ տրված» որոշ կատակներ, ինչը հայտնվում է մամուլում:

- Ձեր` լրատվամիջոցների համար երբեմն մտերմիկ զրույցը դատափետումի թեմա է դառնում: Իրականում այս կառույցը մեզ համար մտերմիկ միջավայր է, ընտանիք, որտեղ ինչու չէ` նաև կատակելը չի արգելվում: Պատահել է, երբ Ոստիկանության պետը զգացել է (նա նրբանկատ հոգեբան է), որ ներկաներից ոմանք լարված են կամ հոգնում են. և հումորով ինչ-որ արտահայտություն է անում` լարվածությունը մեղմելու համար: Ու դա շատ լավ է ընկալվում ու աշխուժացնում է ներկաներին: Ի՞նչ է, ընտանիքում կամ հիմնարկում կատակելը հակացուցվա՞ծ է: Ձեր պատկերացմամբ` պաշտոնական հավաքները պետք է միայն խստադեմ ու կոշտ-հրահանգչական տոնո՞վ ընթանան:

- Որո՞նք են մեր ժամանակներին բնորոշ հանցատեսակները:

- Ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների` մեզանում ծանր հանցագործությունների բանդաներ գրեթե չկան: Ճիշտ է, անցյալ տարի բացահայտվեց վտանգավոր մի հանցախումբ, բայց դրանք քիչ են: Իհարկե` շնորհիվ նաև ոստիկանության կողմից տարվող աշխատանքների: Այսօր ավելի տարածված են բնակարանային, ավտոմեքենաների անվադողերի, մարտկոցների, հայելիների ու ապակիների գողությունները: Դրանք իսպառ վերացնել հնարավոր չէ (և ոչ մի երկրում), բայց դրանց քանակը փոքրիշատե նվազեցնել` հաջողվել է: Ի դեպ` Երևանում գողություն կատարողները մեծամասամբ մարզերի բնակիչներ են: Կարծում ենք` դա սոցիալական խնդիրների հետևանք է:

Տարեցտարի ավելանում են խարդախության դեպքերը: Քիչ չափով, բայց լինում են նաև կողոպուտի ու ավազակային հարձակման դեպքեր: Հիմա ավելի մեծ ջանքեր կգործադրվեն` հանցագործությունները նախականխելու և բացահայտելու ուղղությամբ, որովհետև ոստիկանն արդեն համոզվել է, որ դրա դիմաց խրախուսվելու է:

- Հանցագործների մեծամասնությունը ի՞նչ տարիքի է. արդյո՞ք երիտասարդների ու պատանիների շրջանում մեծ չէ նման հակվածությունը: Դատելով բանակում կատարվող հանցագործություններից` մեր տղաների հետ «զորակոչվում» են և այդ հակումները:

- Այդ մտահոգությունը ունենք: Պատահական չէ, որ Ոստիկանության պետն առաջնային է համարում երիտասարդության հետ տարվող աշխատանքները: Չպետք է սպասենք, որ նրանք դառնան չափահաս հանցագործներ ու նոր միայն դատապարտենք ու դաստիարակենք: Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի դիպուկ ցուցումով` այսուհետ Անչափահասների տեսչությունը կզբաղվի ոչ միայն մինչև 18 տարեկան, այլ նաև մինչև 21 տարեկան երիտասարդներով: Ի դեպ` ԱՄՆ-ում նույնպես մինչև 21 տարեկանները համարվում են անչափահաս: Չմոռանանք, որ այսօրվա երիտասարդները 90-ականների սերունդն են` ծանր օրեր ապրած, ցնցումներ տեսած: Այդ ապրումները չեն կարող իրենց բացասական հետևանքները չզգացնել: Ոստիկանության պետը հրաշալի գիտե բանակը` ներառյալ զինվորների հոգեբանական խնդիրները: Սխալ են այն ծնողները, ովքեր իրենց զավակներին դաստիարակել չկարողանալով` հույսը դնում են բանակի վրա:

- Իսկ հետո` իրենց իսկ որդիների կատարած զանցանք-հանցանքների համար մեղադրում են հրամանատարներին:

- Բանակը ինքնուրույնություն ձեռք բերելու դպրոց է, բայց շատ ավելի կարևոր խնդիրներ ունի: Մենք չենք խուսափում անչափահասներին դաստիարակելու մեր պարտականությունից, և արդեն ասել եմ, որ այդ ուղղությամբ հիմնավոր ծրագրեր ունենք ու գործնական քայլեր կատարում ենք: Բայց հասարակությունը ևս չպետք է կողքից դիտորդի կարգավիճակում լինի: Երբեմն կարգազանց երիտասարդին դիտողություն անող ոստիկանին շրջապատողները դատապարտում են: Մինչդեռ իրենք պետք է ահազանգեն` գիտակցելով, որ ամենաթողությունը, զանցանքի հանդեպ անտարբերությունն են հանցագործներ ծնում: Բոլո´րս պետք է զգույշ լինենք այդ հարցում: Հեռուստաընկերությունները` ևս. ի՞նչ են սովորեցնում մեր հայկական սերիալները...

- Առաջիկայում ընտրություններ են: Ասել է` թե ձեզ ավելի լարված օրեր են սպասվում:

- Իսկապես ծանր է լինելու: Կուզենայինք, որ առողջ մրցակցություն ծավալվի, քաղաքակիրթ ցույցեր ու հավաքներ անցկացվեն: Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որպեսզի դրանք վերածվեն անձնական շահերի բախման: Լրատվամիջոցներն արդեն իսկ փորձում են կանխօրոք մեր աշխատանքը քաղաքականացնել, մտացածին ինչ-որ պատմությունների մեջ ներքաշել: Կրկնում եմ` Ոստիկանությունը քաղաքականությունից հեռու է. մենք հասարակական կարգի պահապաններ ենք և մեր պարտականությունները կատարելու ենք օրենքի պահանջով: Անկարգություններին միջամտելը, մեղավորներին պատժելը չպետք է շանտաժի առիթ դառնա: Նման առիթներով հաճախ եմ հիշում անգլիացի մի քաղաքագետի ձևակերպումը` «Քաղաքականությունն արյունալի սպորտ է»: Այնպես որ` քարոզարշավների, հանրահավաքների կազմակերպիչներն իրենց համակիրներին ոչ թե պետք է հրահրեն, այս սթափության կոչեն, կարգի հրավիրեն: Սա իմ ցանկությունն ու խնդրանքն է` մեր համաքաղաքացիներին:

- Կա՞ խնդիր, ինչին չանդրադարձանք, բայց որը Դուք կարևորում եք:

- Խնդիրները շատ են: Բայց կուզենայի, որ որոշ քաղաքական ուժեր և լրատվամիջոցներ անհարկի չքարկոծեն Ոստիկանությանը, բարեկրթություն ունենան` չվիրավորելու նրանց, ովքեր նաև իրենց անվտանգությունն են ապահովում: Ոստիկանության պետը խիստ է, պահանջկոտ ու սկզբունքային, բայց ոչ երբեք` հիշաչար: Նա ինքը դեմ է բանսարկություններին, և պետք չէ կեղծ պատմություններ հորինել նրա մասին: Ընդգծում եմ` մենք բոլորի´ շահերն ենք պաշտպանում և սիրով կընդունենք առողջ քննադատությունը. հեռու ենք անթերի լինելու հավակնոտությունից: Ասեմ ավելին. մենք բարձրաձայնում ենք, որ ժողովրդի վստահության կարիքն ունենք: Դրա կարիքը նույնքան էլ ԶԼՄ-ներն ու քաղուժերն ունեն: Բայց առայժմ միայն մենք ենք այդ մասին խոսում և այդ ուղղությամբ առայժմ միայն մենք ենք ջանքեր գործադրում:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ