Շնորհավորում եմ


ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 18-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ (հատված) Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ ձեզ` Հայաստանի Հանրապետության անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Անկախության օրը, անկասկած, ամենապայծառ ու կարևորագույն տոնն է: Հայաստանի անկախ պետականության վերակերտումը մեր ժողովրդի` 20-րդ դարավերջի ամենամեծ նվաճումն է: Հանուն մեր պետության հզորացման, նրա միջազգային հեղինակության բարձրացման և հոգևոր-մշակութային զարթոնքի` իրենց ջանքն ու եռանդն են ներդրել հայ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները` զինվորականները, արվեստագետները, ուսանողները, գյուղացիությունը, բոլորը: Այս տասնութ տարիների ընթացքում մենք կարողացել ենք պաշտպանել մեր երկիրը, կայացնել Զինված ուժերը, պետական համակարգը, վերականգնել տնտեսությունը, շունչ հաղորդել մեր մշակույթին, կրթությանը, առողջապահությանը: Ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացել է պետականության գաղափարը, ստեղծվել է ազգային ինքնագիտակցությանը, պետության կայացմանը նպաստող առողջ մթնոլորտ. նոր սերունդն այլևս ձերբազատված է թերարժեքության բարդույթից, և սա մեր ամենամեծ նվաճումներից մեկն է...