Ամփոփելով իրանական վրիժառության պառասխան գործողությունը

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Վելուծելով Իսրայելի դեմ Իրանի պատժիչ գործողությունները, իրանագետ Վարդան ՈՍԿԱՆՅԱՆԸ Տելեգրամի իր էջում գրել է․
 
- Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան  սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։
 
Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։ 
 
Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար։
 
Գրեթե ինչպես միշտ, այս անգամ ևս Իրանն աշխատեց նաև Մերձավոր Արևելքի արաբական պետությունների հասարակ  քաղաքացիների սրտերի վրա՝ զգալիորեն նվաճելով դրանք։ 
 
Այն պայմաններում, երբ այս հարցում Իրանի մրցակից Թուրքիայի էրդողանական վարչախումբը, բացի հռետորաբանությունից, այլ բան չունի առաջարկելու Իսրայելի դեմ պայքարի զգացմունքներով տոգորված միլիոնավոր հասարակ արաբներին, իրանական ԱԹՍ-ների և հրթիռների դեպի Իսրայել թռիչքը մահմեդական սրբավայրերի վրայով նաև նկատելի խորհրդանշական ուղերձ էր հենց հասարակ մարդկանց, որն անհամեմատ մեծացնելու է Իրանի դրական ընկալումը բազմամիլիոնանոց արաբական աշխարհում։ 
 
Ժամանակակից Մերձավոր Արևելքում և այլուր, պատկերավոր ասած, պայքարը սրտերի համար, ոչ պակաս կարևոր է, քան այլ ուղղություններով գործողությունները, և նաև այս տիրույթում է Իրանը ձգտելու ստանձնել առաջնորդություն։
 
Պատմության մեջ ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակում գնահատված՝ Իրանի պատասխան հարվածն Իսրայելին, ինչի արդյունքում իրանցիները կարողացան խոցել իսրայելական նախանշված ռազմական ենթակառուցվածքը Նեգևի անապատում, իրանական անօդաչուների և հրթիռների չնչին մասի կիրառությամբ սահմանափակ գործողություն էր, որի զուտ ռազմական բաղադրիչից զատ, շատ կարևոր են նաև քաղաքական և քարոզչական ուղերձները։
 
Նախ՝ Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ոչ Իսրայելից, ոչ էլ վերջինիս դաշնակիցներից և ունակ է պատասխան հարձակում իրականացնել հենց սեփական տարածքից։
 
Երկրորդը՝ ընդամենը մոտ քառասուն տարի առաջ փաստացի զրոյական հրթիռային պոտենցիալի մակարդակից, այժմ Իրանը դարձել է առաջատար հրթիռային գերտերություն, որի ռազմարդյունաբերությունը բացառապես սեփական ռեսուրսներով կարող է ապահովել այս երկրի պահանջմունքները բարձր տեխնոլոգիական անօդաչուների և հրթիռների ոլորտում։ 
 
Երրորդը՝ ի տարբերություն հակառակորդի, Իրանը քաղաքակիրթ և պատասխանատու պետություն է, որի նույնիսկ պատժիչ գործողությունը միտված չէ որևէ քաղաքացիական ենթակառուցվածք խոցելուն և խաղաղ բնակչությանը ոչնչացնելուն, ինչը միանշանակորեն բարձրացնում է այս պետության վարկը համաշխարհային ասպարեզում՝ հատկապես Գազայում իրականացվող փաստացի ցեղասպանության ֆոնին։