«Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:
 
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
 
Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ:
 
- Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան: 
 
Վարչապետի խոսքով՝ քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան, և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին.
 
- Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային: 
 
Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին:
 
- Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է  մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա: 
 
Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները: 
 
Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: