Բանաստեղծի Արարատյան մտորումները

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճում այդօր հավաքվածները եկել էին՝ մասնակցելու բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, մշակույթի գործիչ, Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի՝ ռուսերենով թարգմանաբար լույս տեսած «Մտորումներ Արարատի առջև» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսին:
 
Սա բանաստեղծի՝ ռուսերենով լույս տեսած առաջին գիրքն է, իսկ թվով՝ տասնհինգերորդ հեղինակային համանվագը: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները վերջին երեք տասնամյակների ընթացքում լույս են տեսել հիմնականում «Լիտերատուրնայա Արմենիա» ռուսալեզու ամսագրում, ինչպես նաև այլ ամսագրերում և թերթերում: Գիրքը լույս է ընծայել «Լիտերա» հրատարակչությունը:
 
Շնորհանդեսի հիմնական բանախոսները՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը անդրադարձան Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծական աշխարհի առանցքային ու կարևոր առանձնահատկություններին: Ա․ Դոլուխանյանը հանգամանորեն ներկայացրեց Բաբկեն Սիմոնյանին ոչ միայն որպես բանաստեղծի, հրաշալի թարգմանչի, այլև՝ մեծ գործչի, ով շուրջ կես դար գրական և մշակութային կամուրջներ է կերտել Հայասատնի և նրան բախտակից Սերբիայի միջև: Նա մանրակրկիտ անդրադարձավ «Մտորումներ Արարատի առջև» ժողովածուին՝ ընդգծելով, որ Սիմոնյանի բանաստեղծությունները մոռացությունից փրկում են մեր սրբալույս նշխարները, հույս ու լավատեսություն են սփռում այս դժվարին ժամանակներում, երբ Հայաստանի փրկության հույսը՝ ազգանվեր գործին լծված  նրա հայրենասեր զավակներն են, ում համար հայրենիքը վեր է ամեն ինչից: Բանախոսը գնահատանքի արժանացրեց նաև Բաբկեն Սիմոնյանի թարգմանական գործունեությունը՝ նշելով, որ սերբ և հայ շատ գրողներ ընթերցողին հասու են դարձել նրա թարգմանությունների շնորհիվ:
 
Ջերմ ու սրտառուչ էր անվանի երաժշտագետ Ալինա Փահլևանյանի ելույթը, որում բանախոսն անդրադարձավ Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծական հարուստ ներկապնակի երաժշտականությանը: Նա շեշտեց, որ դա բխում է նրա Վանի արմատներից, որովհետև, վանեցիները օժտված են բացառիկ երաժշտականությամբ: Վանն ու Վասպուրական աշխարհը նրա համար ամենևին էլ կորուսյալ չեն: Այդ են հավաստում բանաստեղծի՝ Վանին նվիրված ստեղծագործություններն ու նրա անափ լավատեսությունը:
 
Իր ելույթում կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի և երգահան Մարգարիտ Սարգսյանն անափ ջերմությամբ արտահայտվեց բանաստեղծի մասին: Բաբկեն Սիմոնյանի խոսքերով նա մի քանի երգ է ստեղծել, իսկ «Աղոթք առ Հայաստան» հրաշալի երգը 2022 թվականին Լոնդոնում անցկացված Golden time talent փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Այդ երգն այսօր ողողել է ամբողջ համացանցը, դարձել լավատեսության և հառնելու խորհրդանիշ:
 
Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի խոսքը: Դեսպանը շատ բարձր գնահատեց Բաբկեն Սիմոնյանի գրական և հյուպատոսական առաքելությունը, նշեց, որ բանաստեղծի և հյուպատոսի դաշնությամբ ամբողջանում է նրա կերպարը: Նա հավելեց, որ իր գործունեությամբ և թողած մշակութային հարուստ ժառանգությամբ Սիմոնյանը հարստացրել է հայ-սերբական գրական ու մշակութային կապերը:
 
Գրքասերների հետ իր խոհերն ու մտորումները կիսեց նաև Բաբկեն Սիմոնյանի բանանստեղծությունների թարգմանիչ, երիտասարդ շնորհալի բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանը՝ ընդգծելով այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է՝ ընթերցողի սեղանին բարձրարժեք գիրք դնելու համար: Նա սիրով ու ջերմությամբ խոսեց իր ավագ գրչընկերոջ մասին, ներկայացրեց իր թարգմանություններից մի քանիսը:
 
Շնորհանդեսի ընթացքում Բաբկեն Սիմոնյանի բանաստեղծությունները ներկայացրին Հայ-ռուսական համալսարանի «Վեմ» թատրոնի շնորհալի սաները, իսկ շնորհանդեսը վարում էին համարսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիա Ավագյանը և ուսանողուհի Ալյոնա Բակարինովան:
 
Բաբկեն Սիմոնյանը, շնորհակալության հայտնելով ներկաներին՝ շնորհանդեսին մասնակցելու համար, նաև իր երախտագիտությունը հայտնեց բոլոր թարգմանիչներին և գրքի հրատարակչին, անվանի թարգմանիչ և խմբագիր Ալբերտ Նալբանդյանին: Ներկաների խնդրանքով նա վերջում իր թարգմանությամբ սերբերեն ընթերցեց Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
 
Օրը հագեցած էր բիբլիական Արարատի շնչով:
 
Լուսանկարները՝ 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա