«Ռուսաստանը հիմա հարուստ է»


Ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ Ջեյմսթաունի հիմնադրամի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոկորովը, կարծես, փորձում է հիմնավորել, որ Ռուսաստանի դեմ ոչ թե ռազմական կամ տնտեսական, այլ քաղաքական լծակներ պետք է օգտագործել: Day.Az-ի լրագրողի այն հարցին, թե` կարո՞ղ են ինչ-որ ճնշումներ գործադրվել Մոսկվայի վրա և ի՞նչ եղանակով, նա պատասխանել է. - Շատ բարդ հարց է, որովհետև Արևմուտքը չունի Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լծակներ: Իր պատմության մեջ առաջին անգամ հիմա Ռուսաստանը հարուստ է: Արևմուտքի տնտեսական լծակները սահմանափակ են: Դա նշանակում է, որ հակազդեցությունը հարկ է որոնել քաղաքական մակարդակներում: Օրինակ, Եվրամիությունը պետք է դարդարեցնի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և առանց վիզայի պայմանակարգի բանակցությունները: Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ ու անդամ դառնալ ցանկացող երկրները պետք է փոխեն իրենց գերեկայությունները և միջոցները կենտրոնացնեն ազգային տարածքների պաշտպանության վրա` ընդդեմ ռուսական նվաճողակա նության: Վրացական բանակի լավագույն զորամասերը, որոնք Իրաքում կռվում էին ԱՄՆ-ի կողմից, չմասնակցեցին սեփական երկրի պաշտպանությանը: …Մինչդեռ, ինչպես պարզվեց` սեփական երկրի պաշտպանունակությունը պետք է ապահովել առաջին հերթին: Սակայն Լեռնային Ղարաբաղի խնդրում ամերիկացի քաղաքագետի կարծիքն ու համակրանքը բացահայտորեն Ադրբեջանի օգտին են: Ըստ նրա` այս երկրի բախտը բերել է, որ Ռուսաստանը սահմանակից չէ ԼՂ-ին: Իսկ ազգերի ինքնորոշման իրավունք կոչվածը, կարծես, իսկապես կեղծ կատեգորիա է դառնում ժողովրդավարություն տարփողող գերտերությունների համար: - Կարո՞ղ է հարավօսեթական սցենարը կրկնվել Լեռնային Ղարաբաղում: - Ղարաբաղյան հակամարտությունը մի քանի տեսանկյուններով տարբերվում է Վրաստանում կատարվածից: ԼՂ-ն չի սահմանակցում Ռուսաստանի հետ: Մոսկվան այստեղ չի կարող հարց բարձրացնել «ռուսաստանցի քաղաքացիների», «հայրենակիցների» մասին: Եվ, ամենագլխավորը` Լեռնային Ղարաբաղում չկան ռուսաստանցի զինվորականներ: Ուզում եմ ընդգծել, որ դա այդպես է ադրբեջանցի դիվանագետ Արազ Ազիմովի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ. 1994-ին նա կտրականապես դեմ արտահայտվեց ԼՂ-ում «երրորդ երկրի» խաղաղապահների տեղակայմանը: Այլ խոսքով` ռուսաստանցի խաղաղարարներին: