Ի՞նչ ցույց տվեց պատերազմը


Օգոստոսի 7-ից ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է վրաց-հարավօսական հակամարտությանը, որը շատ արագ վերաճեց վրաց-ռուսական պատերազմի, նույնիսկ` միջազգային շատ սուր ճգնաժամի: Ստեղծված դրամատիկ իրավիճակում Հայաստանի նախագահը ցավակցական հեռագրեր ուղարկեց թե Ռուսաստանի, թե Վրաստանի իր պաշտոնակիցներին, մենք պետական մակարդակով մտահոգություն հայտնեցինք հակամարտության առթիվ, կողմերին հորդորեցինք դադարեցնել արյունահե ղությունը, մեր ցամաքային և օդային դարպասները լայնորեն բացեցինք պատերազմից փախածների առաջ, անվերապահորեն համաձայնեցինք Եվրամիության առաջարկին` Հայաստանը դարձնել դեպի Վրաստան առաքվող մարդասիրական բեռների տարանցիկ միջանցք: Հայաստանը երկու կողմի իր հնարավորությունների չափով նաև նյութական օգնություն հասցրեց տուժածներին, իր պաշտպանության նախարարի մակարդակով ցրեց Վրաստանի մտահոգություններն առ այն, թե մեր երկիրը երբևէ որևէ մեկին թույլ կտա իր տարածքն օգտագործել Թբիլիսին ռմբակոծելու համար: Այդպիսի կեղծ տեղեկատվութ յուն նույնպես տարածվել էր, և պարզ է, որ դա արել էին ամենևին էլ ոչ հայ ու վրաց ժողովուրդների բարեկամները: Հակառակ մեր շիտակ կեցվածքի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկդիմություն դրսևորեց: Մոսկվայում նա իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հարավային Օսիայում Վրաստանի ղեկավարության ձեռնարկած պատերազմին ռուսների տված վճռական հակահարվածին, իսկ Թբիլիսիում փարիսեցիաբար հայտարարեց, թե «Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: Կուզենայի հավատալ, որ դրանից հետո Վրևաստանի նույնիսկ ամենամոլեռանդ հայատյացները հասկացան, թե ի¯նչ հիմարություն են անում, երբ ոչ միայն հույս են դնում Թուրքիայի վրա` որպես բարեկամ պետության, այլև ձգտում են հայաթափել Վրաստանը, հատկապես Ջավախքը` այնտեղ թուրքեր բնակեցնելու հեռագնա դիտավորությամբ: Այժմ, երբ արյունահեղությունը, փառք Աստծո, դադարել է, կարող ենք պատասխան որոնել այն հարցին, թե ի՞նչ ցույց տվեց վրաց-հարավօսական պատերազմը: Առաջին. պատերազմի միջոցով այլևս անհնար է պետությունների տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներ լուծել: Դա չի կարող արվել մանավանդ որևէ պետության ներսում ապրող ազգային փոքրամասնությունների բնաջնջման ճանապարհով: Ազգային փոքրամասնությունների զբաղեցրած տարածքների տերերը ոչ թե որևէ երկրի կենտրոնական իշխանություններն են, ոչ թե գերիշխող ազգն է, այլ նույն այդ ազգային փոքրամասնությունները: Առավել ևս, երբ այդ տարածքները տվյալ ժողովրդի բնապատմական հայրենիքն է: Նրանք լիակատար իրավունք ունեն ապրելու այն հողերի վրա, որոնք գերիշխող ազգերի ներկայացուցիչները գոռոզամտորեն իրենցն են համարում և բոլոր նրանց, ովքեր այլևս չեն ուզում ապրել իրենց տիրապետության «ներքո», անվանում են «անջատողականներ» ու իրենց իրավունք են վերապահում լկտիաբար հայտարարել, թե` չե՞ք ուզում մեզ հետ ապրել` հեռացեք մեր երկրից, այլապես ձեզ կոչնչացնենք: Տևականորեն այդպիսի մոլորության մեջ էին և° ադրբեջանցիները, և° վրացիները: Առաջինները փորձում էին Ադրբեջանից դուրս մղել արցախահայությանը, երկրորդները ձգտում էին իրենց պատմական հողերից դուրս մղել օսերին ու աբխազներին: Վրաստանի կենտրոնական իշխանությունների ձեռնարկած վերջին արկածախնդրության կատարյալ ձախողումը լավագույն փաստարկն էր, որ նման քարեդարյան մտածողության ու վայրագ գործելակերպի ժամանակները անդառնալիորեն անցել են: Անգամ ադրբեջանական ինտերնետային կայքերում նրանց առավել սթափ վերլուծաբանների հրապարակումները ցույց են տալիս, որ նույնիսկ իրենք են սկսում հասկանալ այս ճշմարտությունը, գիտակցել, որ ոչ մի տարածքային ամբողջականության սկզբունք չի արդարացնում և չի կարող արդարացնել այլևայլ պետությունների տիրապետության ներքո ազգային փոքրամասնությունների անագորույն ոչնչացումն ու հալածանքը, ձուլումն ու դուրսմղումը: Եթե պետությունները չեն ուզում իրենց կողմից ստրկացված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի հարվածներից ներսից պայթել ու կորցնել իրենց տարածքային ամբողջականությունը, ապա պիտի այնպիսի ժողովրդավարական ազատություններ ու լիակատար իրավահավասարություն ապահովեն ազգային փոքրամասնությունների համար, որ հենց նրա°նք չցանկանան տվյալ պետությունների կազմից դուրս գալ, ոչ թե իրենք բռնի ուժով հպատակության մեջ պահեն իրենց այլազգի քաղաքացիներին: Երկրորդը այն իրողության գիտակցումն է, որ այս աշխարհի հզորները միշտ և ամենուրեք առաջնորդվել են ու առաջնորդվում են իրենց աշխարհաքաղաքական շահերով: Նրանք երբեք այնքան անկեղծ չեն եղել և չեն լինի, որ ասեն, թե սրան կամ նրան օգտագործում են` հանուն սեփական շահերի: Հակառակը, միշտ հանդես են գալիս միջազգային իրավունքի, ժողովուրդների ազատության, ժողովրդավարության և այլ բարձր սկզբունքների անունից, բայց երբեք չեն խորշում հանուն աշխարհաքաղաքական երկարատև կամ կարճաժամկետ շահերի` դաշնակիցներին գրգռել իրենց հակառակորդների ու իրենց համար անհաճո այս կամ այն մրցակցի դեմ: Տվյալ դեպքում ճիշտ այդպես վարվեց ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը` ձմերուկ դնելով փոքրիկ Վրաստանի նախագահի թևերի տակ և նրան ուղղակի դրդելով իր երկիրը առճակատման տանել հզոր Ռուսաստանի հետ: Հետևաբար ժամանակն է, որ բոլորը հասկանան` ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության և համանման կարգախոսներն ընդամենը ծխածածկույթ են` այդ համամարդկային արժեքները տարածելու անվան տակ աշխարհի բոլոր անկյուններում հզորների աշխարհաքաղաքական նպատակներին հասնելը քողարկելու համար: Վա¯յ նրան, ով իբրև թե հանուն այդ արժեքների` պարում է ուրիշի դուդուկի տակ: Վայ նրան, ով իր քաղաքացիների արյունն է հեղում` հանուն ուրիշի աշխարհաքաղաքական նկրտումների: 3-րդ` ժամանակակից աշխարհում ամեն ինչ, առավել ևս պետությունների հարաբերությունները, փոխկապակցված են: Ամեն մեկը ելնում է իր շահերից, դրանց բծախնդիր հաշվառման հայեցակետից: Քարոզչական աղմկարարությունը մի բան է, իսկ պետությունների շահերի իրական հաշվառումը` մեկ այլ բան: Պետք չէ միամտաբար հավատալ որևէ մեկի, թեկուզև հզորի խոստումներին, թե` մի վախենա, հարկը պահանջածին քեզ կօգնենք: Կարողացա՞ն` կօգնեն, չկարողացա՞ն` ձեռքերը կլվանան կամ աղետից հետո ընդամենը «մարդասիրական օգնություններ» կառաքեն: Մարդասիրական օգնությունը զոհվածներից որևէ մեկին հարություն կտա՞: Ժամանակակից աշխարհը պարզապես չի կարող յոլա գնալ առանց Ռուսաստանի: Առանց Վրաստանի, առանց որևէ այլ փոքր երկրի` կարող է, բայց առանց Ռուսաստանի` ոչ: Մանավանդ` միջազգային ահաբեկչության դեմ այժմ ողջ քաղաքակիրթ մարդկության մղած պատերազմում: Այնպես որ` միամտություն է կարծել, թե հանուն փոքրերի` հզորները լրջորեն կգժտվեն միմյանց հետ: Իրար կհայհոյեն-կհայհոյեն, բայց վերջ ի վերջո կշարունակեն համագործակցությունը: Ուստի, ով անխոհեմություն է դրսևորում` շահ փնտրելով հզորների հակասությունների մեջ` դաժանորեն հիասթափվում է: Հայ մեծ առակագիր Վարդան Այգեկցին դեռ միջնադարում է ծաղրել այն միամիտներին, ովքեր առյուծի հետ ընկերացած նապաստակի պես միամտաբար ենթադրում են, թե մյուս գազանները ոչ թե առյուծից, այլ իրենից են փախչում: Այլ խոսքով, ամեն մեկը պետք է իր հզորության չափը, իր տեղն ու դերը հստակորեն պատկերացնի այս անհանգիստ մոլորակում: Որևէ փոքր երկիր չպետք է երևակայի, թե ինքը, որպես ժողովրդավարության «էտալոն», այս կամ այն տարածաշրջանում մարդու իրավունքների և ազատությունների «դրոշակակիր»` այլևս հավերժորեն ապահովել է իր անվտանգությունը: Ինքնախաբեություն է, որով տևականորեն տառապում էր Միխայիլ Սահակաշվիլին: Ավելի ճիշտ` նրան այդպես էին ներշնչել Վաշինգտոնից: Մեզանում նույնպես կան նորահայտ «մարգարեներ», որ առավոտից երեկո փորձում են ժողովրդին ներշնչել, թե արևմտյան տիպի ժողովրդավարական հասարակարգ կառուցելը մեր պետության, մեր ժողովրդի ապագա անվտանգության գլխավոր, եթե ոչ միակ «ռեսուրսն» է: Իբր` ժողովրդավարական արժեքներ որդեգրելու դեպքում մենք լիովին կդառնանք նրանց համարյա թե եղբայրը, Եվրոպան թույլ չի տա, որ մեր «թանին թթու ասեն»: Կեղծիք է: 1915-ին մենք նույն «լուսավորյալ ու մարդասեր» Եվրոպայի քրիստոնյա «քույրն» էինք, ինչպես մեզ անվանում էր ֆրանսիացի մեծ հումանիստ Անատոլ Ֆրանսը` կոչ անելով օգնության հասնել «Արևելքում մեռնող մեր քրոջը»: Ինչքան այն ժամանակ իրենց քրիստոնյա «քրոջն» օգնության հասան, այնպես էլ այսօր «ժողովրդավար եղբորը» կհասնեն, եթե, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունն զգացվի: Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է …ժողովրդավարությունը մերժենք: Քավ լիցի: Բայց պիտի նաև հասկանանք, որ ժողովրդավարությունը պետութան անվտանգության ապահովման համադարման չէ: Ամեն մեկն ինքն է իր անվտանգության երաշխավորը: Եվ դրա համար չկա ավելի լավ միջոց, քան սեփական ժողովրդի միասնության ապահովումը, վտանգի պահին համախմբվելու կարողությունը, սեփական բանակի մարտունակությունն ու հայրենի պետության և ժողովրդի համար կռվելու, պայքարելու, հարկը պահանջածին` նաև նահատակվելու կամքն ու ոգին:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ