ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼ` ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ


Ինչ-որ լարված իրավիճակի և ընդհուպ մինչև ճգնաժամի առկայության մասին պնդումների հեղինակներին շարունակաբար հիասթափեցնելն էլ է արդեն ձանձրալի ու անհետաքրքիր դառնում: Առավել ևս, երբ ինչպես ասում են, ժամանակն էլ իր գործն է անում` արձանագրելով, որ իրադարձություններն իրենց բնականոն հունով են ընթանում: Իսկ առանձին մանր ու մեծ ցնցումները նույնիսկ ամենայն լավատեսությամբ (կամ էլ հակառակը) դիտարկելու դեպքում դժվար է ենթադրել, թե դրանք շոշափելի փոփոխութ յունների կամ, ինչպես արմատականներն են երազում, իշխանափոխության առիթ և պատճառ կարող են դառնալ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում փոփոխություններ չեն արձանագրվի` անգամ մայրաքաղաքի համայնքապետերի կազմում: Այստեղ նույնպես իրադարձութ յունները զարգանում են կանխատեսված սցենարի շրջանակներում: Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ առաջադրվել են գերազանցապես գործող թաղապետերը: Իսկ այն համայնքներում, որտեղ «այլընտրանք(ներ)» են ի հայտ եկել, արդեն իսկ խոսվում է նման թեկնածուների խորհրդանշական ներգրավվածության մասին: Եվ այս իմաստով բացառություն դարձած մեկ-երկու համայնքները, բնականաբար, ընդհանուր պատկերը չեն կարող փոխել: Այլ կերպ ասած` այսօրվանից արդեն աշնանային քվեարկությունները այնպիսի վերջնարդյունք են խոստանում, ինչի լիարժեք և հիմնավոր նախադրյալներն արդեն կան թիվ 17 ընտրատարածքում առաջիկա կիրակի օրը կայանալիք ընտրության պարագայում: Միակ տարբերությունն այստեղ թերևս այն է, որ մի դեպքում խորհրդարանի պատգամավոր է ընտրվելու, մյուս դեպքում գործող համայնքապետերն են վերընտրվելու: Դե իսկ եթե շարունակենք զուգահեռները, ապա կարելի է նաև ենթադրել, թե մեծ է հավանականությունը, որ մայրաքաղաքի համայնքներում կրկին գործի կոալիցիոն համագործակցության սկզբունքը: Ասել է թե` չի բացառվում, որ Հանրապետական կուսակցության արդեն իսկ առաջադրված թեկնածուներին սատարեն նաև կոալիցիայում ընդգրկված մյուս երեք քաղաքական ուժերը նույնպես: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանց մասնակցության վերաբերյալ նախնական աղոտ հույսերն այդպես էլ չիրականացան, և արդեն հայտնի մեկ-երկու բացառությունները, ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ վերջիններիս պարագայում չեն կարող փոխել իրավիճակը: Ուստիև, արդեն ժամանակն է եզրակացնելու, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, քանի որ այստեղ կրելիք պարտությունն այլևս զանգվածներին Ազատության հրապարակ չի բերի: Նման հաշվարկը ըստ ամենայնի սխալ չի, որովհետև, ինչպես փորձն է ցույց տալիս, Նախագահի կամ գոնե խորհրդարանականների ընտրություն պետք է կազմակերպվի, որպեսզի հնարավոր լինի նման արդյունքի (՞) հասնել: Ինչ խոսք, ասվածը բնավ էլ չի ենթադրում, թե ՏԻՄ ընտրություններից դժգոհ մնացած կողմեր չեն լինում: Այստեղ նույնիսկ քիչ է կարևոր, թե առաջիկա քվեարկութ յանը չափազանց քիչ թվով թեկնածուներ են առաջադրվել: Բանն այն է, որ հատվածական մրցապայքարում հետընտրական զարգացումներ կանխատեսելու հիմքերն ուղղակիո րեն ի չիք են դառնում: Առավել ևս, երբ այդ պայքարը քաղաքական ուժերի հոժար կամքով այդպես էլ չի կուսակցականացվում: Իսկ արդեն առիթն ունեցել ենք ընդգծելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին հատկապես գործընթացի այս հատվածն է օդ ու ջրի պես անհրաժեշտ: Բողոքավորների նոր խմբերը յուրօրինակ շունչ կհաղորդեն աստիճանաբար միօրինակ ու իրար կրկնող միտինգաշարերին… Պարտություն կրածների նոր «խմբաքանակը» լավագույնս կոգեշնչի նորաստեղծ Կոնգրեսի ղեկավարներին: Բայց, ինչպես նշեցինք, ընդդիմադիրների մասնակցության պարագայում նման հեռանկարը ոչ մի կերպ չի կարող նշված սցենարի շրջանակներում տեղավորվել: Ուրեմն, անկախ ամեն ինչից, մրցապայքարի դուրս գալն էլ է ինքնանպատակ դառնում: Բացի այդ. «Այս անգամ էլ չստացվեց» ինքնաարդարացումն արմատականներին ոչինչ չի տա, բացի պարտությունների թիվը ևս մեկով ավելացնելուց: Ընդ որում, եթե փետրվարյան ընտրություններում կրած անհաջողությունը միայն Լևոն Տեր-Պետրոսյանինն է կամ առավելագույնը նրա թիմինը (ինչը ընդհանրական բնորոշում է), ապա այս դեպքում պարտված կլինեն տասնյակ թեկնածուներ ու կուսակցություններ: Ավելին, դժվար չէ ենթադրել, որ նորաստեղծ Կոնգրեսում չեն ուզում սեփական կենսագրությունը անհաջողություններ արձանագելով սկսել: Հաճելի չէ, սակայն պարտադրված խուսափողականությունը լարված իրավիճակի ու ճգնաժամերի մասին անհեթեթ պնդումներով քողարկելն էլ իր հերթին բարոյական չէ: