Զգո´ւյշ`, աղանդ է ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ. ազգայինի քայքայում և քաղաքական բիզնես


Զգո´ւյշ կացեք` ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև շատեր պիտի գան իմ անունով և պիտի ասեն` ե´ս եմ Քրիստոսը և շատերին պիտի մոլորեցնեն... ՄԱՐԿՈՍ. ԺԳ 5-6 Եկե´լ են ու այնպե˜ս մոլորեցրել, որ կյանքի ու մահի` լույսի ու խավարի սահմանն ենք կորցրել: Մեծագույն պատրաստակամությամբ նախ մեր երկրի դռները բացեցինք, հետո շատերն` իրենց հոգիները, և քայքայիչ աղանդների ամենակուլ երախը կլանեց ճշմարիտ հավատ, ազգային արժանապատվություն կոչված մեր արժանիքները: - Մեզանում չկա այն տարանջատումը, թե ո՞րն է աղանդը, ո՞րը` քայքայիչ աղանդը կամ պաշտամունքը. օրենսդրական փաստաթղթերով դա հստակեցված չէ: Տվյալ տարածքում ավանդական եկեղեցու դավանաբանությունից թեկուզ չնչին չափով շեղվող կառույցը համարվում է աղանդ: Բայց քայքայիչ աղանդ¬պաշտամունքներն իրենց գործունեության մեջ օգտագործում են արգելված հոգեբանական ճնշումներ, հոգեորսության մեթոդներ, ոտնահարում են մարդու իրավունքները: Բացի այս, ցանկացած կրոնական կառույց, որն իր գործունեությամբ փակ է, ոտնահարում է տեղեկատվություն ստանալու, ընտրություն կատարելու իրավունքները` արդեն իսկ քայքայիչ է: Իսկ մեր կրոնական բոլոր կառույցներում (խոսքն, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու մասին չէ) պարտադրում են ենթարկվել ղեկավարին, ´ դրանցից ոչ մեկը բաց չէ: Քայքայիչ հետևանքները շատ բարդ են, հաճախ` անուղղելի. իրենց` այսպես կոչված եկեղեցու անդամների տներն են խլում, ունեցվածքը ձևակերպում այդ եկեղեցու անունով: Ավելին, սեռական ոտնձգություններ են կատարվում: Ընդհուպ մինչև հարազատների միջև սեռական հարաբերությունների դրսևորումներ են արձանագրվել. այդ ամենը հաստատող տեսանյութեր ունենք,¬ պատմում է Ալ. Ամարյանը: - Այդքանով հանդերձ` դրանք գործում են: - Ցավոք` Հայաստանում ոչ մի օրենքով հնարավոր չէ որևէ կառույց ստուգել: Օրենքը մեզանում լիակատար չէ: - Ձեր դիտարկումներով` ո՞րն է դրանց նպատակը: - Ազգի ինքնատիպության քայքայումը: - Ասում եք` օրենքի անկատարությունն է մեզ խանգարում: Բայց արդյո՞ք այդ անկատարություն կոչվածը սոսկ սպրդում է: Իմ ու էլի շատերի տպավորութ յամբ դա միտումնավոր սողանցք է: Այնքան բացահայտ է, թե ինչպիսի հոգածությամբ են շրջապատված այդ քայքայիչ աղանդները. հիշենք թեկուզ միայն «Եհովայի վկաներ»¬ին գրանցելու պարտադրանքը: Պատվեր է դա, ինչին մենք հնազանդվում ենք: Արդյունքում` ոմանք գումարներ են վաստակում, իսկ նրանց ցանցն ընկածները կործանվում են: - Մեր օրենքը 1991 թ.-ին է ընդունվել և ըստ էության` այն միայն գրանցման մեխանիզմն է հստակեցնում: Մնացած դրույթները շրջանցված են: Տարիներ առաջ` ԱԺ հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ, Արմեն Աշոտյանը փորձեց հստակեցնել այդ օրենքը` կրոնական կառույցների իրավունքներից զատ որոշակիացնելով նաև դրանց պարտականությունները: Իհարկե` և սահմանափակումները` եթե տվյալ կառույցը չարաշահում է իր լիազորությունները: Այդ նախագիծը, սակայն, սառեցվեց: Ու այսօր շատ դժվար է քայքայիչ աղանդներին մեղադրանք ներկայացնել` մարդկանց իրավունքները ոտնահարելու, կամ հենց հոգեորսության համար: Այսօր շուրջ 350 հազար Հայաստանի քաղաքացի դավանում է ոչ Հայ Առաքելական եկեղեցուն: Դա մեծ թիվ է: - Եկեղեցին այդ ուղղությամբ չունի՞ անելիք: Չի՞ կարող պահանջել, դիցուք, որպեսզի օրենքը վերանայվի: - Պահանջել կարող է, բայց կոնկրետ գործողություններ կատարել չի կարող, որովհետև Եկեղեցին անջատված է պետությունից: - Մեկը չի կարող, մյուսը չի ուզում, ոմանք էլ, թերևս, չեն գիտակցում ահավորությունը: Արդյունքում հոգեբանական շեղումներն են շատանում: Անտարբերություն` ամեն ինչի նկատմամբ, ապագայի մոռացություն, ինքնասպանությունների աճ… Այս պատկերն, ի վերջո, պետք է լրջորեն մտահոգի ամենքիս: - Նախկինում տարեկան առավելագույնը ինքնասպանության 40 դեպք էր գրանցվում, այսօր այդ թիվը գերազանցում է 550¬ը: Եվ դրանց պատճառը սոցիալական վիճակը չէ: Պատճառներն հիմնականում հոգեբանական են: - Հիմքերն էլ, անշուշտ, մեր նոր պետականության կերտման ակունքներում են. այդ ժամանակներից մենք շատ տխուր ժառանգություն ենք ստացել: - Ասեմ, որ կրոնական շատ կառույցների համար տանիք են կուսակցական ղեկավարներ, կառավարության անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Ի դեպ, երբ նոր էինք սկսել մեր գործունեությունը, առաջին բացահայտումը Ներքին գործերի նախարարություն գործող աղանդավորական կառույցն էր: Դա 2004¬ին էր, և այն ժամանակվա նախարարն արագ կանխեց դրա գործունեությունը: Բայց ցավալին այն էր, որ մինչ մեր բացահայտումը, նա տեղյակ չէր, թե ինչ է կատարվում իր ղեկավարած գերատեսչությունում. չգիտեր, որ վտանգված է ներքին անվտանգությունը: Մամուլն էլ երբեմն ջուր է լցնում աղանդավորների ջրաղացին` ոչ թե ուղղակի գովազդելու նրանց, այլ նրանց զենքը դառնալով սև PR¬ի համար: Օրինակներ այսօր չեմ բերի, բայց հանկարծ 2 կամ ավելի լրատվամիջոցներ միանգամից նույն թեմայով փորձում են վարկաբեկել այս կամ այն քաղուժին, քաղգործչին: Դա պատվեր է: Եվ քանի որ մարդիկ լավ տեղեկացված չեն, ամեն հրապարակում ընդունում են որպես ճշմարտություն: - Այսինքն, աղանդավորական շարժում կոչվածը նաև քաղաքական բիզնես է: - Ամենակեղտոտ բիզնեսը: Կրոնական կառույցներն, այո, ներքաշվում են կուսակցական խաղերի մեջ. հատկապես` ընտրությունների ժամանակ: Քիչ առաջ նշեցի, որ դրանցում պարտադիր է ենթարկվելը. ուրեմն այդ խմբերի ղեկավարներն իրենց «հոտի» անդամների ձայները հանգիստ կարող են վաճառել պատգամավորության թեկնածուներին: Բնականաբար` որոշակի գումարի դիմաց: Կամ, 5 հազար տեղանոց քանի՞ դահլիճ ունենք... Բայց Քանաքեռի ճանապարհին աղանդավորական կառույցն այդքան մեծ եկեղեցի է կառուցում: Ու ոչ մեկը չի հարցնում` ի՞նչ գումարներով: Կասեն` իրենց հավատացյալների «նվիրաբերած» տասնորդներո՞վ… - Դե, եթե հայ երիտասարդը պատրաստ է ինչ¬որ գումարի դիմաց ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել Հայաստանում, իսկ մի ուրիշն էլ ադրբեջանական երգերի գովազդն է անում, ուրեմն աղանդավորների դիրքերի ամրապնդումն էլ դառնում է բացատրելի: - Ինչո՞ւ եք զարմանում. մեզ մոտ կա կրոնական կառույց, որի հիմքում մահմեդական պախայությունն է, Հայաստանում հայ մուսուլմաններ էլ ունենք: Որպես էքստրեմիստական կառույց պախայիներն արգելված են Հայաստանում` գրանցված: Նրանց կատարած խարդախության մի գործ բացահայտվեց, քրգործ հարուցվեց… Ի վերջո, սատանայապաշտներ ունենք, որոնք մարդ են սպանում` իրենց ծեսերին: - Ու դարձյալ չե՞ն պատժվում: - Այդպիսի մի դեպք բացահայտվեց, բայց որակվեց որպես կենցաղային սպանություն: - Այսինքն` սատանայապաշտությունն էլ հովանավորներ ունի, և չկամեցա՞ն բարձրաձայնել նրանց գործած չարիքը: - Ավելի ճիշտ կլինի ասել, որ բացահայտողներն այնքան պատկերացում չունեին այդ աղանդի մասին, որպեսզի կարողանային հիմնավորել: Բազմաթիվ ինքնասպա նություններ, ծառերից կախված դիակներ… Ո՞վ է նման դեպքերը հետազոտում որպես ծիսակատարության հետևանք: Սատանայապաշտներն այդ ամենը վարպետորեն քողարկում են` որպես ինքնասպանություններ: - Այնքան վարպետորեն, որ մոլորեցնո՞ւմ են իրավապահներին, և նրանք չեն կարողանում ճիշտ հիմնավորում գտնե՞լ: - Հիմնականում` այո: Օրինակ, տեսեք` որքան են ակտիվացել էմոները: Ոչինչ չի արվում նրանց դեմ: Իսկ ի՞նչ անել. ուժային մեթոդով ճնշել, վախեցնե՞լ: Այդ կերպ ավելի կմեծացնենք հետաքրքրությունը նրանց հանդեպ: Հոգեբանական համակողմանի աշխատանք է պետք: Չունե՞նք հոգեբաններ: Շա˜տ ունենք: Միայն թե` տա Աստված, որ բուհերի այդ ֆակուլտետների ղեկավարներն իրե´նք աղանդների քարոզիչներ չլինեն: - Դժբախտաբար` մեր բուհերում քիչ չեն աղանդավոր դասախոսները: - Ո՞ւմ հայտնի չէ, որ ամենափխրունը ուսանողների, աշակերտների ուղեղներն են: Ուրեմն ո՞նց կարող էին աղանդավորները չգրոհել բուհեր: Մենք օրինակներ էլ ունենք. որոշ բուհերում այնպիսի թեմաներ են դասավանդվում, այնպիսի թեմաներ են ընդգրկվում ծրագրերում, որ կասկած չի մնում, թե այդ նպատակն ինչ է: Բազմագլուխ հրեշի է նման այդ երևույթը. այն պետք է արմատից կտրել` սկսած ուսումնական ծրագրերից: - Պարոն Ամարյան, Դուք բավական փաստեր ունեք` մեր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք դարձած այս չարիքի դեմ: Եվ շատ դիպուկ նշեցիք, որ հոգեորսների ցանցում մարդիկ հաճախ հայտնվում են քիչ տեղեկացվածության պատճառով: «Ավանգարդը» պատրաստ է իր ընթերցողին իրազեկել քայքայիչ պաշտամունքների վտանգների, դրանցից տուժածների ճակատագրերի մասին: Բնականաբար` հասարակությանը սթափեցնելու և պատկան ատյաններին ևս մեկ անգամ պարտավորեցնելու նպատակով: ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Սիրելի ընթերցող. «Զգո´ւյշ, աղանդ է» խորագրի ներքո այսուհետ դու ևս կարող ես քայքայիչ աղանդներին ու դրանց ներկայացուցիչներին առնչվող` մտերիմներիդ կամ քեզ հետ կատարված դեպքերի մասին պատմել, կարծիք հայտնել, թե ինչպես կարելի է զերծ մնալ նրանց թակարդներից:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ