Ճիշտ` ինչպես Սովետմիությունում


 

20-րդ դարավերջի երիտասարդներն այսօր հումորով են հիշում իրենց պատանեկության սրճարանային բարքերը. մեկ բաժակ սուրճ կամ գարեջուր գնողներին խեթ-խեթ էին նայում, գավաթները` չդատարկված` մատուցողը մատները դրանց մեջ գցելով` հավաքում էր: Իսկ երկար նստողներն ուղղակի սպասարկողների աչքի փուշն էին:

Պարզվում է` դա սոսկ խորհրդային երևույթ չէր: Սան-Ֆրանցիսկոյում ավելի քան 100 տարի ճանաչում վայելած «Սեմ Վո» ռեստորանում ճիշտ նույն վարքագիծն է դրսևորել մատուցող Էդզել Ֆորդ Ֆունգը: Իր գռեհկությունների համար նա արժանացել է «աշխարհի ամենակոպիտ մատուցողը» «տիտղոսին»` մեծացնելով ռեստորանի հռչակը:

Սան-Ֆրանցիսկոյի չինական թաղամասում գտնվող այդ սննդօբյեկտ այցելողները հենց մուտքից հայտնվում էին խոհանոցում, իսկ սրահը երկրորդ հարկում էր, մի քանի սեղանիկներով: Մատուցող Ֆունգին ո՞վ չգիտեր, ո՞ւմ «բախտ» չէր վիճակվել` «արժանանալ» նրա վիրավորանքներին, հայհոյանքներին: Չինական ավանդական ուտեստների երկրպագուներն արդեն վարժվել էին, որ նա պետք է ամանեղեն ջարդի, մրթմրթա ու կռիվ սարքի, եթե հանդգնեն քիչ «թեյավճար» թողնել: Սովորել էին, որ ինքնիշխան մատուցողը կարող է իրենց առջևից տանել կիսատ կերած ճաշը, կամ քննադատել այցելուներին, անծանոթ մարդկանց պարտադրելով նստեցնել նույն սեղանի շուրջ, սնվողներին պատառաքաղ չտալ: Սի խոսքով` ավելի դաժան, քան խորհրդային մատուցողները:

Բայց ուշադիր ընթերցողը նկատեց անշուշտ, որ Ֆունգի մասին խոսվում է անցյալ ժամանակով: Խնդիրն այն է, որ ռեստորանի տեր Դևիդ Հոն որոշել է փակել օբյեկտը: Պատճառը եկամուտների պակասը չէ. պարզապես հսկող ատյանները պահանջել են ուժեղացնել անվտանգությունը և բարելավել սանիտարական պայմանները: