«Ակնկալում եմ առավել անձնվեր և պարտաճանաչ ծառայություն»


ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացած` Իրաքում կայունացման ուժերի կազմում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգևատրման արարողությանը խաղաղապահներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Պարոնայք զինվորականնե°ր, հայրենակիցնե°ր, հյուրե°ր. Այսօր հավաքվել ենք` արժանին մատուցելու խաղաղապահ առաքելությունների ընթացքում իրենց փայլուն կերպով դրսևորած զինծառայողներին: Խաղաղապահ գործունեությունն ավելի քան պարտավորեցնող է, պատվաբեր և մեծ նվիրում է պահանջում: Այն հնարավորություն է տալիս զինվորական մասնագիտությունն օգտագործել խաղաղությունը պահպանելու առաքինի գործում: Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայ խաղաղապահները առանձնահատուկ պատասխանատվությամբ են կատարում այդ առաքելությունը: Համոզված եմ, որ դա պայմանավորված է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլև համամարդկային քրիստոնեական արժեքներով առաջնորդվելու առանձնահատկությամբ: Այս գիտակցությամբ են առաջնորդվում հայ խաղաղապահները թե° Կոսովոյում, և թե° Իրաքում: Նրանց փայլուն ծառայությունը խոսում է հայ զինվորի հպարտ և հայրենասեր ոգու մասին, միջազգայնորեն ձևավորում հայ զինվորականի պարտաճանաչ և պատասխանատու կեցվածքը: Այդպես եղել է, կա և վստահ եմ` այդպես է լինելու, քանի որ մեր խաղաղապահները պետք է ապացուցեն, որ հայ ժողովուրդը և մասնավորապես հայոց բանակը իրավունք ունի և ի զորու է մյուս առաջատար ազգերի հետ կողք-կողքի կերտել մեր այսօրվա կայունությունն ու ապագայի անվտանգությունը: Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր մասնակցությունը միջազգային խաղաղության պահպանման գործում: Եվրոպական հանրությանը ինտեգրվելու մեր ձգտումը նաև բարոյական պարտավորություններ է ստեղծում եվրոպական արժեքներ դավանող պետությունների առջև ծառացած խնդիրների լուծման գործում սեփական ներդրումն ունենալու համար: Ուստի, մենք չենք կարող անմասն մնալ համընդհանուր անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերից, քանի որ մենք այդ խաղաղության սպառողները չենք միայն, այլ նաև կերտողները: ՀՀ զինված ուժերի ղեկավարության և բազմազգ հրամանատարության կողմից բազմիցս բարձր գնահատանքի է արժանացրել առաքելության ընթացքում հայ զինվորի իրականացրած ծառայությունը` փաստելով հայ խաղաղապահների գաղափարական նվիրվածության, մարդկային կյանքեր փրկելու անձնվիրական պատրաստակամության, մասնագիտական բարձր հմտությունների մասին: Այսօր էլ, երբ Իրաքին զուգահեռ լարված իրավիճակ է ստեղծվել նաև Կոսովոյում, մեր խաղաղապահները շարունակում են նույնպիսի պատասխանատվությամբ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: Պարոնայք սպանե°ր, ենթասպանե°ր, զինվորնե°ր Գուցե այսօր ոչ բոլորդ եք պարգևատրվում: Սակայն վստահ եղեք, որ ՀՀ զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում է ձեր իրականացրած ծառայությունը և յուրաքանչյուրդ կգնահատվի ըստ արժանվույն: Ուստի ակնկալում եմ առավել անձնվեր և պարտաճանաչ ծառայություն: Շնորհավորում եմ բոլորիդ` ձեր առջև դրված խնդիրների հաջող կատարման համար»: