ԱՆՑՈՒՄ


Երկիրն ու հասարակությունը վերջապես ազատվեցին «արտակարգ դրության» ծանր, հոգեբանորեն դժվար տանելի բեռից: Որքան էլ անհրաժեշտությունից թելադրված, այնուամենայնիվ, խաղաղության ու համերաշխության խորհրդանիշ Երևանի համար անսովոր էր զինյալների ներկայությունը: Հանդարտության քսանօրյակի ավարտին, ինչպես և կարելի էր սպասել, Ռ. Քոչարյանն ամփոփելով հայտարարեց, որ երկրում իրավիճակը կայունացել է, արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու նախադարյալներ չկան: Այսքանով հանդերձ` Հանրապետության նախագահը կարևորեց իրավիճակի ամբողջական կայունացումն ու երկիրը ընտրություններին նախորդած շրջանի վիճակին բերելը: Հետևաբար` զանգվածային միջոցառումների նոր շարքի մեկնարկը նպատակահարմար չէ: Արդյունքում, որքան էլ հակառակ ճամբարից համառորեն պնդեն, թե իշխանությունը նախորդ շաբաթ խորհրդարանում ընդունած որոշմամբ սահմանափակում է «խաղաղ ցուցարարների» իրավունքները, միևնույն է, Ազատության հրապարակը վերստին զենքի ու զինամթերքի պահեստարան դարձնելու` աճող նկրտումները անհանդուրժելի են: Մյուս կողմից էլ աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ այսպես կոչված համաժողովրդական շարժման հերթական ալիքը խեղդելու մասին ընդդիմության դժգոհությունը սպասվածից էլ արագ մարեց: Շաբաթավերջին կազմակերպված լռության երթի սակավամարդությունն անգամ ամենահոռետեսները կդժվարանային կանխատեսել: Ըստ երևույթին ներքաղաքական «հրադադարի» քսանօրյակը հազարներով հաշվվող միտինգավորներին լրջորեն խորհելու, կատարվածը վերլուծելու և համապատասխան եզրահանգումները կատարելու լավ հնարավորություն է տվել: Ուստիև ընդդիմությունն այլևս կարող է ոչ թե շարժումը խեղդելուց (՞) դժգոհել, այլ դրա իսպառ մարած լինելու իրական պատճառները հետաքննել… Իշխանության համար հստակ են իր անելիքները: Ռ. Քոչարյանը գտնում է, որ հետայսու կառավարությունը պետք է ավելի թափանցիկ ու ժողովրդի համար ավելի ընկալելի մեթոդներով աշխատի: Ի վերջո, այն հանգամանքը, որ հանրության 21 տոկոսը քվեարկել է մայրաքաղաքը բարիկադների վերածելու գործին լծված ուժի օգտին, համապատասխան եզրահանգումների պետք է մղի իշխանությանը: Ասել է թե` հանրության տարբեր շերտերում բողոքավոր-դժգոհողների թիվը նվազագույնի պետք է հասցվի, ինչը կարող է միմիայն նոր ձևավորվող իշխանության ավելի հետևողական ու թափանցիկ գործունեության արդյունքում իրականացվել: Սա` ապագայի համար: Իսկ ընդհանրապես, ընտրությունները ներքաղաքական բորբոքումների ամենադրսևորվող շրջանն է: Դժվար է հիշել որևէ համապետական քվեարկություն, որն առանց նախընտրական կամ հետընտրական հանրահավաքների, առանց կրքերի բորբոքման ուղեկցված լինի: Այս համատեքստում միանգամայն հասկանալի է Ռ. Քոչարյանի այն տեսակետը, թե նախքան մարտի 1-ի բախումը, քանի դեռ շարունակվում էր քվեների վերահաշվարկը ու բողոքարկման գործընթացը, իշխանությունը նպատակահարմար չի համարել միջամտել Ազատության հրապարակում ծավալվող իրադարձություններին: Իսկ արտակարգ դրության ավարտից հետո, բնականաբար, նման խնդիր արդեն չի կարող գոյություն ունենալ, քանի որ հանրահավաքային շարժման հանրային պահանջ պարզապես գոյություն չունի: Եկել է կայունությունն ամրապնդելու ժամանակը: