Մտորումներ, հիշողություններ ԻՄ ԷՄԻՆԸ


(Գևորգ Էմինի ծննդյան 87-ամյակի առթիվ) Ես դպրոցական տարիներից զգում էի, որ բացի նկարչությունից, իմ մեջ այսպես ասած` գլուխ է բարձրացնում բանաստեղծական շնորհքը, ավելի ուժեղ, քան նկարչությունը: Եվ լավ ծանոթ լինելով թե° Գ. Էմինի և թե° Պ. Սևակի ստեղծագործություններին, սկզբում տատանվում էի` որի՞ն դիմեմ... Վերջապես հաղթեց Գ. Էմինին դիմելու վճռականությունը: Եվ իմ ներքին զգացողությունն ինձ չխաբեց. նամակ- բանաստեղծությունով դիմեցի Գ. Էմինին, հետն էլ ուղարկելով չորս բանաստեղծություն: Ես հարկ եմ համարում այդ նամակ-բանաստեղծությունից մի հատված մեջբերել, քանի որ այն ոչ միայն Գ. Էմինին է վերաբերում, այլև ընդհանրապես մեծ բանաստեղծներին. Ողջույն, բանաստեղծ (Գևորգ Էմինին` նամակի փոխարեն) Ողջույն, բանաստեղծ... Դու, որ բարձրացել ու բարձրանում ես քո իսկ տքնաջան արարումներով, Դու, որ կոչված ես մարդուն մղելու տիղմերից դեպի աստվածայինը, Դու, որ մաքրության լիցքերի հոսք ես տարածում այլուր, Դու, որ նստում ես` սեղանիդ հակված ու երկրագունդն ես տեսնում քո դիմաց, Դու, որ ցանում ես ազնիվ ցորենդ, և այն ծլելով, առատանալով դառնում է հասուն հասկերի ծփանք... Դու, որ լավ գիտես արևի լեզուն և ծարավ ծիլի կանաչ ծիծաղով անձրևի գալն ես ողջունում ծափով, երկրպագելով լույսին` բարության և արդարության հաղթանակներն ես տոնում հոգուդ մեջ, քննախույզ մտքով թափանցիր հոժար իմ տիեզերքը` ինչպես հողի մեջ` ծառն արմատներով, աստղերիս անխախտ դասավո-րության խորհուրդն ըմբռնիր, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Երկար սպասեցի Գ. Էմինի արձագանքին: Ի վերջո, հուսահատ, էլ... չսպասեցի: Ու հանկարծ... 1978 թվականն էր, աշխատում էի Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումում: Օգոստոսի 30-ին, մանկավարժական խորհրդի նիստի ավարտին մոտ մեր մանկավարժներից մեկը` Վաչե Սարուխանյանը, որ աշխատում էր որպես ռեժիսոր, խոսք խնդրեց և կարդաց «Ավանգարդ» թերթի այդ օրվա համարում «ՆՈՐ ԱՆՈՒՆ» վերնագրով Գ. Էմինի գրած հոդվածը իմ ստեղծագործությունների մասին: Ես ուրախությունից քիչ էր մնում լաց լինեի: Հետո գնացի Գ. Էմինի տուն, նրա ջերմ ընդունելությունից իսկույն թոթափեցի ինձ համակած հուզմունքը: Նա հետաքրքրվեց իմ անվան ծագմամբ (անձնագրով անունս Ալգիս է): Պատմեցի, որ այդ անունը հայրս է դրել տատիս` ԱԼՄԱՍՏ ու պապիս` ՍԱՐԳԻՍ անունների միացությունից. ԱԼ-ԳԻՍ: - Քո հայրը որտեղացի՞ է: - Գաղթել է Մշո Բուլանըխի Միրբար գյուղից: - Պարզվում է` ԶԵՆՈԲ ԳԼԱԿԻ հայրենակիցն ես: Այդ խոսքերը դաջվեցին ուղեղիս մեջ: Հետո, երբ Գ. Էմինի և գրականագետ Ֆելիքս Բախչինյանի միջամտությամբ ընդունվեցի Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտ, անվերջ մտորում էի գրական կեղծանվան մասին: Ինստիտուտն ավարտելիս լույս տեսավ իմ առաջին գիրքը` «ԲԱԶՄԱՁԱՅՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ»-ը: Հիշելով Էմինի նկատառումը, ինձ մկրտեցի ԳԼԱԿ գրական անվամբ: Այդ օրից Գ. Էմինը իմ գրական կնքահայրը դարձավ: Հովհաննես ԳԼԱԿ Հ.Գ. Ժամանակակիցների վկայությամբ` Հովհաննես Գլակին ընդունելության հարցում օգնել են նաև Գուրգեն Լոռեցին և Էդվարդ Սիմոնյանը: Կատականկարները` Գուրգեն ԲԱԼԱՅԱՆԻ