ՆՈՐԱԲՈՂԲՈՋ ՇԻՎԵՐ Վարպետի արվեստանոցի բոցկլտուն քուրայում


Հիմա արդեն զվարճալի արկածային հուշ են թվում ձախորդությունները, որոնք չարագուշակ ստվերի նման մեզ ուղեկցեցին Ծիլքարից մինչև Աբելյանի անվան թատրոն£ Հուժկու տեղատարափից իսպառ խեղճացած միջքաղաքային երթուղային անսարք տաքսու ուղևորներս թատրոնի շուրջ ծավալված անվերջանալի զրույցով աննկատ մտերմացանք և, զվարթ հեգնանքով ընդունելով մեզ կրնկակոխ հետևող ամեն նոր փորձությունը, ի վերջո հասանք գիշերային Վանաձոր£ Հապաղելու բարոյական իրավունք իրեն չվերապահելով` Վարպետն անմիջապես բեմ մտավ£ Զորակոչային տագնապահույզ ապրումներից շփոթահար Ավետիք Գասպարյանը անհամբեր սպասում էր իր ավարտական աշխատանքը պատշաճ կառուցիկության հասցնող ղեկավար ցուցմունքների£ Բեմադրում էր Սամվել Խալաթյանի «Աքլորականչ» մենադրաման Գյումրիի թատրոնի առաջատար դերասանուհի Անահիտ Մութաֆյանի մասնակցությամբ, ով բեմի անհագ պապակը հագեցնելու գործուն ազդակ է գտել վերջերս` միաժամանակ հանդես է գալիս երկու թատրոններում£ Առօրեական թվացող զրույցով Շահվերդյանն ակնթարթորեն ստեղծագործական միջավայրի ոլորտն է ներգրավում ոչ միայն Ավիկին ու Անահիտին, այլև ժամանակի զգացողությունն ասես կորցրած ողջ անձնակազմին£ Կախարդական փայտիկի աննշան հպումով հարթակն ազատվում է ավելորդ իրերից ու առարկաներից£ Դահլիճից ակնդետ հետևում եմ առույգ պատանու նման երիտասարդներին աշխատանքային եռանդ ներարկող Վարպետի բեմական վարքագծին£ Հոգնության ոչ մի հետք£ Կարծես այսօ°ր չի եղել Զեյթունցյանի «Արշակավան»-ի ինտենսիվ փորձը Մայր թատրոնում£ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վեհարանում Երվանդ Ղազանչյանին ու Գալյա Նովենցին «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ակտիվ մասնակցությունը£ «Էլի մեկ զոհ» ներկայացման դերասանախմբի պատրաստվածությունը անձամբ ճշտելուց հետո Ազգային պատկերասրահում կազմակերպված «Թանգարան+թատրոն» նորահնար իրադարձության թատերայնացված բացմանը ճանապարհելու պատասխանատու մտահոգությունը£ (Թանգարանային միջազգային այդ գիշերը առանձնահատուկ տոնախմբության վերափոխեցին մայրաքաղաքային թատրոնները` շարունակաբար հատվածներ ցուցադրելով խաղացանկային ներկայացումներից, պատվով միմյանց փոխանցելով սունդուկյանցիներից ընդունած մեկնարկի ջահը)£ Հուսալքելու աստիճան տրտմեցուցիչ ուղևորության հետքն իսկ չկար£ Եվ իր անպարպելի թատերամոլությունից կենսական առեղծվածային լիցքերով մշտապես զորացող այս արվեստագետի նկարագրում ինձ համար բացահայտվում է հոգեբան-մանկավարժը£ Գիշերային չպլանավորված փորձը ներկաներիս համար ստանում է վարպետության գործնական դասընթացի արժեք£ Հատկապես` երգն ու պարը ամբողջական ներկայացման վերածելու մանկության իր նվիրական երազանքի իրականացման թելադրանքով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի նորաբաց մասնաճյուղի (տնօրեն` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյան) Վահե Շահվերդյանի կուրսում հայտնված Ավետիքի համար, ում մասնագիտական հետաքրքրությունների կենտրոնում օպերետային շքեղ ներկայացումներն են£ …Հնգամյա մասնաճյուղում փորձառու անվանի արիտիստներ Հակոբ Ազիզյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Գրետա Մեջլումյանի և արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի թատերակրթությամբ աճած և պրոֆեսոր Վահե Շահվերդյանի ուրույն արվեստանոցի մասնագիտական քուրայում թրծված առաջին սերունդն է պատրաստվում ոտք դնել լայնահուն թատերաշխարհ£ Երկրորդ լիաթոք շնչառությանը նպաստող թարմ օդի կարոտ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը, տնօրեն Հովհաննես Չախմախչյանի հեռատես բարյացակամությամբ, ընտանեկան ջերմությամբ է շրջապատել նորելուկ բեմադրիչներին£ Համեմատաբար հասուն տարիքում հաստատուն կամքով երկրորդ մանագիտություն ստացած Նունե Խեչումյանին և Արմեն Ներսիսյանին ու, առաջնահերթ, Ավետիք Գասպարյանին£ (Տա° Աստված, որ վերջինիս հոգում մոտալուտ զինծառայությունը ավելի բորբոքի թատրոնի սերն ու առավել իմաստնացած վերադարձնի հայրենի բեմ)£ Քննական անսովոր թրթիռ են ապրում բոլոր աբելյանցիները, որոնց մի մասի անմիջական մասնակցությունը դիպլոմային աշխատանքների կայացմանը` վերջնական ավարտունության հասնելու կայուն երաշխիք էր ապահովում նախապես£ Իր սաներին սեփական ունակություններն ի հայտ բերելու անսահման ազատություն էր շնորհել հմուտ ղեկավարը, ուսումնառության տարիներին իրենից քաղած գիտելիքների պաշարը առավելագույնս կիրառելու գործնական հնարավորություն£ Սկսած պիեսի ընտրությունից£ Նունեն մինչև իսկ զարմացրել էր «Մետաստազ»¬ին տված նախապատվությամբ£ Հովհաննես Թեքգյոզյանի «աներևակայելի ցնորամտությունը», նրա մտահղացմամբ, կենսականորեն հիմնավորված հոգեբանական ենթիմաստներով էր հագեցվել, քարսիրտ անտարբերությունից կործանվող մարդկային հոգիների կորստի ցավով£ Մանրակրկիտ մտածված բեմադրական կառույցում ներգրավված դերասանախմբի ընդհանուր խաղի նկատելի անհամաչափությունը մասամբ հարթվում էր գլխավոր հերոսի դերակատար Թեմուր Աճինյանի կերպարային հստակ տրամաբանությամբ ակնառու մարմնավորմամբ£ Հաղթահարվում` Համլետ Գյուլզադյանի (Մեշոկ պապի) խորհրդանշական սակավախոս անցումներով և Ալլա Դարբինյանի (Գանգրահեր կին)` երբեմն ներգործուն արտահայտչականությամբ դրսևորվող ներքին ապրումներով£ Գործող անձանց անսպասելի հերթափոխությունը ակնթարթային մթնեցմամբ, անվավոր եռածալ շիրմայի իմաստալից ձևափոխությունները ոչ միայն «չեզոքացնում» են մի քանի կերպարանափոխություններով հանդես եկող Էդգար Քոչինյանի (Հովիկ) և Արթուր Հարոյանի (Գանգրահեր տղա) վարպետության զգալի պակասը, այլև դինամիկ շղթայում են Արեն¬Աճինյանի տարբեր հոգեվիճակներն արտահայտող առանձին դրվագները` իրենց հերթին հասունացնելով ու հիմնավորելով բեմի վրա ստեղծված կամերային միջավայրում ծնված հոգեկան դրամայի ողբերգական ավարտը£ Առավելապես ընթերցանությանը հարմար, ենթագիտակցական շերտերում բնազդաբար պահպանվող աղճատված իրականության հալյուցինացիա ներով ողողուն, գրական ցնորամտությունը Նունե Խեչումյանը բեմավորում է իրականի ու երևակայականի սահմանագծում` որոշակի երևակելով կործանարար մետաստազների կենսական հարուցիչները£ Թռուցիկ «սրբագրելով» «Մետաստազ»¬ի իր բեմական տարբերակը` այս աշխատանքով նա մնայուն կամ տևական խաղացանկային բազմազանություն կարող է ապահովել աբելյանցիների համար£ Նաև` վանաձորյան թատերասերներին որոշակի կոնկրետ գաղափար «նոր դրամա» կոչվածի մասին£ Պետական հանձնախմբի անդամների և թատրոնի մարդկանց ընդհանուր տպավորությամբ` խաղացանկային կենսունակության իրավունք վաստակեցին Սամվել Խալաթյանի երկու մենադրամաների հիման վրա արված մյուս աշխատանքները ևս: Սունդուկյանական ու պարոնյանական արդիաշունչ հերոսների սիրահար, ազգային մտածելակերպով հայ երգարվեստի ակունքներից նաև հոգևոր լիարժեք սնունդ ստացող Արմեն Ներսիսյանը «Սիմոն թագավորը» բեմավորելիս փորձել է Վրույր Հարությունյանի մարմնավորած հերոսի մեջ խտացնել արցախյան ազատամարտի թոհուբոհում իր ապրածն ու զգացածը£ Տեքստային նրա աշխատանքն առայժմ ցայտուն ավարտունության չի հասցված£ Բայց, մասնակի ճշգրտումներով, ի զորու է շեշտադրել տարագիր ուսուցիչ Սիմոնի նվաստացուցիչ կեցության ընդհանրացված նկարագիրը կազմավորած ծանրակշիռ դրդապատճառները£ Տագնապի և սթափության համազգային ղողանջի վերափոխել Հայի բոմժակենցաղ տեսակին ընդդիմությունը, որ ցայտուն արտահայտված է ներկայացման մեջ£ Իր գտած գույների խորացմամբ ու հարուստ բեմափորձով` Հարությունյանը, վստահ եմ, հագեցնելու է իր հույժ կարևոր երկխոսութ յունը հանդիսատես-հայրենակիցների հետ` հայանպաստ ասելիքի վարպետ կենդանացմամբ£ Անահիտ Մութաֆյանն էլ ունակ է իր Սոնայի անձնական դրամային հարկավոր հասարակական հնչողություն հաղորդել£ Առավելապես կենտրոնացնելով կերպավորման ակնհայտ կարողությունները, որ Երիտասարդական փառատոնից հետո, մշտական ջանադրությամբ, բավականաչափ հղկվել են այսօր, ձախողված սիրո տառապանքներում անարդարացիորեն տոչորվող հերոսուհու հոգում անթեղված մաքրամաքուր շերտերի մեկտեղմամբ հասունացած բողոքի ճիչով£ Իհարկե, անհրաժեշտ կլինի առավելագույնս ազատագրվել Սոնայի մարդկային ու կանացի նկարագիրը արատավորող հեղինակային տեքստում առկա ինչ¬ինչ հանգամանքներից ևս£ Որքան էլ գրագետ լինի բեմադրիչը, հմուտ ու փորձառու, միևնույն է, մենաներկայացման հաջողվածությունը համարժեք դերակատարմամբ է գլխավորապես ապահովվում£ Ընտրված դերակատարները հուզում են հանդիսատեսին, որոշ չափով մտահոգում£ Մնում է` ընդհանրական գծերով լրացնել խաղացած կերպարները` վերջնականապես միաձուլվելով նրանց£ Պրեմիերային վիճակից դուրս բերվելով` Շահվերդյանի արվեստանոցում թրծված բեմադրիչների առաջին ամբողջական աշխատանքները, կարծում եմ, հնարավորինս կլավանան ու կհաստատվեն Աբելյանի անվան թատրոնի խաղացանկում£ Կոլեկտիվ ստեղծագործության նրբություններին, գրված ու չգրված կանոններին գործնականում տիրապետելով` գեթ Նունեն ու Արմենը նոր շունչ կհաղորդեն թատրոնի վերընձյուղման ընթացքին£ Մնում է նրանց լիարժեք ինքնաբացահայտման ռեալ լծակներ տալ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ