Ռազմամարզական վարժարանում


Ուսումնական տարեավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` ներկա լինելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ: Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց վարդապետ Աբրահամյանը. -Պարոն նախարար, հարգարժան ներկաներ, սիրելի սպաներ, Այս պահին առաքում ենք մեր աղոթքները, որ այս գեղեցիկ օրը ևս մեկ անգամ մեզ պարգևեց իրար հետ հանդիպելու և տոնախմբվելու առիթ: Հիրավի, որ գեղեցիկ և սքանչելի օր է, քանզի այսօր հայ առաքելական եկեղեցին իր օրացույցի մեջ մի կարևոր և գեղեցիկ տոն է տոնում` մեր հավատքի հոր` Սուրբն Գրիգոր Լուսավորչի տոնը: Սա մեր մտքի և հոգու տոնն է: Այս առիթով նախ և առաջ շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին, հայ ազգին` այս սքանչելի տոնի առթիվ, խնդրում բարեխոսությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի` առ Աստված, որ նա մեզ պարգևի գեղեցիկ և սքանչելի օրեր: Ուստի ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ, և մաղթում, որ Տերը անսասան, և իր հովանու, և իր աջի տակ պահի մեզ ամենքիս: Ամեն: Այնուհետև սաներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. - Հարգելի հայրենակիցներ, պարոնայք գեներալներ և սպաներ, Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սիրելի սաներ. Նախ թույլ տվեք պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, ղեկավարության և անձամբ իմ անունից շնորհավորել ձեզ` ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այս օրը հատկանշական է ոչ միայն մեր զինված ուժերի, այլ նաև մեր ժողովրդի համար. ասյօր մեր դպրոցականները, ուսումնառության օրրաններն ավարտած, ուսում առած, հրաժեշտ են տալիս դպրոցներին: Այս տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել համապատասխան գիտելիքներ, որոնք ձեզ անհրաժեշտ են լինելու, առաջին հերթին, բարձր մակարդակով հանձնելու ավարտական, այնուհետև տարբեր` այդ թվում նաև ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները, և հետագայում ընտրելու այն մասնագիտությունը, որով առաջնորդվելու եք: Շնորհավորում եմ բոլորիդ` մաղթում կանաչ ճանապարհ, հաջողություն, երջանկություն: Այսօր պետք է հիշենք նաև բոլոր նրանց, ում կյանքի շնորհիվ կանք, ապրում ենք խաղաղ պայմաններում և արարում` հիշելով նաև մեր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանին, նրա անցած ճանապարհն ու հերոսությունները, որոնք օրինակ պետք է լինեն և արտացոլվեն մերօրյա ուսուցման և խաղաղ պայմաններում: Շնորհավորական խոսքով սաներին ողջունեց նաև Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հանրակրթական առարկաների դասավանդող Ռ. Նավասարդյանը. - Շնորհավորում եմ բոլորիս` վերջին զանգի կապակցությամբ: Ամեն անգամ, երբ կյանք ենք ճանապարհում հերթական շրջանավարտներին, կարծես մեր հոգու մի մասնիկն էլ ենք փոխանցում նրանց: Վարժարանի հրամանատարությունը, անձնակազմը արել է ամեն ինչ, որպեսզի ձեր պատանեկան երազանքը մարմին առնի: Համոզված եմ, որ ձեր երակներում հոսում է մեծ Մոնթեի արյունը, և ուր էլ լինեք, միշտ բարձր կպահեք մեր վարժարանի պատիվը: Դուք կոփեցիք այստեղ ձեր մարմինն ու հոգին, ստացաք կայուն գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ քայլել աներեր և տա Աստված, որ դուք դառնաք խաղաղության զինվորներ` հանիրավի չօգտագործել ձեր զենքը: Կյանքի գնով պահեք մեր նախնիների արյամբ սրբագործված հողը: Բարի երթ ձեզ, սիրելի սաներ: Շնորհավորական խոսք հղեցին նաև ծնողները և սաները: Իսկ ծնողների հետ զրույցում նախարարը հավաստիացրեց, որ կրթական մակարդակը վարժարանում պետք է հասցնել այն աստիճանի, որ ավելի բարձր լինի, քան քաղաքացիական դպրոցներում: Ս.Օհանյանը ծնողներին հավաստիացրեց նաև, որ ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների ընթացքում հավասար միավորներ ստանալու դեպքում առավելությունը տրվում է ռազմամարզական վարժարանի շրջանավարտներին: «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրում Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց ՀՀ ԿԳՆ «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` ներկա լինելու 11-րդ դասարանի ավարտական վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ: Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնավորապես ասաց. - Հարգելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, կրթահամալիրի սիրելի շրջանավարտներ, Թույլ տվեք այս գեղեցիկ օրը շնորհավորել շրջանավարտներին` ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ և պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, անձամբ իմ անունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից ողջունել և բարեմաղթանքներ հղել կրթահամալիրի ողջ անձնակազ մին: Այս օրը տոն է ոչ միայն այստեղ, այլև ողջ հանրապետությունում, քանի որ ավարտական դասարանների դպրոցականները հրաժեշտ են տալիս իրենց կրթօջախներին: Այսօր երախտագիտության խոսքեր պետք է ասենք կրթահամալիրի հրամանատարությանը, ողջ անձնակազմին, քանզի կրթահամալիրը, մյուս ռազմամարզական վարժարանների հետ, մեծ առաքելություն է իրականացնում, ասել է թե` ռազմահայրենասիրական ոգով է դաստիարակում մատաղ սերնդին` այդ գործընթացում արտացոլելով նաև մեր ձեռքբերումները ազգային ազատագրական պայքարում... Շնորհավորական խոսքով շրջանավարտներին ողջունեց նաև կրթահամալիրի խորհրդի նախագահ Ա.Մալխասյանը. - Պարոն նախարար, հարգելի հյուրեր, սպաներ, ուսուցիչներ, սիրելի սաներ, Շնորհավորում եմ ձեզ և միանում պաշտպանության նախարար Ս.Օհանյանի բոլոր մաղթանքներին, մաղթում հաջողություն` ձեր ապագա կյանքում և միանշանակ ասում, որ մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս. մեր կրթօջախի դռները միշտ բաց են ձեր առջև և հիշեք, որ դուք փոքրիկ Մհերներ եք: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին, և բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել կրթահամալիրին և վստահեցնում, որ արդարացնելու ենք ձեր հույսերը` անելու ենք ամեն ինչ, որպեսզի կրթահամալիրից դուրս եկած յուրաքանչյուր ոք դառնա Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի: Նախարարը փաստեց, որ կրթահամալիրը ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ցուցումով շեֆության կարգով անմիջապես կցված է Պաշտպանության նախարարին և հավաստիացրեց, որ պատվով կկատարի բոլոր աշխատանքները. «Նման համալիրներ պետք է ստեղծել հանրապետության մյուս մարզերում ևս` ազգի արժանի զավակներ դաստիարակելու համար»: