ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


q Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կներկայացվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկամյա իրականացման առաջընթացը, կքննարկվի այդ ծրագրի գնահատման զեկույցը: Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակության համանախագահները հանդիպումներ կունենան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: q ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ, Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը: Նիստի սկզբում Ս.Օհանյանը ողջունեց հանձնաժողովի անդամներին` հավաստիացնելով, որ հանձնաժողովը հետայսու ևս կշարունակի արդյունավետ աշխատանքը: Նիստի ընթացքում լսեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի զեկույցը` Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Որոշում կայացվեց, որ հանձնաժողովը այսուհետ նիստ կգումարի յուրաքանչյուր եռամսյակ: Նախարար Ս.Օհանյանը հավելեց, որ առաջիկայում հանդիպելու է անհայտ կորածների հարազատների հետ: Քննարկվեցին նաև Ադրբեջանի համանուն հանձնաժողովի հետ փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստն ավարտեց եզրափակիչ խոսքով` հանձնարարականներ տալով հանձնաժողովի անդամներին: