ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Հասմիկ ՊՈՂՈԱՅԱՆ


Հասմիկ ՊՈՂՈԱՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար Զանգվածային լրատվամիջոցների մերօրյա մրցավազքում քիչ պարբերականներ կարող են պարծենալ իրենց երկարակեցությամբ: Այդ քչերից մեկը «Ավանգարդն» է, որն այս օրերին նշում է իր հիմնադրման 85-րդ տարեդարձը: Թերթ, որն ունի այնքան տարիք, որքան Հայաստանի Երկրորդ և Երրորդ հանրապետությունները միասին: Ստեղծվելով անցյալ դարի 20-ական թվականների սկզբներին, թերթը որդեգրեց հանրապետության կյանքում պատասխանատու առաքելությունների մի ողջ համալիր, որոնց մեջ առանցքային դեր ունեին երիտասարդության խնդիրների լուսաբանումը, նրանց ներգրավումը երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և, իհարկե, գրական-մշակութային կյանքի աշխուժացումը: «Ավանգարդը» լավագույնս կատարեց իր առաքելությունը` տասնամյակներ շարունակ իր էջերում ապահովելով շահագրգիռ քննարկում-բանավեճեր արդիական ու օրախնդիր հարցերի շուրջ: Մեր արվեստի, գիտության ու գրականության բազմաթիվ երախտավորներ իրենց առաջին քայլերը կատարել են «Ավանգարդում» և այսօր իրենց կենսագրությունը ներկայացնելիս երանությամբ են նշում այդ տողը: Այս թերթը ցանկալի հյուր է բոլոր ընտանիքներում, որովհետև չկա մի ոլորտ, որին անդրադարձած չլինի, և չկա մի նախասիրություն, որը բավարարում չստանա «Ավանգարդի» էջերում: Եվ պատահական չէ, որ մեր երկրի ու ժողովրդի վերջին 85 տարիների այս կամ այն ժամանակաշրջանը ուսումնասիրելիս հետազոտողները իրավացիորեն ապավինում են նաև «Ավանգարդին»: Ուրախալի է, որ «Ավանգարդը» այսօր էլ առանձնանում է իր կենսունակությամբ, և բաժանորդների օրեցօր ընդլայնվող շրջանակը վկայում է, որ այն սպասված զրուցակից է բոլոր ընթերցասերների համար: Հայաստանի մշակույթի նախարարության համար հատկապես ողջունելի է, որ «Ավանգարդը», տասնամյակների ավանդույթին հավատարիմ, մշտապես իր էջերը տրամադրում է հանրապետության մշակութային գործընթացների ակտիվ լուսաբանմանը: Հոբելյանի առթիվ սիրով շնորհավորում եմ «Ավանգարդի» աշխատակազմին, մաղթում ամենայն բարիք, նորանոր ձեռքբերումներ: