ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ


Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Վարչապետ «Ավանգարդի» հարգելի խմբագրակազմ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` հիմնադրման 85-րդ տարեդարձի առիթով: Պատահական չէ, որ այսօր մեր լրագրողներից, ստեղծագործողներից ու գրողներից շատ-շատերն «Ավանգարդի» մասին խոսում են առանձնահատուկ ջերմությամբ ու գորովանքով: Նրանց մի ստվար մասը ձեր շնորհիվ է մուտք գործել ժուռնալիստիկայի ու գրականության աշխարհ, բացահայտել ունակություններն ու տաղանդը, «Ավանգարդի» մեջ տեսել մշտապես նոր` երիտասարդական ամբիոն: Տասնամյակներ շարունակ այդպիսին է «Ավանգարդը»: Թերթ, որը ձևավորել է ուրույն ավանդույթներ, կրթել է լրագրողների ու հրապարակախոսների մի քանի սերունդ, ուշադրության կիզակետում պահել մարդուն, երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրության ու մարդասիրության առողջ ծիլերը: Սիրելի° ավանգարդցիներ, Մեր թերթերից շատերը չկարողացան դիմագրավել անկախության առաջին տարիների տնտեսական դժվարությունները, որոշները կորցրին դիմագիծն ու ձեռագիրը, սակայն «Ավանգարդն» անդավաճան մնաց իր դավանած արժեքներին և այսօր էլ, երիտասարդական ավյունով, շնորհակալ ու կարևոր գործ է կատարում, ստեղծագոր ծողների նոր սերնդին տալիս է ինքնադրսևորվելու հնարավորություն: Այս տոնական օրը մաղթում եմ ձեզ ստեղծագործական ու անձնական հաջողություններ, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ և անդավաճան ընթերցողներ: