ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈ՞Ւ Է ԽՈՒՍԱՆԱՎԵԼ


Առայժմ դժվար է խոսել, ՀՅԴ առաջիկա ծրագրերում կուսակցության 30-րդ ընդհանուր ժողովի առաջարկած փոփոխությունների մասին, քանի որ համանման նախորդ հավաքների «հետևանքներն» այս առումով նույնպես անհայտ են: Այստեղ բոլորովին էլ կարևոր չէ, որ ժողովն ավանդարար փակ և բաց հատվածներ ունի… Պարզ է մի բան. Դաշնակցության ղեկավարներին կուսակցության ներկայիս կարգավիճակը լիովին գոհացնում է: Բայց որքան էլ այդ կարգավիճակը նախընտրելի լինի, այդուհանդերձ դրա նպատակահարմարությունը շարունակաբար անորոշ ու անիմաստ է մնում: Քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո արդեն տասը տարի Դաշնակցությունն իշխանությունը երթուղային տաքսու տեսքով է պատկերացնում, ուր ամեն րոպե կարելի է դուռը մեղմորեն շրխկացնելով բարձրանալ կամ իջնել: Համենայն դեպս այս կուսակցության ելումուտը հին ու նոր կոալիացիաներ, ոչ այլ ինչ, քան այսօրինակ քաղաքական կեցվածքն առաջիկայում ևս անփոփոխ պահելու պատրաստակամության մասին է վկայում: «Մենք այլընտրանք ենք թե° ընդդիմությանը, թե° իշխանությանը»,- նշված ընդհանուր ժողովում այսպիսի ընդհանուր եզրահանգում է արել Հրանտ Մարգարյանը: Մի փոքր ուշադիր լինելու դեպքում, սակայն, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վերևում հիշատակված կարգավիճակն ու դիրքային անորոշությունն ուղղակի «գտած բան է», հատկապես եթե հաշվի առնենք ժամանակ առ ժամանակ առաջացող քաղաքական ճկունության կարևորությունը, երբեմն էլ դրա կենսական անհրաժեշ տությունը: Մյուս կողմից էլ` ճկվելու շարունակական փորձերը կանխատեսելի են դարձնում դրանց հավանական ուղղությունները` հընթացս իբրև հետևանք թողնելով շատ ու շատ «հարցականներ»: Իրականում, սակայն, հարցեր թերևս չկան էլ: Հ. Մարգարյանն ինքն է «որոշակիացնելով»` ՀՅԴ-ին բոլոր ուժերի այլընտրանք հռչակում… Եվ այստեղ առաջ եկող միակ «հարցն» այն է, որ Դաշնակցությունը պարզապես չի կարող իրական այլընտրանք կամ այլ կերպ ասած` քաղաքական դաշտում երրորդ ուժի թափուր մնացած տեղն զբաղեցնել: Ո՞ւմ հայտնի չէ, որ ընդդիմության և իշխանության այլընտրանք ինքնահռչակվող ՀՅԴ-ի ընդդիմադիր կամ իշխանամետ կեցվածքը պայմանավորված է տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությամբ և այստեղ գերակա է ու վճռորոշ նշանակություն ունի կուսակցական շահը: Եթե միայն փետրվարի 19-ին նախորդող ու հաջորդող քաղաքական գործընթացները հետադարձ հայացքով դիտարկենք` ասվածը լրացուցիչ փաստարկումների կարիք արդեն չի ունենա: Բացի այդ, մանևրելու վարպետութ յունը, մասնակիորեն հղկելով անցումները, ցնցումներից ևս չի կարողանում զերծ պահել այս քաղաքական ուժին: Ընդ որում, քաղաքական խանդի մշտապես ակտիվ գործոնն էլ իր հերթին է նպաստում նման անհարթ գործընթացներին: Այսպես, տվյալ դեպքում կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների միանման ու իրար կրկնող ելույթները եթե դեռ ինչ-որ տեղ կարողացան թեկուզև կոալիցիոն հուշագրով ամրագրված բարեկամական հարաբերությունների հանգույցը չքանդել, ապա մյուսների դեպքերում ջերմության պակասը քողարկել չհաջողվեց: Այլընտրանք դառնալու հավակնորդները շատ են: Ասենք, «Ժառանգությունն» է վերջին շրջանում նման հակումներ ցուցաբերում` երբեմն-երբեմն ակնարկելով իր և ՀՅԴ քաղաքական պատկերացումների նույնության մասին: Անկեղծությունն, իհարկե, ցանկացած պարագայում գովելի է: Արտաշես Գեղամյանը, օրինակ, Նախագահի ընտրություններից հետո քաղաքական գործընթացներից ինքնակամ դուրս մղվելով, իր հերթին ամենայն հավանականությամբ «Ազգային միաբանության»-ը նույն այդ երրորդ ուժի շրջանակներում է պատկերացնում: Եվ բնավ էլ պատահական չէ, որ չեզոք հրապարակային միջոցառում ների սիրահար Արտաշես Մամիկոնիչն այդպես էլ հարկ չհամարեց ներկա գտնվել ՀՅԴ ընդհանուր ժողովին: Պատճառաբանելով, թե հրավերն ինքը ուշացումով է ստացել, իրականում Գեղամյանն ավելի շատ ապագայի իր ծրագրերն էր ակամայից քողազերծում: Ինչ խոսք, ուշացած հրավիրատոմսից բացի կարելի է «մեղադրել» ու «արդարանալ»` նաև մայիսյան անձրևառատ եղանակների «գործոնն» առաջ քաշելով: Սակայն, միևնույն է, անգամ անձրևը չի կարող մաքրել հրավերն ընդունածների ու մերժածների եղած կամ չեղած հետքերը, քանի որ այսպես թե այնպես հետքերի քանակը չի խանգարելու գարնանային անձրևից հետո սնկի պես աճած հավակնություն ների արտահայտման միտումներին: Ու մինչ սեփական տեղն ու դիրքը հստակեցնելու այլոց ծրագրերը գործնականում կարտահայտվեն, նկատենք, որ Դաշնակցության այս ժողովն առանձնացավ նաև իր պատվիրակների ընդգծված չեզոքությամբ: Այստեղ, իհարկե, շեշտը բոլորովին էլ չպետք է դնել այն իրողության վրա, որ որպես Դաշնակցության ներկայացուցիչ ելույթ ունեցավ միայն Հ. Մարգարյանը: ՀՅԴ ընդհանուր ժողովի արտերկրացի պատվիրակներն ակնհայտորեն խուսափեցին անգամ հավաքի ընդմիջմանն ակնկալվող «անմեղ» հարցազրույցներից: Այս իրողությունը ոչ այլ բանի, քան կուսակցության դիրքորոշումների վերաբերյալ ձևավորված ներքին բազմաշերտ վերաբերմունքի գոյության փաստն է հաստատում: Սակայն, եթե ասվածը ոչ այնքան նոր իրողություն համարենք, ապա առնվազն դրա գործնական արտահայտության փաստը (ինչը լավագույնս դրսևորվեց նշված հավաքի շրջանակներում) անհնար է շրջանցել: Հեռանկարների առումով` որքան էլ ամեն ինչ մշուշոտ լինի, միաժամանակ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն կանգնած է կուսակցական շարքերի աճող դժգոհությունը մեղմելու լրջագույն խնդրի առաջ: Խնդիր, որի լուծման համար պահանջվող ճկունությունն արդեն կտա այն հարցի պատասխանը, թե Դաշնակցությունը միայն միջկուսակցական հարաբերություններո՞ւմ է կարողանում այդքան վարպետորեն ինքնադրսևորվել, թե՞ նման կարողություն նաև ներքին խնդիրները լուծելիս ունի: