Մոսկվա` միայն հատուկ քարտերով


Հունվարի 15-ին լրացավ Ռուսաստանում միգրացիոն նոր օրենսդրության կիրառման (ծանուցողական համակարգ` թույլտվության փոխարեն) մեկ տարին: Եվ արդյունքները, կարծես, գոհացնում են հատկապես մոսկվաբնակներին: ՌԴ մայրաքաղաքում գաղտնակյացների քանակը կրճատվել է կրկնակի չափով: Սակայն անհանգստացնող է, որ ներգաղթողների ավելի քան 14 % տառապում է վտանգավոր հիվանդություններով: 2008-ին միգրացիոն հիմնախնդիրների առնչությամբ Մոսկվայի կառավարության անելիքների մասին խոսելով, քաղաքի միջտարածքային կապերի և ազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Ալեքսանդրովի հավաստմամբ` - Մեր օրենսդրությունն ամենաազատականն է աշխարհում. աշխատանքի թույլտվություն ստացել են բոլորը` օրինախախտներից բացի: Ազատականացման արդյունքում, անցյալ տարի թույլտվություն են ստացել 640 հազար ներգաղթողներ, իսկ աշխատանքի տեղավորման խնդրով դիմել է ընդամենը 207 հազար մարդ: Այսինքն, շուրջ 430 հազար արտասահմանցիներ «տեսադաշտից» դուրս են: - Նրանք կամ աշխատում են մասնավոր հատվածում, խուսափելով հարկերից, կամ համալրել են քրեականների շարքերը,- կարծիք է հայտնել Ա. Ալեքսանդրովը և պարզաբանել. - Կրճատելու համար նման քաոսային մուտքը Մոսկվա, կառավարությունը քվոտային համակարգ է ներդրել. գործատուները պետք է արտասահմանյան քաղաքացի ներին ընդգրկելու հայտ ներկայացնեն և նոր միայն ստանան անհրաժեշտ քանակի աշխատուժ: Բայց համակարգը չի արդարացնում իրեն: Հայտերը ներկայացվում են մինչև մայիսի 1-ը` հաջորդ տարվա համար, մինչդեռ գործատուն միշտ է, որ հստակ կարող է իմանալ, թե մեկ տարի անց քանի ազատ աշխատատեղ կունենա: Ահա թե ինչու, քվոտավորման այդ մեխանիզմը փոխել է պետք: Բացի այդ, Մոսկվայում աշխատանք որոնողներն հիմնականում պրոֆեսորներ չեն, և այդ պատճառով քաղաքի կառավարությունը ծրագրում է չորակավորված մասնագետներ հրավիրող գործատուների համար քվոտաները դարձնել վճարովի. այդ գումարները կուղղվեն այդ կադրերի ուսուցմանը: Միգրացիոն օրենսդրության ամենալուրջ բացը, սակայն, արտերկրացիների մասին տվյալների միասնական բազայի բացակայությունն է. - Ծրագրել ենք ներդնել հյուրերի էլեկտրոնային քարտեր, որոնք կհանձնվեն ՌԴ մուտք գործող բոլոր արտասահմանցիներին,- տեղեկացրել է Ա. Ալեքսանդրովը: Այդ քարտերը նման կլինեն բանկային քարտերին, որոնք հնարավորություն կտան իմանալ` տվյալ անձն ունի՞ աշխատանքի թույլտվություն, գործատուի հետ պայմանագիր և անցե՞լ է բուժհետազոտում: Հատկապես վերջինը շատ հրատապ է, որովհետև միայն 2007-ին ներգաղթողներից 300-ի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել, 600-ը հիվանդ են եղել թոքախտով, իսկ 12 հազարը` հեպատիտով: Ի դեպ, ՁԻԱՀ-ով հիվանդներն, ըստ օրենքի, պետք է վտարվեն Մոսկվայից. սակայն ոչ մեկը դեռ չի վտարվել: Այսպիսով, Մոսկվայում 2007-ին` - միգրացիոն հաշվառման է վերցված 1.712.099 օտարերկրացի, - ձևակերպվել է 648.517 աշխատանքի թույլտվություն, - վտարվել են 7559-ը, - ՌԴ քաղաքացիություն է ստացել 21.006 մարդ, - ձևակերպել է 114.799 հրավերք, - անձնագրային-վիզային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 261.297 մարդ: