«Մեկ միջնորդի առկայության դեպքում երկրորդի ջանքերն ավելորդ են»


- Շատ դժվար է ասել, թե Կոսովոյի անկախության հռչակումից հետո ինչպիսին կլինի դրա ազդեցությունը «սառեցված հակամարտությունների» և մասնավորապես ԼՂ խնդրի վրա,- «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դևիսը, հավելելով որ այս պահին իրեն անհանգստացնում է ԵԽ վերաբերմունքը Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումից հետո: Նրա խոսքով, քանի որ քիչ հավանական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կոսովոյի խնդրի վերաբերյալ որոշում կկայացնի, ուստի ԵԽ անդամ 47 երկրների կառավարություններն իրենք են որոշելու, թե ինչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը նրա անկախության հռչակումից հետո: - Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, վստահ եմ, որ թե° իմ, թե° Եվրոպայի Խորհրդի ցանկությունն է` նպաստել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում մարդու իրավունքների չափանիշների կատարելագործմանը,- ասել է Դևիսը: - ԼՂ խնդրի լուծումը կախված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից: Դա նրանց գործն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, սակայն իրագործումը կախված է երկու երկրների կառավարություններից ու ժողովուրդներից: Այսպիսով, իմ խորհուրդն ու առաջարկն է` թե° Հայաստանին, թե° Ադրբեջանին, շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Այնուհետև անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման գործում ԵԽ դերակատարությանը, նա նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի տարբեր միջազգային կառույցների ջանքերը չկրկնվեն: - Այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԽ կողմից սխալ կլիներ զբաղվել նրա գործով: Մեկ միջնորդի առկայության դեպքում երկրորդի ջանքերն ավելորդ են: Panorama.am