Կախարդական փայտիկի մասին երազը


Քարոզարշավի` թափ հավաքող ընթացքը ժամ առ ժամ ավելի է ոգևորում Նախագահի թեկնածուներին` ընտրողներին շատ հաճախ ստիպելով ենթադրել, թե մրցապայքարը վաղուց էր, որպեսզի երկրային դրախտն այսչափ «տեսանելի» դառնար: Իրար հաջորդող հանդիպումներից մեկի ընթացքում հետաքրքիր զուգադիպությամբ Վահան Հովհաննիսյանին սատարող հայտնի մի մտավորական հենց այդպես` դրախտավայր անվանեց Նախագահի այս թեկնածուի հետ տվյալ օրվա հանդիպավայրը: Իհարկե, վատ չէր լինի, որ մեր ժողովրդի կենսապայմաններն արդեն այնքան բարելավված լինեին, որ դրախտի իրական տեղը մարդիկ իսկապես շփոթեին… Սակայն տվյալ դեպքում տպավորությունն այնպիսին է, թե° խոստումնահեղեղի նշաձողը որքան բարձր է, այնքան փոքր է թե° տվյալ թեկնածուի հաջողության և թե° առավել ևս նրա խոստումներն իրականացնելու հավանականությունը: Այս առումով Նախագահի թեկնածու Վ. Հովհաննիսյանը բավական շռայլ է: Արդեն մոտ տասն օր նա մեզ շարունակ փորձում է հավատացնել, թե իր ընտրվելուց հետո ուղիղ մեկ տարվա ընթացքում ամեն ինչ անճանաչելիորեն փոխվելու է: Կախարդական փայտիկ, ինչպես գիտենք, ՀՅԴ թեկնածուն նույնպես չունի: Այլապես նշված 365 օրն էլ կարելի էր զուր չվատնել և ընտվելու (՞) հաջորդ օրն իսկ գործի դնել ամենազոր փայտիկը (ՕԵԿ նախագահի խոստման հանգույն): Որքան էլ դժվար լինի նման համարձակ քաղաքական ուղեգծերին հավատալը, այնուամենայնիվ, Հանրապետությունը հեղեղված է Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերով: Ուստիև, դրանք գոնե ընթերցել ու քննարկել արժե, քանի որ, ինչպես իրենք` թեկնածուներն են խոստովանում, նման քարոզչական նյութերը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք են: Այս իմաստով Վ. Հովհաննիսյանի ծրագիրը բացառություն չէ, և երկրային դրախտի նկարագրություններն այստեղ նույնպես քիչ չեն: Ահավասիկ, հենց սկզբում դիմելով «ՀՀ հարգելի քաղաքացիներին», թեկնածուն հայտարարում է. «Մեր երկիրն ուղղակի պարտավոր է թևակոխել զարգացման որակապես նոր փուլ», քանի որ կյանքի տարբեր ոլորտներում առկա իրողություններն այլևս անհրաժեշտ առաջընթաց չեն ապահովում: Ընդ որում, Վ. Հովհաննիսյանի նախանշած փոփոխությունները պետք է լինեն «ծանրակշիռ և լայնամասշտաբ»: Հետաքրքիր «օրինաչափությամբ» Նախագահի բոլոր թեկնածուներն են ռեֆորմիստներ: Սակայն այս դեպքում, եթե ՀՅԴ-ն զարգացման այսպիսի հեռանկարներով տասը տարի առաջ ներկայանար, ասվածը լիովին և անվերապահորեն կարող էր ընդունելի լինել: Հիմա արդեն իշխանության կազմում իր տասնամյա գործունեությունը փաստորեն հենց ինքը` Դաշնակցությունն է անընդունելի համարում: Կուսակցության ղեկավարներն այն տարօրինակ համոզմանն են, թե իշխանությունն ամբողջությամբ իրենց պատկանելու դեպքում ՀՅԴ-ն գործի կդնի երազային կախարդական փայտիկը, և իրականություն կդառնա ծրագրում նախանշված «Նոր Հայաստանը»: Նման մոտեցումն, իհարկե, նոր չէ, բայց դժվար չէ նկատել, որ քարոզարշավի շրջանում Դաշնակցության գնահատականները նկատելիորեն սրվել են: Մարզային հանդիպումներում այս քաղաքական ուժի թեկնածուն հետևողականորեն դժգոհում է մարզպետներից, քաղաքապետերից, գյուղապետերից: Նա գտնում է, որ այսօր կառավարման նման գործառույթներ են ստանձնել այնպիսի մարդիկ, ովքեր շատ շուտով ստիպել են ընտրողներին մտածել արդեն իրենցից ազատվելու մասին: Որքան էլ դժվար լինի տեղական իշխանությունների գործունեությունն այսչափ միարժեքորեն գնահատելը, այդուհանդերձ, նկատենք, որ դրա զգալի հատվածը ՀՅԴ ներկայացու ցիչներին է պատկանում: Ավելին, ընդգծված կերպով առանցնացող քաղաք կամ գյուղ հանրապետությունում չկա, և փաստորեն Հովհաննիսյանի կուսակիցները գոնե մինչև այսօր չեն կարողացել օրինակելի դառնալ` դրանով իսկ իրենց հետևից տանելով նաև մյուս քաղաքական ուժերին հարող գործընկերներին: Տեղում դոփելու արդյունքում Նախագահի այս թեկնածուի մատնանշած` վտանգավոր չափերի հասնող սոցիալական բևեռացումը չեն շրջանցել նաև դաշնակցական ղեկավարներ ունեցող համայնքները: Իսկ բեկումը, թեկուզ հենց սոցիալական ոլորտում, կարելի էր ավանդական կուսակցության ներկայացուցիչների կողմից ղեկավարվող համայնքներից սկսել: Մինչդեռ իրեն կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ հռչակած Դաշնակցությունը դեռ նոր է պատրաստվում լծվել այդ գործին: Նոր է պատրաստվում աղքատության դեմ պաքարել, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների շեշտակի բարձրացում և ավելի մեծ տնտեսական աճ ապահովել ու այսպես շարունակ: Առաջին հայացքից չափազանց օրախնդիր պարտավորություններ է պատրաստվում ընկեր Հովհաննիսյանը ստանձնել: Բայց նշված ոլորտներում պաշտոնավարման երկարամյա փորձ ունեցող բարձրաստիճան դաշնակցականների կողմից իրենց առաջնորդի երազներն իրականացնելուն միտված գործնական դրսևորումները, համենայն դեպս, անցնող տարիներին չեն նկատվել: Իսկ շահագրգռվածությունը, որ դրսևորվում է քարոզարշավի շրջանում, ընդհանուր առմամբ արդեն քվեարկության օրը սպառված է լինում: Եվ այստեղ խոսքը միայն Նախագահի այս թեկնածուի մասին չէ: Որքան էլ Վ. Հովհաննիսյանը ընդգծի, թե ավելի փայլուն թիմ որևէ այլ թեկնածու չունի և կամ օլիգարխներից ինքը կախում չունի, միևնույն է, ընտրողը պատրաստվում է ոչ թե հավատընծա խոստումներով, այլ գերազանցապես տեսանելի ձեռքբերումները հաշվի առնելով քվեարկության գնալ: Իսկ ընտրողին հրապուրելու խնդիր ՀՅԴ-ն իսկապես ունի: Դեռ տարեվերջին մեկնարկած հուշագրեր ստորագրելու գործընթացը հավանաբար հենց այդ նպատակին է միտված: Վերջին տվյալներով ընտրական այս նորարարությանը, ըստ ՀՅԴ բարձրաձայնումների, հավանություն է տվել շուրջ 150 հազար քաղաքացի: Որքան էլ ներկայացվող թիվը պատկառելի լինի, այդուհանդերձ խոստովանենք, որ քվեների նման քանակի չարժանանալու դեպքում ՀՅԴ Նախագահի թեկնածուն անհասկանալի իրավիճակում է հայտնվելու: Ներկայացվող թիվը փոքր չէ, և ավելի հավանական է, որ Դաշնակցության թեկնածուին այդպես էլ չհաջողվի հասնել դրան: Հաշվարկը հավանաբար արվել է այնպես, որ ընտրություններից հետո արդեն անկարևոր կդառնա, թե ով ինչ է խոստացել ու ծրագրել… Մանավանդ որ, տվյալ թեկնածուն հաջողության դափնիներն ակնհայտորեն չի կրելու, ոչ էլ` գոնե երկրորդ փուլում հայտնվելու շանս ունի: Իսկ անհաջողության համար մեր իրականության մեջ արդեն որևէ մեկը որևէ մեկին չին մեղադում: