ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆ


Քարոզարշավի համար մռայլ ընթացք նախանշող կանխատեսումները գոնե մինչև հիմա չեն իրականացել: Ինչ խոսք, կարելի է պնդել, թե Նախագահի թեկնածուների մրցարշավի պաշտոնական մասը դեռ նոր է թափ հավաքում, և նոր զարգացումները դեռ առջևում են: Մյուս կողմից` հանդարտ մեկնարկը առավելապես նույնանման ընթացք է ենթադրում: Անկասկած, ասվածը լիարժեքորեն չի բացառում անակնկալների հավանականությունը: Մանավանդ, որ քարոզչությունը, հատկապես հայկական կատարմամբ անհնար է պատկերացնել առանց սև PR-ի: Դրա կիրառման հարուստ փորձ ունեցող հայրենի քաղգործիչների պարագայում նույնիսկ հոգեբանորեն է դժվար պատկերացնել որևէ ընտրական մրցարշավ` առանց ակտիվ հակաքարոզչության: Պարզապես, նախկինում սև PR-ի չափաբաժինն է պատկերացնելիից բարձր եղել, և ներկայիս պասիվությունը զինադադարի թվացյալ տպավորություն է թողնում: Իրականում քարոզարշավը սկսվել է կոմպրոմատների հրապարակմամբ… Դժվար չէ վերհիշել, որ դեռ մինչև մրցարշավի մեկնարկը, ամիսներ շարունակ լրատվամիջոցները հեղեղված էին ապագա թեկնածուներին մերկացնող հրապարակումներով: Բնականաբար, դրանք հենց այնպես չէին երևան գալիս… Իսկ ներկայում ոչ թե հակաքարոզ չության զինանոցն է սպառվել, այլ ավելի շատ ժամանակի սղությունն է թեկնածուներին խանգարում: Գովելիորեն նրանք մրցարշավի պաշտոնական մասը դիմավորեցին ծավալուն, բովանդակալից և, ինչպես դժվար չէ ենթադրել, աշխատատար նախընտրական ծրագրերի հրապարակմամբ: Անցնող օրերն էլ Նախագահի թեկնածուներն առավելապես նվիրել են Հանրապետության տարբեր բնակավայրերում կայացող հանդիպումներում իրենց ծրագրերի ներկայացմանը: Անկախ եղանակային անբարենպաստ պայմաններից` հանդիպումներն ակնհայտորեն մարդաշատ են լինում: Ավելին, նույնիսկ իրենք` Նախագահի թեկնածուներն են անթաքույց ուրախությամբ փաստում, որ գրքույկների մեկ ամսվա համար նախատեսված տպաքանակը ընդամենը մի քանի օրվա ընթացքում սպառվել է: Սա էլ իր հերթին է վկայում, որ ընտրազանգվածը վերջնականապես ձանձրացել է քաղաքական հայհոյաբանությունից` եզրակացնելով, որ այդ կերպ այսպես թե այնպես երկիրը չի շենանալու: Չնայած ուշացումով, այդուհանդերձ, Նախագահի հին ու նոր թեկնածուները եզրակացրել են, որ ընտրողների համակրանքը շահելու ամենադյուրին ու պատվաբեր ճանապարհը առավելապես ծրագրային գաղափարական պայքարի շրջանակներում քարոզչություն ծավալելն է նպատակահարմար: Բացի այդ, հակաքարոզչությունը ընտրությունից ընտրություն կորցնում է արդիականությունը` աստիճանաբար ավելի ու ավելի փոքրացնելով օգտակար գործողության գործակիցը: Ի վերջո, անցնող տարիները հանրությանը շատ առիթներ են տվել «բազմակողմանիորեն» ճանաչելու ոչ միայն հայրենի քաղգործիչներին, այլ նաև նրանց շրջապատներին, մերձավորներին: Հետևաբար, կոմպրոմատներն իրենց ազդեցիկությունը կորցրել են նաև այն պատճառով, որ… ավելացնելու քիչ բան է մնացել: Ավելին, այսօր արդեն ամեն մի լավ, թե վատ գործ հանրության աչքի առաջ է կատարվում` բնականաբար հեշտացնելով հետևություններ անելու «գործը»: Իսկ կարծիքը, թե քարոզարշավի թեժանալուն զուգընթաց հակաքարոզչությունն էլ է թափ հավաքելու, բոլոր դեպքերում չարժե բացառել: Ինչպես նշեցինք, արդեն ասվածին ավելացնելու ինչ-որ բան դեռ կա: Եվ այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն հնչեցված լինի, գուցեև ամբողջանան նաև բոլոր-բոլորի քաղաքական դիմապատկերները: Սա, անշուշտ, ձերռքբերում կարելի է համարել, քանի որ ընտրություններն իսկասպես շա¯տ ջրեր են զուլալում: