ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻՑ ԱՆԴԻՆ


Որքան էլ կասկածները անհիմն, պնդումներն էլ անհավանական համարվեին, անգամ որոշ թերթերում տպագրված ծանուցումներից հետո էլ, անհնարին էր թվում Ապրիլի 24-ը սեփական քաղաքական շահին ծառայեցնելու` հայրենի քաղաքական դաշտի հայտնի հատվածի մտայնությունը: Հիմա այլևս կարևոր չէ, որ արմատականների նախաձեռնությունը կանխատեսվածի համաձայն բոլորովին էլ նպատակին չծառայեց, և երբեմնի 350 հազարանոց ընտրազանգվածի ողջախոհության աստիճանը գոնե նման կարևոր հարցում գովելիորեն առանձնացավ: Սակայն մարդկանց քաղաքացիական սթափությունն էլ այս պարագայում ամենակարևորը չէ… Փաստը մնում է փաստ. հայտնի թիմը կրկին գործի դրեց. «Նպատակն արդարացնում է…» չարաբաստիկ կարգախոսը` իր ավելի քան մշուշոտ նպատակները դարձյալ անորոշ թողնելով: Անկախ ամեն ինչից` Ապրիլի 24-ի 93-րդ տարելիցը նշվեց` այս անգամ, ցավոք, իր վրա կրելով ընդդիմության եսակենտրոն պահվածքի բիծը: Նորից ընդգծենք, որ Լ. Տեր-Պետրոսյանի թիմը, ինչպես իրենք են ասում, ինքնաբուխ, բայց վաղուց արդեն անհեթեթ դարձած քաղաքական այդ պահվածքից ոչինչ չշահեց: Արդյունքում` իշխանափոխությանն ուղղված հաջորդաբար տանուլ տրվող տարաբնույթ «ակցիաները» ընդդիմությանն աստիճանաբար դուրս են մղում երկրի հասարակական-քաղաքական կյանքից: Ինչ խոսք, Ապրիլի 24-ին առաջին Նախագահի թիմը ժողովրդի հետ էր, սակայն այս դեպքում դարձյալ հոսանքին հակառակ էր գնում: Այսօր արդեն անհանդուրժողականության, երկխոսությունից խուսափելու հայտնի դարձվածքները երկրորդական են. ընդդիմության շարժիչ ուժը այսպես կոչված «կացնային մտածելակերպն» է: Այսօր և միշտ նրանք «սպառնում» են պայքարել մինչև վերջ, սակայն ընտրական մրցապայքարը փետրվարի 19-ի քվեարկությամբ եզրափակվել է, հասել վերջնագծին, որն, ընտրությունների առումով` նաև արմատականների ակնարկած վերջն է: Հետևաբար, հաղթել-չհաղթելու հարցը, սկսած այդ ամսաթվից, այլևս ժամկետանց է: Նոր ձևավորված իշխանությունը վաղուց արդեն իր գործն է անում, հասարակությունն էլ բոլորովին չի ցանկանում հին ու նոր ընտրությունների թեման քննարկել: Ասել է թե` կյանքը Հայոց աշխարհում վերջապես իր խաղաղ հունն է վերագտնում: Սրանով հանդերձ` կարելի է կարծել, թե ընդդիմության համար ամեն ինչ վերջացած է, և Նախագահի ընտրությունների արդյունքների հետ իսկապես դժվար կամ միգուցե անհնարին է հաշտվել: Բնավ: Իսկ եթե ավելի իրատես լինենք, ամեն ինչ դեռ առջևում է, և արմատականները, ոգևորության չմարող պաթոսը պահպանելով, կարող են կրկին փորձել: Եվ իրոք, բառացիորեն մի քանի շաբաթ հետո Հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրութ յուններ են կայանալու: Փաստորեն «ճակատագիրն» արմատականների համար կարծեք թե անփոխարինելի առիթ է ստեղծել` իշխանությունը ներքևից վերև տարբերակով և մաս առ մաս վերցնելու հարցում: Բայց, որքան էլ զարմանալի լինի, առաջին Նախագահին սատարող այն երկու տասնյակ կուսակցություններից և ոչ մեկը թաղապետի թեկնածու չի առաջադրել և մայիսի 18-ին փորձ անգամ չի անելու իշխանության գեթ մի փոքր հատվածին տեր դառնալ: Ավելին, քանի որ միակ բացառությամբ այդ ընտրություններում ամենուր մեկական թեկնածուներ են առաջադրվել, նույն այդ երկու տասնյակ սատարողները հիմա էլ դժգոհելու են իշխանությունից` այս անգամ երևի «չընտրություններ» կազմակերպած լինելու համար: Ասվածն իհարկե ավելին է, քան կանխատեսումը: Երևի ավելի իրատես են այս դեպքում, և գիտեն` իրենց շարքերում չկա այն անհատը, ով կարողանա որևէ համայնքում առաջադրված թեկնածուների իրական մրցակից դառնալ: Բացի այդ` մի՞թե կարող է ինչ-որ տեղական ընտրություններ հետաքրքրել Լ. Տեր-Պետրոսյանի թիմին, երբ վերջիններս ընդգծված անտարբերությամբ են շրջանցում անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ակնհայտորեն Նախագահի աթոռից բացի նրանց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, և հանուն դրա նրանք նույնիսկ իրենց թույլ տվեցին Ապրիլի 24-ը քաղաքական շոուի վերածել: