ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Արաբական հեղափոխությունների կրկնության հավանականությունից աստիճանաբար աճում է Ադրբեջանի իշխանությունների սարսափը: Երկրի Նախագահի աշխատակազմում իրենց համար խիստ անցանկալի իրադարձությունները բացառելուն միտված տարբեր ծրագրեր են այս օրերին մշակվում: Դրանցից մեկն էլ այն կառույցներում աշխատանքներ կազմակերպելն է, որոնց վրա համեմատաբար մեծ է իշխանության ազդեցությունը: Մասնավորապես Բաքվի լրատվամիջոցները նշում են, որ Հեյդարօղլու քարոզչամեքենայի` բացատրական աշխատանքներ կազմակերպող օղակում երկրի պետական ու կրթական հաստատություններն են հայտնվել: Այս կառույցներին հատուկ ցուցումներ են տրվել, որպեսզի արաբական հեղափոխությունների դեմ հավաքներ անցկացվեն: Դրանց` այսպես կոչված «բացասական արդյունքները» ներկայացնելու նպատակով դասերի հաշվին միջոցառումներ են անցկացվել: Վերջին հեղափոխությունների բոցը, իրոք կայծկլտալու վտանգ ունի ողջ մուսուլմանական աշխարհում: Այդ վտանգը գիտակցելով կամ ինքնաբերաբար` է´լ ավելի է ակտիվացել տեղի ընդդիմությունը` առավել սպառնալի դարձնելով հակաիշխանական ըկդվզումները: Ալիևյան վարչակարգն իսկապես շատ է վախենում երկրում մշտառկա հեղափոխական իրավիճակի պայթյունից, սակայն, ինչպես միշտ, իրականության և հեքիաթի սահմանագծերը այստեղ նորից են հատվում: Կրթական կյանքն Ադրբեջանի հանրապետությունում փաստորեն կաթվածահար է արվել, որպեսզի աճող սերնդին բացատրվի, թե արաբական հեղափոխությունների կնքահայրը Միացյալ Նահանգներն են: Մանրամասնվում է, թե նպատակը մահմեդական երկրներում խռովություններ ստեղծելու միջոցով նրանց զարգացումը կասեցնելն է: Ի դեպ, հրահանգված է, որ բոլոր անհնազանդները, ովքեր չեն ենթարկվի հեղափոխությունների ալիևյան տեսությանը, կհեռացվեն բուհերից: